Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ իրավական պետությունում իշխանության ցանկացած փոփոխության դեպքում կարող է փոփոխվել քրեական քաղաքականության բովանդակությունը. Էլինար Վարդանյան

Նոյեմբեր 27,2019 12:24

Մարտի 1-ի գործով երեկվա դատական նիստով կարելի էր այդ դատավարությունը ավարտված համարել։ Երկու-երեք  իրադարձությունը բավարար է խոսելու վստահության տոտալ բացակայության, օրենքի պարտության և ողջ գործընթացի անթաքույց քաղաքականացվածության մասին։ Դրանք այնքան նշանակալից փաստեր են, որ դրանց պետք է անդրադառնալ առանձին-առանձին։

1.Որպես մեղադրող դատախազ ներգրավվեց դատախազ Կարեն Բիշարյանը: Մարտի 1-ի գործի նախաքննության ժամանակ Բիշարյանն այս գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն էր։ Եվ նա այն Կ. Բիշարյանն է, որը դեռևս 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ՀՀ Ազգային ժողովում հրավիրված «Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ» լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ որպես վկա հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն չկա։

Հետագայում՝ ապրիլ-մայիս ամիսներին՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, գործի ընթացքն ամբողջությամբ փոխվեց, և փոխվեց նույն դատախազի հսկողության ժամանակ, մինչդեռ գործի փաստական հանգամանքները որևէ կերպ չփոխվեցին, չավելացան։Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է որակել դատախազի գործողությունները, եթե ոչ՝ քաղաքական պատվերի կատարում։ Նույն դատախազը ամիսների ընթացքում 180 աստիճանով փոխում է իր տեսակետը։ Ի դեպ, վաղը լինելու է նույնը, երբ իրադրությունը փոխվի։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դատավոր Դանիբեկյանը այս հիմքերը դատախազին ներկայացված բացարկի համար բավարար չհամարեց. Դանիբեկյանի որոշումները՝ ՍԴ որոշումն անտեսելուց հետո, այլևս անքննելի են և «տրամաբանական», այսօր շատ ավելի կարևոր է քննարկել դատարանում հնչած «քաղաքական պատվեր» և «պետության քաղաքականության վերանայում» ձևակերպումների նույնացումը։

2.Դատական նիստի ընթացքում տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ «Ցանկացած պետությունում քաղաքական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձինք, որոնք ունեն նաև պետության քրեական քաղաքականության շրջանակներում համապատասխան առաջնահերթություն, քաղաքական իշխանության փոփոխության հետևանքով այդ առաջնահերթությունները կամ համապատասխան հարցերի վերաբերյալ հանձնարարականները, քաղաքականության բովանդակությունը կարող են փոփոխության ենթարկել, և դա կոչվում է ոչ թե քաղաքական պատվեր կատարել, այլ՝ պետության քրեական քաղաքականության վերանայում»։ Լավ է, որ վերջում նա հիշեց, որ այդ փոփոխությունների իրագործումն իրականացվում է օրենքի հիման վրա։ Այս խոհափիլիսոփայական ձևակերպմամբ, իրականում, բացեիբաց խոսվում է քաղաքական պատվերի մասին։ Արդեն թաքցնելու փորձ չի կատարվում։

3.Տուժողի ներկայացուցիչը իր իսկ ասածների տեմպի տակ հնչեցրեց ևս մեկ ձևակերպում, որը դուրս է իրավական նորմերից. «Դատախազությունը կառավարության բաղադրիչն է»։ Ի ղեպ, այդ ընթացքում դատախազները համեստորեն լռում էին։

Ստացվում է, որ իրավական պետությունում իշխանության ցանկացած փոփոխության դեպքում կարող է փոփոխվել քրեական քաղաքականության բովանդակությունը։ Այն նույն դատախազությունը, որ մեկ տարի առաջ Ն. Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացնում ԱԺ, քանի որ դա նախկին քաղաքական իշխանության քաղաքականության բովանդակությունն էր, քաղաքական իշխանության փոփոխությունից հետո փոխեց «առաջնահերթությունը» և հնարավոր նոր քաղաքական իշխանության դեպքում էլի՛ կփոխի քրեական քաղաքականության առաջնահերթությունը, բովանդակությունը։ Այս տեմպերով ամեն ինչ գնում է դրան։ Սա հենց այն է, ինչը կոչվում է քաղաքական պատվեր։

 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930