Հայաստանը և Ադրբեջանը փոխանակվեցին լրագրողական այցերով, հայկական պատվիրակության կազմում կար նաև լրագրող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Երկու երկրների լրագրողների այցն անցավ գաղտնիության և անվտանգության բարձր միջոցառումների պայմաներում: Նոյեմբերյան փոխադարձ այցը առաջինն էր 2001թ-ից հետո: Դա հազվադեպ նախաձեռնություն է երկու երկրների քաղաքացիների մակարդակով, և ոչ թե պաշտոնատար անձանց, և կազմակերպվել էր Բաքվից ու Երևանից՝ առանց միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցության, ասվում է BBC-ի կայքում հրապարակված հոդվածում:
Դիվանագետները գործակցել են և վիճել
Լրագրողների փոխադարձ այցի մասին պայմանավորվել էին արտգործնախարարները, իսկ որպես միջնորդ հանդես է եկել ԵԱՀԿ-ն: Ադրբեջանցի լրագրողներն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց ընդունելության համար պատասխանատու էր այդ երկրի ԱԳՆ-ն, ընդգծում է BBC-ն:
Երկու երկրների միջև ուղղակի հաղորդակցություն չկա, ուստի տարանցիկ կետը Թբիլիսին էր: Այնտեղից երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին, երեք հայ լրագրողներ մեկնեցին Բաքու, նույն օրը երեք ադրբեջանցիներ գնացին Հայաստան և ԼՂՀ: Երկու կողմերում էլ պատվիրակության անդամները տղամարդիկ էին:
Կարդացեք նաև
Տուն վերադառնալիս լրագրողները նոյեմբերի 21-ին հանդիպել են Թբիլիսիում, որտեղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը լրագրողների համար կարդացել է այցն ամփոփող հայտարարություն: Սակայն այն չի հրապարակվել:
BBC-ի՝ դիվանագիտական բանակցություններին ծանոթ աղբյուրները հաստատել են, որ այն արգելափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նրանք դա հայտնել են անանուն մնալու պայմանով, քանի որ գործընթացը մեկնաբանելու իրավասություն չունեն:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը փաստաթղթի ճակատագրի վերաբերյալ հարց է ստացել BBC-ից, բայց չի պատասխանել դրան: Նյութը հրապարակվելու պահին դրան չէր պատասխանել նաև ԵԱՀԿ-ն:
Հիանալի երկիր և խնամված քաղաք
Ղարաբաղյան հակամարտության բնորոշ գծերից մեկը տեղեկատվական պատերազմն է և տրոլլինգը, իսկ երկու կողմերում ազգայնականները մշտապես բարձրացնում են հարևան երկրի նկատմամբ քաղաքակրթական գերակայության հարցը:
Այս ֆոնին լրագրողների տեքստը և հայտարարությունները թվում են ընդգծված զուսպ:
«Հիանալի երկիր է: Մենք զբոսնել ենք Երևանի հենց սրտում, և դա նորմալ, խնամված քաղաք է»,- BBC-ին ասել է Trend գործակալության գլխավոր խմբագիր Էլչին Վալիևը:
«Շանթ» հեռուստաալիքի վերլուծաբան Արտյոմ Երկանյանի խոսքով՝ Բաքուն վերջին երկու տասնամյակում շատ ավելի գեղեցիկ և հարուստ է դարձել:
Երկու խմբերն էլ զբոսնել են անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Երեք հայ լրագրողներին տարբեր օրերի ուղեկցել են 12-40 անվտանգության աշխատակից, պատմել է Երկանյանը:
Ադրբեջանցի լրագրողների համար Հայաստանում անվտանգության աշխատակիցների անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ «ապրիլյան մարտերի ժամանակ զոհվածների թվում եղել են բազմաթիվ երևանցիներ»:
Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանը BBC-ին պատմել է, որ իր համար այցի նպատակն էր փորձել հասկանալ՝ «որքանով են հակահայկական և ռազմական թեզերն ու քննարկումները, որոնք մենք կարդում ենք ադրբեջանական լրատվամիջոցներում, արդյունավետ և կենսունակ»:
Լեգենդներ և միֆեր ընդդեմ կարծրատիպերի
Երբ խոսք է գնում հակամարտության էության՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, փոխզիջման համար հիմքերի բացակայությունն ակնհայտ է դառնում:
«Բաքվում առաջնորդվում են տարօրինակ միֆերով ու լեգենդներով» Ղարաբաղի կյանքի մասին, կարծում է հայկական լրագրողական պատվիրակության անդամներից «Մեդիամաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:
Իր ռեպորտաժի վերջում հայ լրագրողը հավաստիացրել է, որ այցն ամրապնդել է իր համոզմունքն առ այն, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Հայերի մոտ շատ ուժեղ են կարծրատիպերն ադրբեջանցիների նկատմամբ»,- ասել է 1new.az կայքի լրագրող Էլշան Ռուստամովը՝ հավելելով, որ Հայաստանում «աղավաղված տեղեկատվություն են ստանում Ադրբեջանի մասին»:
Ռուստամովը նաև իր ընթերցողին խոստացել է, որ ոչ մի ադրբեջանցի «երբեք չի համաձայնի հայկական երկրորդ պետության ստեղծմանն ադրբեջանական հողերում»:
Սակայն «Շանթից» Երկանյանն այդ քննարկումները երկրորդական է համարում:
«Մենք նոր հարցեր չենք տվել և նոր պատասխաններ չենք ստացել,- ասել է Երկանյանը:- Այցի փաստն ինքնին և այն, թե ինչպես են այն ընկալում հասարակության մեջ, շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան զրույցի առարկան»,- ասել է նա:
Չնայած տարաձայնություններին՝ այցի արդյունքում լրագրողները համաձայնել են, որ «երկու կողմերն էլ խաղաղության կողմնակից են», ասել է Trend-ի գլխավոր խմբագիր Վալիևը:
Արցախի Հանրային հեռուստաընկերությունից Էլբակյանն ավելացրել է, որ սոցցանցերում քննադատել են նախաձեռնությունը:
Պատասխանելով քննադատությանը՝ լրագրողը հավելել է, որ Հայաստանի ազգային շահերի համար անհրաժեշտ է ուսումնասիրել Ադրբեջանը: Իսկ մարդկային մակարդակով նա կարևոր է համարում «մարդասիրական կապերի հաստատումը՝ ծանոթություններ, կապերի փոխանակում, նամակագրություն Ֆեյսբուքում»:
«Հակամարտությունը մի օր կլուծվի, հավերժ հակամարտություններ չկան,- ասել է Էլբակյանը:- Անկախ այն բանից՝ ինչպես և երբ այլ կլուծվի, մենք պետք է ապրենք հարևանությամբ»:
Լիցքաթափում, այցեր և կապի խողովակներ
BBC-ն նկատում է, որ Բաքվի և Երևանի միջև բանակցություններն ակտիվացել են Հայաստանում 2018թ. մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանգեցրել է հակամարտության գոտում լարվածության թուլացման:
Երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև հաստատվել է կապի խողովակ, և սահմանին բախումների թիվը նվազել է, ասվում է հոդվածում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարում՝ ադրբեջանցի լրագրողները Երեւանում