Լրահոս
Օրվա լրահոսը

«Սադի տակի շենքը» հանդարտասահ գնացքը

Նոյեմբեր 27,2019 12:30

Մարդկային կյանքն այն ճեպընթաց գնացքն է, որի միահյուսված վագոններում հանդարտ առաջ են սլանում մարդկային բազում ճակատագրերը: Կրքերն ու հուզումները, հույզերն ու հիշողությունները: Նրանք լուծվում են ժամանակի ու տարածության մեջ: Սակայն երբեք չեն անհետանում: Նրանք մնում են մեր մեջ եւ կազմում մեր կյանքի մի գեղեցիկ հատվածը: Մենք սիրում ենք նրանց՝ չնայած իրենց մարդկային անկատարությանն ու վրիպումներին: Սիրում ենք այնպես, ինչպես, միգուցե, նրանք չեն սիրել մեզ: Սակայն մենք ողբերգություն չենք ապրում կյանքի այդ ստվերից, այլ շարունակում ենք սիրել եւ կսիրենք միշտ…

Այդպիսին է գեղեցիկ ներկայացված հուշերի ու հույզերի այն համաչափ, գեղարվեստական ներդաշնակությունը, որ կոչվում է «Սադի տակի շենքը»: Այն մի ողջ սերնդի՝ թեպետ անցնող, սակայն ժամանակի մեջ անշարժացած, մարդկային իր ինքնատիպ կերպը պահպանող սերնդի ուրվանկարն է: Սերունդ, որ թեպետ ճզմվեց հասարակարգերի փոփոխության դաժան ցնցումներում, սակայն մնաց որպես հուշ եւ հուշարձան: «Սադի տակի շենքը» հանդարտասահ գնացք է, որ սկիզբ ու ավարտ չունի: Այդ գիրքն ընթացք է՝ կյանքի հանդեպ սիրո փիլիսոփայության, հարուստ հույզերի մի ողջ ներկապնակով, կենսական կոլորիտով ու հեղինակի անկրկնելի երազանքներով: Գրքում հեղինակը կենդանացնում է, շնչավորում անցածը եւ կապում ներկայի հետ: Որովհետեւ առանց այդ անցյալի ներկան անկենդան է: Այն շնչում է հեքիաթի գույներով ու մարդու հանդեպ նուրբ սիրով: Գիրքը ներբող է մարդուն՝ որպես գեղեցիկ եւ անկրկնելի էակի: Ով անցնում է ուրախություններով ու հոգսերով լի իր երկրային պանդխտությունը: Այդ ողջ ուղին ընթերցողի հայացքի առջեւ է հառնում որպես մի հիշարժան ժամանակաշրջան: Ինչպես գնացքի հզոր եւ միեւնույն ժամանակ թեթեւասահ ընթացք, անցնում են անցյալի դեմքերն ու պատկերները: Նրանք միաձուլված են մի փոքրիկ աղջնակի հեքիաթային անուրջների մեջ, որ գունազարդվում են եւ հարստանում ապագայի հույսի ու նպատակների մեջ: Հեղինակի բանաստեղծական եւ հարուստ հույզերի միջով անցնում է հարազատների ու հարեւանների մի ամբողջ խայտաբղետ խումբ: Նրանք, այդ բոլոր մեծ ու փոքր մարդիկ անշարժացել են խոսուն համրության մեջ…

«Այգին եթե խոսել կարողանար, ինչե՜ր կպատմեր: Բայց նա նայում է անձայն, ու այդ լռությունը երբեմն նման է գնացքից իրեն նետողի համրությանը…»: Այդ պատկերները երբեմն նմանվում են թմբիրի մեջ հայող մի ուրույն պատկերասրահի՝ բազմաթիվ գույներով ու հարուստ պատկերներով: Սակայն այդ հայեցողությունը հոսուն է՝ որպես գեղեցիկ ու ռոմանտիկ այգու փիլիսոփայություն, շենքի հոգեբանություն, մարդկային ճակատագիր, եւ ամենը՝ հուզական խտությամբ ու սիրով, խոր կարոտով…«Հիմա, երբ հիշում եմ նրանց, սիրտս ճմլվում է առանձին ցավով, առանձին կարոտով ու առանձին ժպիտով…»:

Այդ գրքի յուրաքանչյուր կերպար մի եզակի ու հետաքրքիր աշխարհ է, որի հոգեբանությունը բացահայտվում է մանկական տպավորություններից մինչեւ հասուն կնոջ դիտողունակ հայացքի ներքո: Եվ այդ կերպարն անկատար կլիներ, եթե այդտեղ ներկա չլիներ հեղինակի սերը. երեւույթ, որն իսկապես արժեքավոր է դարձնում գիրքը: Ընդ որում՝ հետաքրքիր է գրքի ներկայացման ձեւը: Այն կարծես արձակ բանաստեղծություն լինի: Քնարական շնչով գրված արձակ, որ զերծ է խճողաբանություններից: Որովհետեւ հեղինակը չի ձգտում ավելորդ եւ կեղծ տպավորություններ ստեղծել: Նրա կիզակետում մարդն է, փոքրիկ քաղաքի բնակիչները, որ ապրում ու ստեղծագործում են, իմաստավորում իրենց գոյությունը: Դա կյանքի այն մեղեդին է, որը հեղինակը կարողացել է վերծանել, հայտնաբերել եւ վերարտադրել բառերի ու հույզերի, տպավորությունների սահուն եւ նուրբ համաձուլվածքի մեջ. … «Աշխարհն ինչքա՜ն է դաժանացել: Հիմա լիքն են անտուն մարդիկ, անտեղ մարդիկ: Շատացել են… Ու Վաչիկի անթարթ աչքերի պես էլի ինչքա՜ն հայացքներ են կպած շիրմաքարերին…»: Եվ այդ մարդիկ՝ փոքրիկ քաղաքի բնակիչները, հանդարտ ապրում են, ստեղծագործում իրենց կյանքը: Դա կյանքի այն մեղեդին է, որը հեղինակը կարողացել է վերծանել, հայտնաբերել եւ վերարտադրել բառերի ու հույզերի, տպավորությունների սահուն եւ նուրբ համաձուլվածքի մեջ: Ահա թե ինչու այս ամենը թույլ է տալիս ասել, որ «Սադի տակի շենքը» գիրքն իր ուրույն տեղն ունի 1990-ականից ի վեր գրված հայ նոր գրականության մեջ: Գրականություն, որն անցնում է փորձարկումների, ստուգումների ուղին ինքնամաքրման գործընթացով, որն անցնում է ազգայինի ու համամարդկայինի, աշխարհաքաղաքացու որոնումների միջով: Եվ ահա մեզ է ներկայանում եւս մեկ գիրք, որտեղ փորձ է արվում ներկայացնել մարդուն, բացահայտել նրա ներքինն ու այս աշխարհում ունեցած նրա առաքելությունը: Մարդ, ով նույնն է ամենուր իր ուրախություններով ու տխրություններով… «Հիշո՞ւմ է այգին նրանց դեմքերը: Չէ՜: Բազմություն են: Վանաձորի էն պարտադիր բազմությունը, որից կան բոլոր քաղաքներում, բոլոր գյուղերում: Աշխարհի երեւի բոլոր բնակավայրերում…»:

Այս գիրքը զերծ է շինծու, հորինովի, երեւակայական պատկերներից: Մեզ մատուցվող հերոսները պարզակենցաղ անձնավորություններ են իրենց յուրատեսակ ու եզակի աշխարհով: Իսկ այդ աշխարհում հեղինակը սոսկ դիտորդ չէ: Նա Թիֆլիս-Կիրովական-Երեւան մոգական եռանկյունու այն գնացքի ուղեւորն է, ով սիրում է իրականությունը, որը խտացած է անցյալով: Սերն է գրքի քարշիչ ուժը: Հեղինակի սերը, ով ոչ միայն սիրում է, նա հիացած է այդ կյանքով եւ նրա մեծ սիրահարն է: Որովհետեւ ամենից առաջ սիրում է կյանքն իր ընթացքի ողջ հերթագայություններով ու սլացքով՝ ծնունդից մինչեւ մահ: Նրան հուզում է մանկությունն իր ոսկեղեն երազներով, ներկան՝ գեղեցկության մեջ, եւ գալիքը, որի սերմերը հենց այս պահին են ցանվում: Դա կյանքն է… «Շունչներս տաք, սրտներս՝ զվարթ, գլուխներս՝ անհոգ… »:

Գրքի գլուխներից մեկն այսպես է վերնագրված՝ «Իմ փափուկ թախիծը»: Եթե ընդունված լիներ երկու վերնագիր տալ մեկ գրքին, ապա մյուսը հենց այդպես էլ կհնչեր…Փափուկ թախիծը եւ ոճ է, եւ կենսական փիլիսոփայություն ու եղանակ, որով ստեղծագործում է գրողը: Ստեղծագործում է, զգալով կյանքի գույներն ու հուզականությունը, նրա մեջ թաքնված շարժումն ու զգայական նուրբ ռիթմերը: Որոնո՞ւմ է, արդյոք, հեղինակը երջանկության բանաձեւը: Եվ կա,՞ արդյոք, այդ երջանկությունը…«Երջանիկ են երեւի այն մարդիկ, որոնք մեծանալով իրենց մանկությունը գտնում են նույն տեղում, նույն փողոցում ու նույն բակում: Գտնում են լիարժեք, անսպառ: Առանց ծննդավայրից փախուստների ու երկրաշարժերի, առանց պատերազմների…»:

Հարցի վերջնական պատասխանը մնում է ընթերցողին՝ ինչքան մարդ, այնքան երջանկության ուրույն դրսեւորում… Նաեւ կյանքի գեղեցկությունները, նրա փիլիսոփայական ըմբռնումներն են հեղինակի մտահոգության առարկան. «Երկինքը, ինչպես միշտ, ազնիվ է մեզ հետ: Երկինքը մեզ վերադարձնում է իրեն ուղարկված մեր հայացքները, մեր աչքերն ու մեր մտքերը»: Սակայն իրականությունը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաեւ անողոք: Նա ցավոտ խաղ է խաղում փոքրիկ քաղաքի հետ: Նա դատարկվում է, թողնելով մի ահռելի տխրություն, որ կարծես անվերադարձ է եւ որի անցյալ գեղեցկությունն այլեւս չի վերականգնվի…

«Ամեն անգամ մորս տուն գնալիս, երբ անցնում եմ այգու կողքով, ու լռությունը զնգոցով բերում է այգու դատարկությունը, ես մտովի նկարում եմ այն երկար, գնացքանման շենքը, որի շչակի հեռավոր սուլոցը դեռ շշուկներ է լցնում զբոսուղու վրա: Որքան մարդիկ են՝ ծանոթ ու անծանոթ, որքան դեպքեր՝ հայտնի ու անհայտ, որքան անձրեւներ՝ մեծ ու փոքր, որ եկել – անցել են այդտեղով՝ իրենցից ինչ-որ բան թողնելով ու տանելով: Հեռանալով այլ վայր, այլ երկիր՝ հեռանալով ընդմիշտ ու արտագաղթի ճամփաներով»: Հեղինակն ավարտում է գիրքն այն սերնդի մասին ամփոփումներով, որն անհետանում է կարծես, թողնելով, սակայն, մարդկային իր տեսակը…«Զո՞հ էինք: Ո՛չ: Մենք ավելին էինք. տեսակ, միգուցե, որն այդպես էլ անուն չունեցավ»: Մենք տեսակ էինք, – ահա հեղինակի պատասխանը: Տեսակ, որն այլեւս որեւէ ձեւով չի կրկնվի: Այդ տեսակն իր ուրույն հետքն է թողել անցած մի ողջ ժամանակաշրջանում եւ նույնիսկ ցանել այն սերմերը, որոնք հիմա էլ շարունակում են պտուղներ տալ: Իսկ կյանքն, այնուամենայնիվ, չի ավարտվում: Կյանքի ընթացքն ու բեղունությունն ամփոփված է մայրական կերպարի, նրա կենարար եւ արարչագործ ընթացքի մեջ՝ մայրական ներկայության փափագի մեջ, արտահայտված հավերժի ձգտումներով, որ հուզում են իրենց պարզությամբ եւ նույնիսկ՝ ողբերգականությամբ, մահկանացու մարդու հոգում միշտ հնչող ճիչի ողբերգականությամբ՝ «Մորս տեսնելիս այնպես հավատում եմ հավերժությանը… …երազելով երազում եմ, որ մայրս հավերժ ապրի այս այգու կողքին, այգու ծաղկի ու արեւի նման կենդանություն տա ամեն կորչող կարուսելի, ամեն մանկան երազանքի, ամեն մեռնող օրվա…»:

«Սադի տակի շենքը»… Գիրքը հետաքրքրությամբ է կարդացվում, որովհետեւ այնտեղ անցյալով ներշնչված ներկան է, ժամանակի համաչափ հյուսվածքը՝ խոր հուզականությամբ: Միգուցե նաեւ դրա՞ մեջ է գրականության եւ նրա որոնումների մեջ հարատեւող հեղինակների հաջողությունը:

Հովիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

«Առավոտ» օրաթերթ
26.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930