Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցումն օրհնություն կլինի քրիստոնյաների, նաեւ մահմեդականների համար. Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է վերակառուցվում եկեղեցին. Ամերիկայի ձայն

Նոյեմբեր 27,2019 11:11

«Մենք գտնվում ենք Ռաքքայում, Սիրիայի հյուսիս-արեւելյան հատվածում: Այստեղ հայկական եկեղեցի էր»։ Դաեշի ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքան Արեւմտյան ուժերի օգնությամբ ազատագրելուց հետո այստեղ վերադարձած բնակիչները քաղաքը գտան ավերված։ Ավերված հայկական եկեղեցու հիմքում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել, գրում է Ամերիկայի ձայն-ը:

Free Burma Rangers բարեգործական կազմակերպության ղեկավար Դեւիդ Յուբանքը, ով օգնում է Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցմանը, ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերի նախկին ծառայող է, ով ծառայությունն ավարտելուց հետո որոշել է օգնել Մերձավոր Արեւելքի ազգային փոքրամասնություններին, տարածելով իր իսկ խոսքով «Հիսուս Քրիստոսի սերն ու լույսը»: Ռաքքա վերադարձող տեղի բնակիչներից շատերը դեռեւս չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջեւ վախենալով քաղաքում թաքնված ահաբեկիչներից, իսկ Դեւիդ Յուբանքը պատմում է.

«Երբ եկանք ազատագրված Ռաքքա, մենք տեղակայվեցինք հենց այնտեղ, եւ ես զբոսնելով այս ավերված եկեղեցու կողքով սկսեցի աղոթել, ասելով՝ «Տեր, խնդրում եմ, վերադարձրու քրիստոնյաներին եւ օգնիր մեզ վերականգնել այս եկեղեցին»: Այնուհետեւ մի պահ մտածեցի՝ դա խելամիտ աղոթք չէ՝ ո՞վ կցանկանա երբեւէ վերադառնալ այստեղ: Դիմեցի Աստծուն հարցով՝ ինչի՞ համար կարող եմ աղոթել այս եկեղեցու ավերակներում, եւ ես զգացի Աստծո արձագանքը՝ աղոթի՛ր կրկին: Կրկնեցի աղոթքս. «Տեր Հիսուս, խնդրում եմ, օգնիր, որպեսզի այս եկեղեցին վերականգնվի, Ամեն»: Եւ ահա բոլորս միասին աղոթեցինք, նույնիսկ փոքր մետաղե խաչ տեղադրեցինք, քանի որ եկեղեցու խաչը չկար: Աղոթելուց հետո ես դուրս եկա այստեղից եւ ինձ մի մարդ մոտեցավ, ու հարցրեց թե ի՞նչ եք անում այստեղ: Պատասխանեցի՝ աղոթում եմ այս եկեղեցու վերականգնման համար: Նա ինձ ասաց՝ սա իմ եկեղեցին է, ես հայ եմ, Դաեշի կրակոցներից չորս անգամ վիրավորվել եմ: Նախկինում մենք հազարներով էինք այստեղ, այնուհետեւ բոլորս փախանք, այժմ հինգ հոգով վերադարձել ենք, ու հարցրեց թե կարող ենք իրենց օգնել։ Պատասխանեցի՝ կփորձեմ, ես գումար չունեմ, ավելի ճիշտ, ունեմ 300 դոլար, ու քանի որ այսօր կիրակի է, ահա վերցրեք իմ ձեռքի եղած գումարը: Մենք միասին աղոթեցինք՝ խնդրելով Տիրոջն օգնել մեզ վերականգնել եկեղեցին»:

Այնուհետեւ ԱՄՆ-ից մի քանի ընտանիք Յուբանքի կազմակերպության միջոցով դրամական օգնություն առաջարկեցին, որն էլ թույլ է տվեց սկսել Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքները:

«Մենք այժմ հանգանակել ենք անհրաժեշտ գումարի կեսը, որը բավարար է այս տարածքը մաքրելու համար: Ի դեպ, ահա այնտեղ Դաեշի գաղտնի թունելներից մեկն է: Եկեղեցին քանդելուց հետո Դաեշի զինյալները այն փորել են եկեղեցու տակ: Մենք պետք է վերականգնենք եկեղեցու հիմքերը եւ հուսամ, որ 2020-ին ի վիճակի կլինենք լիարժեք վերակառուցել այս եկեղեցին, եւ դա կլինի օրհնություն հայ համայնքի համար, քրիստոնյաների համար, սակայն նաեւ արաբների, մահմեդականների՝ բոլորի համար, որովհետեւ այս հողը բավարար տեղ ունի յուրաքանչյուր հավատքի համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930