Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական 2 քաղաքներից՝ Փաշինյանի եւ Սարգսյանի ուղերձները

Նոյեմբեր 27,2019 12:00

Փաշինյանը միջազգային հանրությանը փորձում է բացատրել, թե ինչ աղետ կլինի, եթե Արցախում նոր պատերազմ բռնկվի

Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իտալիա պաշտոնական այցի ընթացքում հնչեցին կարեւոր ուղերձներ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար: Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոնում հանդես գալով ելույթով՝ «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը Փաշինյանը ծավալուն անդրադարձ էր կատարել թեմային՝ արձանագրելով. «մեզ համար անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությանը»: Նա ներկայացրել էր հակամարտության նախապատմությունը՝ ընդգծելով, որ այն տարածքային վեճ չէ՝ «ինչպես ոմանք փորձում են այն ներկայացնել պարզեցված ձեւով», ապա հավելել էր՝ «Խոսքն ինքնորոշման իրավունքի, մարդու իրավունքների եւ այնտեղ ապրող մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է»:

Փաշինյանը վերջին շրջանում հետեւողականորեն պատասխանում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում իրեն ուղղված քննադատություններին: Վերջերս ընդդիմադիրները նրան մեղադրում էին, որ նա չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին: Ահա, Փաշինյանը հիշատակեց նաեւ այդ սկզբունքի մասին:

Ծավալուն անդրադարձ կատարելով հակամարտության ծագմանը՝ Խորհրդային միության փլուզման նախօրեին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված հայերի նկատմամբ զանգվածային վայրագություններին ու էթնիկ զտումներին, Փաշինյանը հիշեցնում է, որ օգտվելով Սովետական սահմանադրությունից՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը կիրառեց ինքնորոշման իր իրավունքը: «Այս անգամ Ադրբեջանի իշխանությունները ռազմական ուժ կիրառեցին հայերի դեմ: Նրանք ծավալեցին լայնամասշտաբ պատերազմ՝ սպառնալով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը: Ի պատասխան գոյապահպանական այդ սպառնալիքին՝ հայերը, որոնք կազմում էին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր բնակչության մոտ 80 տոկոսը, դիմեցին ինքնապաշտպանության: Նրանց հաջողվեց պաշտպանել իրենց հողը եւ ստիպել, որ Ադրբեջանը համակերպվի նոր իրավիճակի հետ: Արդյունքում՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հրադադարի պայմանագիր ստորագրվեց 1994 թվականի մայիսի 12-ին»,- նշել է Փաշինյանը:

Գալով հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որը սկսվել էր դեռ 1992-ին, Փաշինյանը հիշեցրել է, որ միջազգային հանրության կողմից հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանեց, որ հակամարտությունն ունի երեք կողմ՝ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը: «Ի դեպ, իտալացի ականավոր քաղաքական գործիչ եւ դիվանագետ Մարիո Ռաֆայելլին, ով մեծ ջանքեր գործադրեց տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար, Մինսկի կոնֆերանսի նախագահն էր՝ առաջին միջազգային գործիչը, ում 1990-ականների սկզբին վստահվեց հակամարտության կարգավորման հարցը: Մինսկի խմբի հանդիպումները, որին մասնակցում էին նաեւ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, կայացան Հռոմում՝ Իտալիայի մայրաքաղաքում»:

Ինչո՞ւ է ղարաբաղյան հակամարտությունը դեռեւս մնում  չլուծված: Դրա պատճառներից Փաշինյանը մատնանշել է, որ՝ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են բանակցություններ վարել Արցախի ներկայացուցիչների հետ: «… Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի: Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ եւ ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից»: Փաշինյանը մի քանի հիմնավորող հայտարարություններ է ներկայացրել: «Չի բացառվում ռազմական լուծումը», – դա բնորոշ հայտարարություն էր՝ արված նախագահ Ալիեւի կողմից բազմաթիվ առիթներով: «Ցանկացած պահի մենք կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով», – ասվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2017թ. հունվարի կառավարության նիստում արված հայտարարության մեջ, որի ժամանակ քննարկվում էր երկրի տնտեսական զարգացումը: «Մենք կավելացնենք մեր ռազմական հզորությունը, եւ ես հավատում եմ, որ դա բանակցությունների կարեւորագույն գործոններից մեկն է»: Այս խոսքերն ասվել են 2018 թվականի նոյեմբերի 5-ին: 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հայտարարության մեջ ասված է. «… մեր ռազմական ուժերը եւ մեր ուժը հանդիսանում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հիմնական գործոնները» – մեջբերման ավարտ: «Իրոք, շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի: Սա է պատճառը, որ նրանք հակահայկական տրամադրություններ են բորբոքում իրենց ժողովրդի մեջ: Ահա թե ինչու նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա: Ահա թե ինչու հակահայկական ատելության խոսքը դարձել է պաշտոնական քաղաքականություն Ադրբեջանում: Ահա թե ինչու հայատյացությունը դարձավ պետական քաղաքականություն Ադրբեջանում»,- նշել էր Փաշինյանն, այնուհետեւ պաշտոնական Բաքվի սույն քաղաքականության կոնկրետ օրինակներ բերել, երբ օտարերկրացիները, որոնք այցելում են Արցախ, հայտնվում են Ադրբեջանի սեւ ցուցակում, Ռամիլ Սաֆարովին, որին Իլհամ Ալիեւը ներում շնորհեց, բարձրացվեց նրա զինվորական կոչումը ու բնակարան նվիրաբերեցին։

Փաշինյանն, այնուամենայնիվ, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորումը միակ ճանապարհն է, որը ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի եւ հավասարակշռման հնարավորություն։ Նա նորից հիշեցրել է, որ նման հայտարարություն է ակնկալում նաեւ Ադրբեջանից. «Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիեւից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր եւ չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ»:

Փաշինյանը փորձել է Ալիեւի ռազմատենչ քաղաքականության անընդունելի լինելու վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել՝ նկատելով, որ անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի եւ Հայաստանի հետ: «Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Ադրբեջանը ժամանակին փորձել է ուժի լեզվով խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ եւ լուրջ հետեւանքների է բախվել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հսկայական գերակայությանը ինչպես ազգաբնակչության, այնպես էլ սպառազինության առումով: Իրենց իսկ ռազմական ձախողումների համար վրեժխնդիր լինելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Մեր տարածաշրջանում ռազմական էսկալացիան աղետալի հետեւանքներ կունենա նույնիսկ գլոբալ տեսանկյունից: Ներգրավվելով ռազմական արկածախնդրությունների մեջ՝ Ադրբեջանը կարող է պարարտ միջավայր ստեղծել այն ահաբեկիչների համար, ովքեր կորցրել են իրենց ազդեցությունը Սիրիայում եւ Իրաքում, եւ այժմ փնտրում են նոր տարածքներ՝ իրենց գործողությունների համար: Աշխարհագրական առումով, Ադրբեջանը կարող է ծառայել որպես հենակետ՝ տարածաշրջան բոլոր չորս ուղղություններով նրանց ներթափանցման համար՝ հարավից, հյուսիսից, արեւելքից եւ արեւմուտքից»:

Իտալիայում Փաշինյանը նաեւ միջազգային հանրությանն է ուղերձ հղել, բացատրելով, թե ինչ աղետ կարող է տեղի ունենալ, եթե Արցախում նոր պատերազմ բռնկվի: Նշանակում է, որ չնայած հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ իր կողմից նոր մոտեցման, «նոր կետից» սկսելու մասին բազմաթիվ հայտարարություններին, այնուամենայնիվ, այս պահին Փաշինյանը պատերազմի բռնկումը հնարավոր է համարում:

Ի դեպ, ելույթ ունենալով Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, Փաշինյանն իրեն ուղղված քննադատությանն էլ անդրադարձավ: «Երբ որ ասում են՝ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը՝ Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե՞ այսպես ասած, ինչպես իրենք էին բանակցում, «Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց», ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի, որ «Աղդամը մեր հայրենիքը չէ՞», եւ հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում»։

Նույն օրը ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ելույթ էր ունենում Զագրեբում` ԵԺԿ համաժողովում, որտեղ արձանագրեց. «Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել եւ սպառնալ Արցախին եւ Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում»:

Չնայած Հայաստանի ներկայիս եւ նախկին իշխանությունների՝ միմյանց ուղղված բավական կոշտ քննադատություններին՝ Սերժ Սարգսյանը փորձում է որոշակիորեն ուղղություն ցույց տալ Հայաստանի իշխանություններին, թե ինչ ուղերձներ պետք է հղել այսօր Ադրբեջանին ու միջազգային հանրությանը՝ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականությունն ապահովելու տեսանկյունից եւ պատերազմի բռնկման աղետը բացառելու նպատակով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930