Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից. Տպավորությունս այն է, որ դա ինչ-որ մեկին պետք է՝ կադաստրի բյուջեից լրացուցիչ ծախսեր կատարելու, գումարներ դուրս գրելու համար. «Հրապարակ»

Նոյեմբեր 27,2019 11:46

Կադաստրի կոմիտեի այլեւս նախկին պետ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառումից հետո, թե հեռանում է համակարգից, քանզի «չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», կոմիտեի 150-ի հասնող նախկին ու ներկա աշխատակիցները նոյեմբերի 7-ին բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լուծումներ տալ ոլորտում կուտակված բազմապիսի հիմնախնդիրներին։ Զրուցեցինք Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից, նոյեմբերի 7-ի ակցիայի նախաձեռնող խմբի ղեկավար Գուրգեն Պողոսյանի հետ։

– Բացատրեք՝ ի՞նչ կոռուպցիոն ռիսկերի մասին եք ահազանգել վարչապետին ուղղված նամակում։

– Օրինակ, Կադաստրի կոմիտեի լոգոտիպը փոխելու համար ծախսվել է 2.3 միլիոն դրամ։ Միթե համակարգի ամենահրատապ խնդիրը լոգոտիպ փոխելն էր, այն էլ՝ այդ գնով, կամ հին լոգոտիպի ի՞նչն էր խանգարում ձեր աշխատանքին։ Նախկին ղեկավարությունը, չգիտես ինչու, հանկարծ որոշեց մարզային ստորաբաժանումներից մի քանիսը միացնել Երեւանին։ Կատարվեցին խոշոր ծախսեր, բայց արդյունքը եղավ զրո։ Ոչ մեկը չկարողացավ բացատրել՝ որքանով էր մեր երկրին սույն պահին անհրաժեշտ այդ տարօրինակ, փաստորեն, վնասաբեր խոշորացումը։ Երբ 2015-ին յուրաքանչյուր ռեգիստր գրանցում էր 15-20 գործ, էլի քննիչների մոտ հարցեր էին առաջանում։ Հիմա նույն ռեգիստրն օրական փակում է մոտ 50 գործ։ Բայց միթե հնարավոր է օրական 3-4 անգամ շատ գործ փակել եւ զերծ մնալ նույնքան անգամ շատ վրիպումներից։ Բնական է՝ ոչ։ Դրա համար էլ հիմա քննիչները կադաստր են գալիս, ասես՝ մշտական աշխատողներ։

Համակարգն ուռճացած է, իսկ արհեստավարժ կադրերը՝ շատ քիչ։ Եվ տարօրինակն այն է, որ Երեւանի մասնագետին այսօր ասում են՝ մարզերի հարցերով, գյուղի հողերով զբաղվիր… Ո՞նց կարելի էր այդքան մարդկանց մարզերից հանել-բերել Երեւան, ասելով՝ վարձով ապրեք, աշխատեք, ստացեք 120 հազար դրամ ու դեռ ընթացքում էլ գնացեք քննիչների մոտ՝ հարցաքննվելու։

Հատուկ ուշադրության է արժանի սեփականության վկայականների խնդիրը։ Օրենսդրական փոփոխություններից հետո դրանք այլեւս չեն վավերացվում կնիքով։ Որպես մասնագետ՝ ինձ թույլ եմ տալիս կանխատեսել, որ դա մոտ ապագայում հանգեցնելու է լրջագույն ռիսկերի։ Օրինակ, կարող են խթանվել կեղծ վկայականների ի հայտ գալն ու շրջանառությունը։

Հիմա կադաստրի ողջ արխիվն ուզում են տեղափոխել Վանաձոր։ Մնում է միայն կռահել՝ ինչո՞ւ են ուզում տեղափոխել, ինչո՞վ էր արխիվն իրենց այստեղ խանգարում, եւ ո՞վ է պատասխան տալու արխիվի անկորուստ-անվտանգ տեղափոխման, տեղավորման եւ վերագործարկման համար։ Ներկայումս Վանաձորում վերանորոգվում է մի շենք, որի համարժեքներն առկա են թե՛ Երեւանի, թե՛ մարզային գրասենյակների հաշվեկշիռներում։ Տպավորությունս այն է, որ դա ինչ-որ մեկին պետք է՝ կադաստրի բյուջեից լրացուցիչ ծախսեր կատարելու, գումարներ դուրս գրելու համար։ Ուրեմն նա էլ թող պարզաբանի՝ արդյոք Վանաձորում կա՞ն արխիվի մասնագետներ, որ գնան աշխատեն։ Եթե չկան, ինչ է, Երեւանի՞ց եք մասնագետներ տանելու, որ այնտեղ վարձով ապրեն ու ստանան 50-60 հազար դրամ աշխատավարձ…

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930