Լրահոս
Օրվա լրահոսը

Չարիքի ճիշտ «հասցեն»

Նոյեմբեր 27,2019 10:00

1980-ականներին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Խորհրդային Միությունն անվանում էր «չարիքի կայսրություն»: Թեեւ այն երկիրը, որտեղ ես մեծացել եմ, ուներ բազմաթիվ արատներ, այդ պիտակավորման հետ համաձայն չեմ։ Թե չէ կստացվի, որ ես 30 տարի`կյանքիս ուղիղ կեսը, ապրել եմ բացարձակ չարիքի մեջ։ Իսկ դա այդպես չէ։

Ավելի ուշ նույն Միացյալ Նահանգները իրեն դուր չեկած երկրները՝ այդ թվում նաեւ Իրանը, կոչում էր «չարիքի առանցք»։ Կրկին համամիտ չեմ, քանի որ մեր հարեւան պետությունն այդպես չեմ ընկալում։

Անկախ Հայաստանի 28-ամյա պատմության ընթացքում այս կամ այն գործչին ու նախեւառաջ, իհարկե, առաջին դեմքերին դարձյալ անվանել եւ անվանում են «չարիք»։ Հասկանալի է, որ ցանկացած մարդու նման, նրանք էլ զուրկ չեն թերություններից։ Սակայն որեւէ մարդուն (կամ երկրին) չարիքի պիտակ կպցնելն ինձ սխալ է թվում: Դա պարզապես քարոզչական հնարք է, որն ազդում է պարզունակ ուղեղների վրա: Չարիքն անձնավորելը կարող է շատ մեծ քաղաքական դիվիդենտներ բերել, բայց երբեք արմատախիլ չի անում բուն չարիքը, որը ոչ թե մարդկանց, այլ երեւույթների մեջ է:

«Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանության եւ փորձել են պահել այդ իշխանությունը», – Իտալիայում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այստեղից եզրակացվեց, որ վարչապետը «չարիք» է անվանել Առաջին նախագահին եւ նիկոլականների եւ լեւոնականների միջեւ առաջացավ մի վեճ, որը փորձում են «տաք պահել» քոչարյանականներն ու սերժականները: Նրանք էլ իրենց շահերն ունեն. Երկու հոսանք, որոնք միավորվել էին 2-րդ եւ 3-րդ նախագահների հանդեպ ատելության հողի վրա, վարչապետի այդ արտահայտության պատճառով մի փոքր հեռացել են իրարից:

Բայց խնդիրն այստեղ Տեր-Պետրոսյանի (կամ որեւէ այլ մարդու) անձը չէ, եւ Առաջին նախագահի մեջ չէ, որ պետք է փնտրել չարիքը: Խնդիրն այն քաղաքական եւ տնտեսական պայմաններն են, որոնք հնարավոր են դարձնում ընտրությունների կեղծումը: Այդ պայմաններն իսկապես կային 1996 (ավելի ճիշտ՝ 1995) թվականից սկսած: Տեղի սղության պատճառով պրզապես թվարկեմ դրանք՝ վարչական ռեսուրս, օլիգարխներ, քաղաքական իշխանությանը ենթարկվող ոստիկանություն, անվտանգության ծառայություն եւ այլ ուժային կառույցներ, կախյալ դատական համակարգ, փողոցային հեղինակություններ: Հենց սա՛ է չարիքը:

Իսկ հիմա փորձենք անկեղծորեն պատասխանել՝ արդյո՞ք այն վերացել է: Ինձ թվում է՝ ոչ: 2018 թվականին Փաշինյանը կարիք չուներ կեղծելու ընտրությունների արդյունքները, որովհետեւ շրջապատված էր սիրով, երկրպագությամբ եւ հրճվանքով: Բայց դրանք, ինչպես հայտնի է, հավերժ չեն, եւ չարիքի դեմ պայքարում դրանց վրա հույս դնելն անիմաստ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Թոյլ տուէք մի թեթեւ շտկում անել։ Ռեյգանը դա ասել է 1980-ականներին, իսկ աւելի ստոյգ 1983թ.-ի մարտի 8-ին Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում Աւետարանչականների տարեկան հաւաքին՝ https://youtu.be/FcSm-KAEFFA

    Եւ բնականաբար ես աւելի քան համամիտ եմ, որ դա չարի կամ չարիքի կայսրութիւն էր։
    Դա այնքան ակնյայտ է, որ ես նոյնիսկ չեմ փորձի բացատրել, թէ ինչու է դա այդպէս։

    Միայն մէկ բան՝ Փա՜ռք եւ Օրհնութի՜ւն բոլոր բոլորին, որոնք կործանեցին այդ չարիքը։ Այդ հարցում մեծագոյն աւանդ ունեն մեր հայ այլախոհները, մեր ազատատենչ հայ ժողովուրդը։

    Յաւերժ փա՜ռք մեր Բարձրեալ Տիրոջը, որ 1991թ.-ի դեկտեմբերին՝ նրա «տարեդարձին» յաւիտեանս յաւիտենից իջեցրինք այդ եղկելի դրօշը։

    #WeThePeopleOfFreedom

  2. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան ուզում եք ասե՞լ, որ 2023 թվականին Նիկոլ Փաշինյանը կեղծելու է ԱԺ ընտրությունը: Անկեղծ ասեմ՝ ես օրեցօր ավելի հավանական եմ համարում նման սցենարն ու վատանում:

  3. Լավատես says:

    Ազգը՝ դա ժողովրդի պետական պաշտոնն է, եթե ժողովուրդը թերանում է իր պետական պարտականություններից, նմանապես, պետական պաշտոնյան էլ է թերանում իր պետական պարտականություններից, եթե ուզում ենք պետություն ունենալ, ուրեմն առաջինը ժողովուրդն ինքն իրեն պետք է ազգի նման պահի ու հետո նոր միայն նույնը պահանջի իր ներկայացուցիչներից՝ պետական ծառայողներից: Հայ ժողովրդի միակ դատավորը պետք է լինի ինքը հայ ժողովուրդը, դրա համար պետք է ստեղծել հայ դատ, որն իրավունք կունենա դատել հայ ժողովրդին, բայց ոչ թե ինքնախարազանելու համար, այլ մեր ու մեր պապերի սխալների ուղղում կատարելու ու գովերգելու մեզ ու մեր պապերին լավ բաների համար՝ մեր ապագա սերունդներին դաստիարակելու համար:

    • Սուրեն Պետրոսյան says:

      Տեսնես ով էր տվել Բարձրյալի այդ կարգավիճակը Ռեյգանին, կամ արդյոք Ռեյգանը պիտի ասեր ով ով է: Մեր օրերում էլ դրա պակասը չունենք. հարևաններից առնվազն երկուսը տարին տասներկու ամիս դա են հաչում:
      Եվ հետո, ի՞նչ կապ ունի ազգը մարդու պարտականությունների կատարելու կամ չկատարելու հետ: Լավ է, թե վատ՝ միատարր ազգային պետություն ենք, ասել է թե, ներսից խանգարող չունենք, բայց արիուտես, էն մի հոգու ասածի պես, էդ անտեր խիյարը, չգիտես ինչու, միշտ թարս է աճում: Այս համատեքստում, Միացյալ Նահանգները մեղքս գալիս են, ազգային ոչինչ չունեն, գուցե ձեռք մեկնենք, փրկենք կործանումից:Sure

  4. Ruben says:

    Երկրի ղեկավարի ընտրություններին պետք է մասնակցի ՀՀ քաղաքացիների (ամբողջ աշխարհի) ավելի քան 60% -ը: Նիկոլ Փաշինյանին ընտրել է ՀՀ քաղաքացիների կեսի կեսը (մոտ մեկ քառորդը): Դա հորինել է ՀՀշ-ի նորածին «հանրային պետության» առաջին նախագահ ԼՏՊ-ն՝ 1991 թ-ին նախագահ ընտրվելու համար:
    Փոխեք ընտրությունների մասին օրենքը:
    Հաւերժ փա՜ռք Հայոց Արարչին…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930