Լրահոս
Օրվա լրահոսը

«Լակոտ, ինչ ես արել, բաց բուռդ» ու տեսել է ոսկյա ականջօղերը

Նոյեմբեր 27,2019 14:00

Ութ երեխաների հոր, ազատամարտի մասնակցի ընտանիքը ներքաշվել է քրեական գործում

Մեր հասարակական կազմակերպություն է դիմել ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի Հ. Քոչարի փողոցի թիվ 22 տան բնակիչ Գայանե Ալբերտի Խաչատրյանը եւ հայտնել, որ բազմազավակ մայր  է, ունի ութ երեխա: Մեծ աղջիկը` Լուսինե Նիկոլայի Հախյանը, մանկուց առաջին կարգի հաշմանդամ է եւ գամված է շարժասայլակին:  Ամուսինը` Նիկոլայ Հախյանը, նույնպես երրորդ կարգի հաշմանդամ է, տղան` Սասուն Հախյանն ունի լուրջ առողջական խնդիրներ լսողության հետ կապված եւ ներկայումս  անցնում է բուժզննում՝ հաշմանդամության կարգ ստանալու համար:

Գայանե  Խաչատրյանի ընտանիքը 1989 թվականին ազատագրական շարժման  ժամանակահատվածում ներգաղթել է Ադրբեջանի Միր Բաշիրի շրջանից եւ  ներկայումս ընտանիքով բնակվում են Նոյակերտ գյուղում: Ամուսինը մասնակցել է  ԼՂՀ ազատամարտին: Սոցիալապես անապահով են, քանի որ բազմանդամ ընտանիքում միայն ինքն է կարողանում աշխատել:

Դիմելով մեր կազմակերպություն՝ Գայանե Խաչատրյանը հայտնել է նաեւ, որ իր  անչափահաս հաշմանդամ տղայի՝ Սասուն Հախյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քննիչ Կ. Ադամյանն անօրինականություններ է կատարում: Քննիչը, երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է գյուղ՝ իրենց տուն, տղային դուրս է կանչել տնից, որպեսզի ինչ-որ բան ստորագրել տա մեքենայի մեջ: Ինքն ու ամուսինը տուն են հրավիրել, որպեսզի իր ասելիքը տանը ասի, իրենց տղան անչափահաս է, վատ է լսում, ինքնուրույն կարող է չհասկանալ, թե  ինչի համար եւ ինչ փաստաթղթի տակ պիտի ստորագրի, սակայն քննիչ Ադամյանը  մնացել է անդրդվելի ու պահանջել է, որ  Սասունը մտնի իր ավտոմեքենայի մեջ,  արագ ստորագրի, քանի որ ինքը շտապում է՝ արագ պիտի գնա: Այդ ժամանակ   հաշմանդամ ամուսինը, որը պատերազմի ժամանակ ծանր կոնտուզիա է տարել, խիստ ջղայնացել է, փորձել է ինչ-որ առարկայով  հարվածել  քննիչի ավտոմեքենային, սակայն այդ ժամանակ քննիչ Կարեն Ադամյանը  արագ հեռացել է  դեպքի վայրից: Բացի այդ, նույն քննիչը հանձնարարական է ուղարկել իրենց շրջանի անձնագրային բաժին, որպեսզի իր տղային՝  Սասուն Հախյանին անձնագիր չտան, ինչի հետեւանքով իրենց ընտանիքը  զրկվել  է «Փարոս» ընտանեկան նպաստ ստանալու հնարավորությունից:

Գնալով  քաղաքացու դիմումի հետքերով՝ պարզվեց, որ  Սասուն Հախյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177- րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված թիվ 26105218 քրեական գործով մեղադրական եզրակացությունը կազմվել է  29.04.2019 թվականին: Ըստ մեղադրանքի, Սասուն Հախյանն ապօրինի մուտք է գործել հարեւանուհու բնակարան եւ այնտեղից գաղտնի հափշտակել է  հարեւանուհուն պատկանող 240 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա ականջօղերը:

Ըստ Սասուն Հախյանի պատմածի, գործով տուժող, իրենց տան դիմացը բնակվող Արմենուհի Կարապետյանը ՌԴ  մեկնելիս իրեն մեկ հավ է տվել, որ պահի մինչեւ իր վերադառնալը: Այդ ընթացքում հավը սատկել է  եւ Արմենուհին երկու հավ է պահանջել՝ «ձեր հավերը փոքր են, երկու հավ բեր»: Դեպքի օրը Սասունը հավերը տարել է հավաբուն, այդ ընթացքում տան բակում է եղել համագյուղացի  Սուրենիկը, որը նույն գործով անցնում է որպես վկա:  Երբ հավերը տարել է, միասին դուրս են եկել հայաթից, հետո  փողոցով միասին քայլելիս Սուրենիկը իրեն ասել  է՝ «տեսար, ինչ արի»: Այդ ընթացքում Սասունը տեսել է, որ բռի մեջ ինչ-որ բան է թաքցնում,  ասել է՝ «լակոտ,  ինչ ես արել, բաց բուռդ», տեսել է ոսկյա ականջօղերը, վերցրել է ձեռքից ու արագ տարել բացել տան դարպասները ու շպրտել հայաթ՝ խոտերի մեջ ու գնացել:

Մի քանի օր անց օպերատիվ աշխատակիցներն անչափահաս Սասուն Հախյանին   բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին, հայհոյել ու ծեծի են ենթարկել նրան, պարտադրելով  խոստովանել չկատարած հանցանքը: Վախից դրդված Սասունը գրել է ինքնախոստովանական, սակայն հետո փոխել է այն, ներկայացնելով կատարվածը ինչպես որ կա: Այդ ընթացքում Սասուն Հախյանի մայրը՝ Գայանե Խաչատրյանը դիմել էր մեզ, հայտնել կատարվածի մասին: «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» անունից  «Առավոտ»  օրաթերթում հրապարակվեց «Անչափահասին սպառնալիքով ստիպել են ընդունել չգործած մեղքը» նյութը, որում ներկայացրեցի կատարվածն ամբողջությամբ:  Փաստի  առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ  քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ ծեծի եւ սպառնալիքի հատկանիշներով, սակայն հետագայում այն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Գ. Միքայելյանի կողմից կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դատաքննությունից պարզ դարձավ, որ այս քրեական գործը, բացի վերը նշվածներից, աչքի է ընկնում այլ, ավելի ցայտուն իրավախախտումներով: Քննիչ  Ադամյան  Կարենը, բացի վերը նշված աղմկահարույց էպիզոդներից, հեղինակն է  նաեւ քրեադատավարական նորմերի այլ կոպիտ խախտումների: Դատական նիստերի ձայնային կրիչի հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ գործով վկաների հարցաքննությունները քննիչը վեր է ածել հարցազրույցների, աշխատանքային ժամից հետո, տարբեր օրերի երեկոյան ժամերին վերջինս այցելել է վկաների տներ եւ  տան անդամների ներկայությամբ կազմակերպել է հարցազրույց- քննարկում, դրա անունը դնելով «վկայի հարցաքննություն»:

Այսքանից հետո ուզում եմ ասել՝ ուր է ձեր  թասիբը, ուր է ձեր ՀՆՉԵՂ ԱՆՈՒՆԸ, ուր եք դուք նայում, հարգելի իրավապահ համակարգի ներկայացուցիչներ եւ ղեկավարներ, ինչքան պիտի հանդուրժենք նման անօրինականությունները, գիշերը ոնց եք քնում, ոնց են քնում ձեր ընտանիքն ու երեխաները: Չնայած նրանք մեղք չունեն, բայց ձեր պատճառով ինչեր են քաշելու, սթափվեք, պարոնայք:

Անմեղին դատապարտել, մեղավորին արդարացնել:

Աններելի է:

Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ  նախագահ


«Առավոտ» օրաթերթ

26.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930