Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համաձայնեցմամբ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ 2001 թվականից հետո առաջին անգամ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի լրագրողները փոխայցելություն կատարեցին՝ համապատասխանաբար Ադրբեջան, Հայաստան եւ Արցախ։
Այցի շուրջ տիրում էր դրական, խաղաղասիրական մթնոլորտ, պետական մարմինները սադրանքներից եւ շահարկումներից զերծ մնալու նպատակով այցի մասին խոսեցին միայն պոստֆակտում, ինչը միանգամայն հասկանալի է, իսկ Ադրբեջանի պարագայում՝ օրինաչափական։ Ռեպորտաժները եւ դիտարկումները մենք կարդացինք եւ դիտեցինք եւս պոստֆակտում, եւ կարծես թե ստացվեց։
Իսկ ստացվեց այն, որ արդեն իսկ փոխայցելության կայացած փաստն ավելի կարեւոր է, քան այն, թե ինչ եւ ինչպես խոսվեց կամ չխոսվեց Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում։
Անվիճելի է, որ անմիջական շփումն անփոխարինելի է իլյուզիաներից ձերբազատվելու, հակառակորդին դիվականացնելուց զերծ մնալու, խնդիրների վերաբերյալ քննարկումներն իրատեսության, այլ ոչ թե դիցաբանության դաշտում պահելու համար, եւ այդ իմաստով հասկանալի է նաեւ, թե ինչու է հենց Բաքուն՝ Ալիեւի ժառանգական ռեժիմն այսքան տարի խոչընդոտել Track II diplomacy-ի՝ «ժողովրդական դիվանագիտության» հաջողությանը, երբ նախկինում աշխատող այդ խաղաղասիրական նախագծերի գրեթե բոլոր ադրբեջանցի մասնակիցները հայտարարվեցին «հայկական լրտեսներ», նրանցից ոմանք դատապարտվեցին «հայրենիքի դավաճանության» հոդվածով, իսկ ոմանք էլ դարձան քաղաքական գաղթական։
Կարդացեք նաև
Ժամանակին, Սառը պատերազմի տարիներին, նման փոխայցելություններ կազմակերպվում էին խորհրդային եւ ամերիկյան, կամ արեւելյան եւ արեւմտյան Գերմանիայի լրագրողների համար, եւ այս զուգահեռը տեղին է ոչ նրա համար, որ Հայաստանն՝ ԱՄՆ է, իսկ Ադրբեջանը՝ ԽՍՀՄ, թեկուզ եւ մասշտաբներով, այլ որովհետեւ ակնառու է կոնտրաստը լրագրողների եւ պրոպագանդիստների, ազատ եւ ոչ ազատ լրագրության, ազատ եւ բարթույթավորված հասարակությունների միջեւ։ Եվ այդ իմաստով ամենեւին էլ զարմանալի չէ հայ եւ ադրբեջանցի լրագրողների տված թափանցիկ նյութերի ներքին տրամաբանության եւ շարժառիթների խիստ էական տարբերությունը։
Հայկական մամուլը որեւէ կերպ պարտավորված չէ «կուսակցության գծին» կամ «իմաստուն առաջնորդին» պարտադիր հավատարմությունը նշելու համար տարբեր կլիշեներ տեղի-անտեղի գործածելու, մինչդեռ պատկերն այլ է հակառակ կողմում, ինչը նույնպես բնական է. ուղղակի տեսեք, թե ինչ էր անում անում հայկական մամուլը նախկին իշխանությանը, նույնիսկ ամենածանր բռնաճնշումների ժամանակաշրջանում, ինչ է անում ներկա իշխանություններին մեր օրերում, եւ ուղղակի կարդացեք ադրբեջանական մամուլը, գոնե ռուսալեզու, եւ կտեսնեք, թե որքան «քաջ» են նրանք՝ Հայաստանի, հայերի անցյալը եւ ներկան սեւացնելու գործում եւ որքան «քաջ» են՝ իրենց իշխանության նույնիսկ ամենահիմար քայլերն արդարացնելիս։ Սա՛ է տարբերությունը։
Իհարկե, շփումն օգտակար է, շփումը լավ է, բայց դա կարող է օժանդակ դեր ունենալ խաղաղ կարգավորման մեծ գործընթացում, բայց ոչ փոխարինել նրան կամ կանխորոշել ինչ-ինչ զարգացումներ։ Սակայն, մյուս կողմից, այս անգամ եւս շփումը ցույց տվեց, թե որքան հեռու են կողմերն իրենց պատկերացումներում, թե ի՞նչ պայմաններով խաղաղությունն է հենց այն խաղաղությունը, որին ձգտելու մասին կողմերը խոսում են։
Շուրջ երեսուն տարի Ադրբեջանը չի վերահսկում Արցախը, այն վերահսկում են արցախցիները, Արցախի ժողովուրդը, որն, ըստ Ալիեւի՝ «գոյություն չունի», եւ քանի դեռ գոյաբանական սպառնալիքը վերացած չէ՝ Արցախին օգնում եւ օգնելու է Հայաստանը եւ համայն հայությունը։ 1988-ին ծնված արցախցին այսօր այսօր արդեն 31 տարեկան է եւ ինքն է ծնող դարձել, եւ միայն մղձավանջում կարող է պատկերացնել, որ նա եւ իր զավակը պետք է ապրեն ադրբեջանական իշխանության ներքո։ Իսկ որ Արցախի յուրաքանչյուր քաղաքում եւ գյուղում, ինչպես խոստանում էր առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան՝ ադրբեջանական դրոշ է ծածանվելու ու Հեյդար Ալիեւի արձանն է կանգնեցվելու՝ սա արդեն առնվազն լուրջ չէ, եթե դեպքերն ընթանան իրենց հունով, եւ Բաքվում նույնպես դա շատ լավ հասկանում են։ Ուստի միանգամայն բացատրելի է, թե ինչու է Ալիեւ-կրտսերը սարքել մի պետություն, որի «ցեմենտը» հայատյացությունն է, որի դիրքորոշումը հակամարտության կարգավորման գործում մեկն է status quo ante bellum`մինչպատերազմական ստատուս-քվո, կամ «մենք կսկսենք նոր պատերազմ»։
Հետեւաբար, մեր եւ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը՝ միանգամայն տարբեր, նույնիսկ հակառակ խաղաղություններ են ըստ էության։ Դրա՛ համար է Մուբարիզ Իբրահիմովը նրանց հերոսը, որը զինադադարի վերաբերյալ գործող համաձայնագրի պայմաններում միայնակ ներխուժել է հայկական դիրք, կրակ բացել, սպանելով հանկարծակիի եկած զինվորների, կամ Ռամիլ Սաֆարովը, որը քնած հայ սպայի է կացնահարել, եւ դատելով սոցցանցերում եղած արձագանքներից՝ հենց նրանք են հերոս ընկալվում բազմահազար ադրբեջանցիների կողմից։ Ահա սա՛ է Ալիեւ-կրտսերի ձեւավորած արժեքային համակարգը, եւ եթե նա ինչ-ինչ հետքայլ անի, ապա առնվազն անհասկանալի կդառնա այդ բազմահազարանոց զանգվածի համար։ Եվ գնալով այդ զանգվածը մեծանալու է, քանզի մանկապարտեզում եւ դպրոցում ընթանում է այդ «արժեքների» դասավանդումը պետական մակարդակով։
Հայաստանին այլ բան չի մնում, քան շարունակել հոգալ իր անվտանգության մասին որպես հասարակական-քաղաքական թիվ մեկ առաջնահերթություն։ Այսպիսի այցերը կարող են որոշ սուր անկյուններ «կլորացնել», շատ լոկալ, բայց սկզբունքորեն ոչինչ էլ չեն կարող փոխել։ Միանշանակ է, որ մեր վառոդը միշտ չոր պետք է մնա, իսկ սվինը՝ սրած մինչեւ փայլ։ Միեւնույն ժամանակ, եթե երկխոսությունը շանս է, որ ինչ-որ բան անորոշ ապագայում կարող է եւ փոխվել, ապա երկխոսության բացակայությունը երաշխիք է, որ ոչինչ էլ չի փոխվի, իսկ այդ դեպքում շանս ձեռք է բերում պատերազմը։ Բայց չէ՞ որ մենք երկուստեք ձգտում էինք խաղաղության։ Գոնե այդպես էինք ասում երկուստեք։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Նկարում՝ հայ լրագրողները Բաքվում
«Առավոտ» օրաթերթ
27.11.2019