Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ հայցի քննությունը, քանի որ դատարանի որոշմամբ՝ դատական վեճի լուծումը նշանակվել է հաշտարարի կատարմանը:
Թեեւ Խոսրով Հարությունյանի եւ Արման Բաբաջանյանի շահերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դատական վեճի հաշտության եզրեր չեն տեսնում, եւ այն պետք է լուծվի դատական ակտի միջոցով, դատարանը գտել էր, որ վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը մեծ է:
Հիշեցնենք, որ այս հայցով Խոսրով Հարությունյանը խնդրում է դատարանին՝ Արման Բաբաջանյանին պարտավորեցնել իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել եւ վճարել 2 միլիոն դրամ՝ որպես պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:
Հարությունյանի հայցի հիմքում Արման Բաբաջանյանի՝ ԱԺ ամբիոնից այս տարվա ապրիլին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին ուղղված խոսքն է. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար: Ակնհայտ է, որ այդ ոլորտներում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր կառուցելու, շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ»:
Կարդացեք նաև
Պատասխանող Արման Բաբաջանյանը հայցի քննությանը ներկա չէր: «Պատրաստ չէինք գործի այս ընթացքին: Որոշումն անակնկալ էր, որովհետեւ մենք՝ երկու կողմերս, հայտարարել էինք, որ վեճը հաշտությամբ լուծելու հնարավոր տարբերակներ ուղղակի առկա չեն: Գուցե դատարանի վարքագիծը ողջունելի կլիներ այն դեպքում, երբ մեզանից որեւէ մեկը նման նախաձեռնություն կցուցաբերեր: Գուցե դատարանն իրոք փորձում է այս կերպ կողմերին հաշտության տանել»,- լրագրողներին ասաց Խոսրով Հարությունյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարինե Բաղդասարյանը:
Նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւս գտնում է, որ հաշտարարի միջոցով դատական վեճը լուծելու հնարավորություն չկա: Նա էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումն իր համար անակնկալ էր:
Հարությունյանի խոսքով՝ եթե կողմերը ցանկություն ունենային հաշտության եզր փնտրելու, այս ժամանակահատվածը կօգտագործեին դրա համար. «Փաստեմ, որ իմ հայցի հիմքում պատգամավոր Բաբաջանյանի հայտարարությունն է: Մարդն ակնհայտ զրպարտել է: Ես հաշտության եզրեր չեմ տեսնում: Այդ հայտարարությունն ուներ ընդգծված քաղաքական նպատակ: Լուրջ քաղաքական գործիչը պետք է իր հայտարարությունների պատասխանատվությունը ստանձնի»:
Խոսրով Հարությունյանի շահերի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ եթե դատական վեճը հաշտարարի միջոցով լուծելու հնարավորություն լինի, այն կներկայացվի դատարանին առաջիկա նիստում, այդ պատճառով հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ:
Ինչ վերաբերում է պատգամավոր Արման Բաբաջանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանի պնդմանը, թե Բաբաջանյանը տվել է Խոսրով Հարությունյանի անունը, սակայն նրան զրպարտելու միտում չի ունեցել, Կարինե Բաղդասարյանը նկատեց. «Ողջունում եմ հանգամանքը, որ պատասխանող կողմն ընդունում է՝ առկա են զրպարտության հատկանիշներ, եւ ինքը դա նկատի չի ունեցել: Մենք այդպես ենք գնահատում պատասխանողի այդ հայտարարությունը, որ զրպարտելու միտում չեն ունեցել»:
Հիշեցնենք՝ Արման Բաբաջանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում ասել էր՝ Բաբաջանյանի խոսքերը Հարությունյանի հայցադիմում խեղաթյուրված են՝ իրականությանը չեն համապատասխանում, իսկ Արման Բաբաջանյանը որեւէ մեկին զրպարտելու կամ գործարար համբավը արատավորելու նպատակ չի հետապնդել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ