Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բացը» շտկվեց՝ Սուրեն Հախնազարյանին վերջապես ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհվեց

Նոյեմբեր 27,2019 13:00

Վերջերս Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում «ընտանեկան» համերգ էր՝ ճանաչված Հախնազարյան երաժշտական ընտանիքի անդամների մասնակցությամբ: Նշվում էր ընտանիքի հոր՝ ջութակահար, պրոֆեսոր Սուրեն Հախնազարյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը: Օրերս էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեր հանդիսատեսն էլ վայելեց Հախնազարյանների բարձրարվեստ կատարումները՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) ընկերակցությամբ:

«Պաշտոնական» տվյալներով՝ 2007 թվականից Հախնազարյան ընտանիքը մշտական բնակություն է հաստատել Մոսկվայում, ինչը իրականությանը չի համապատասխանում: Դեռեւս 2000թ. դաշնակահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գայանե Հախնազարյանը որդու՝ այսօր աշխարհահռչակ թավջութակահար, «Washington Post»-ի որակմամբ՝ երաժշտական ֆենոմեն, Նարեկ Հախնազարյանի հետագա ուսման նպատակով  հաստատվում է Մոսկվայում:

Հայրն էլ՝ Սուրեն Հախնազարյանը, որը 1984-ից  Կոմիտասի անվան լեգենդար քառյակի երկրորդ ջութակահարն էր, շարունակում է աշխատանքը քառյակում մինչեւ 2007թ., ապա միանում ընտանիքին եւ տիկնոջ հետ սկսում գործունեությունը Մոսկվայի կոնսերվատորիայում: Այդ առիթով նրա գործընկերները հավաստիացնում էին, որ նման որոշում կայացնելու հիմքում հայրենիքում այդպես էլ որեւէ պատվավոր կոչման չարժանանալու փաստը կարող էր լինել:

Հախնազարյան ընտանիքը

Հոբելյանական երեկոյին տարիների գուցե եւ տասնամյակների այդ «բացը» կամ «վրիպումը» շտկվեց. Սուրեն Հախնազարյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

Իմիջիայլոց, Սուրեն Հախնազարյանի հայաստանյան գործունեությունը չի սկսվել եւ ավարտվել Կոմիտասի անվան լարային քառյակում գործունեություն ծավալելով: Նա որպես մենակատար՝ նվագախմբի ընկերակցությամբ եւ տարբեր անսամբլների կազմում հանդես է եկել նաեւ Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի երկրներում: Հայրենիքում նույն ուղին է անցել նաեւ տիկին Հախնազարյանը: Մինչ օրս դաշնակահարների հետ զրուցներում քանիցս հնչել են բարձր կարծիքներ տիկին Հախնազարյանի «Բախից մինչեւ մեր օրերը» երկու դաշնամուրի համար կատարած փոխադրումների ժողովածուի մասին: Եթե ամուսինները հանդիսացել են մի շարք ժամանակակից հայ կոմպոզիտորների առաջին կատարողը, ապա այսօր նրանց թավջութակահար որդու համար են հայ եւ արտասահմանցի ճանաչված հեղինակները «հերթ կանգնում»: Մի բան էլ փաստենք. իսկապես գերծանրաբեռնված հյուրախաղային գրաֆիկ ունեցող Նարեկ Հախնազարյանը դեռեւս տարիներ առաջ էր հայտնել «Առավոտին», որ առիթը բաց չի թողնում հանդիպելու հայաստանցի հանդիսատեսին, նույնիսկ այն դեպքերում, երբ դա անհնար է թվում:

Տիգրան Հախնազարյանին էլ ենք հանդիպում հայրենիքում, սակայն ոչ հաճախակի: Նա 23 տարեկան էր, երբ նշանակվեց Բաշկորտոստանի Ազգային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, այնուհետեւ՝ 2010-12թթ. Կոմի Հանրապետության Օպերայի եւ բալետի պետական թատրոնի գլխավոր դիրիժոր, 2013-16թթ.՝ Հեռավոր Արեւելքի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար: 2016-ից մինչ օրս նա Հարավ-Սախալինսկի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նա համագործակցում է հանրահայտ երաժիշտների հետ, սպասված հյուր է Վալերի Գերգիեւի, Էմիր Կուստուրիցայի, Յուրի Բաշմետի հեղինակավոր փառատոներին: Կարճ ասած՝ հյուրախաղերի առումով էլ ետ չի մնում եղբորից: Նրանք հաճախ տարբեր երկրներում, տարբեր նախագծերով համատեղ ելույթներ են ունենում:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Շնորհավորում եմ … Ա . Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930