Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկոտ քննարկում Գյումրիում․ այս քաղաքը կունենա իր բնույթով եզակի փաստաթուղթ

Նոյեմբեր 26,2019 23:33

Գյումրին պատրաստվում է դառնալ Հայաստանի առաջին քաղաքը, որը կունենա երիտասարդական քաղաքականության մասին փաստաթուղթ։

Երեկ քաղաքապետարանի նիստերի դահլիճում այս քաղաքի երիտասարդների քննարկմանը ներկայացվեց փաթեթը, (այն ներառում է Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ հայեցակարգը, 2020-2021 թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերը), որը մշակել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համագործակցությամբ։ Երիտասարդների առաջարկները, դիտարկումները լսելուց հետո, այն վերջանական տեսքի կբերվի ու դեկտեմբերին կներկայացվի ավագանու հաստատմանը։

Քննարկմանը մասնակցում էին մեծ թվով երիտասարդներ․ դահլիճում նստելու տեղ անգամ չկար, այն անցավ բավական թեժ մթնոլորտում ու տևեց մոտ 4 ժամ։

Ինչպես նկատեց բանախոսը՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ -ի երիտասարդական աշխատանքի ու երիտասարդական քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը․ «Քաղաքի բյուջեի քննարկմանն անգամ այսքան մարդաշատ չի լինում դահլիճը»։

Աննա Եղոյանը, փաթեթը ներկայացնելիս, ասաց․ «Երիտասարդական քաղաքականությանը պետք է ցուցաբերել լրջագույն մոտեցում բոլոր մակարդակներում՝ տեղական, մարզային, ինչպես նաև ռազմավարական մոտեցում մեր կազմակերպությունների ներսում։ Շատ կարևոր է, որ մեր ուժերը մեկտեղենք, քանի որ երիտասարդությունը Հայաստանի ապագան չէ , այլ մեր երկրի ներկան է, և երիտասարդությունը պրոբլեմ չէ, որը պետք է միասին լուծենք, այլ հնարավորություն է, որը պետք է լավագույնս օգտագործենք՝ ի նպաստ մեր պետության, մեր համայնքների զարգացման»։

Բանախոսը հիշեցրեց, որ Գյումրին միակն է, որն ունի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, ունի նաև համայնքային երիտասարդական պալատ և այս քաղաքում կան ամենամեծ թվով երիտասարդական աշխատանքի մոդելներ, ոլորտի փորձագետներ։

«Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի որևէ այլ քաղաք, ներառյալ մայրաքաղաքը չունի երիտասարդական քաղաքականության նկատմամբ նմանատիպ լրջագույն մոտեցում», ասաց Աննա Եղոյանը։

Նա հիշեցրեց, որ արդեն երկրորդ տարին է՝ ինչ ՀՀ-ում չկա երիտասարդական քաղաքականության ռազմավարություն, իշխանափոխության արդյունքում այդ գործընթացը կանգնել է, և որ սահմանադրական փոփոխությունների պատճառով էլ չենք կարող ունենալ նոր ռազմավարություն՝ նախքան «Երիտասարդության մասին օրենք» ունենալը։ Ըստ բանախոսի, պետության համար առաջնայինը «Երիտասարդության մասին» օրենք ընդունելն է, որից կբխի երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը։

«Հարց է առաջանում, թե ինչո՞ւ չի կարելի ունենալ մեկ պետական երիտասարդական քաղաքականություն, և բոլորս հիմք ընդունելով այդ քաղաքականությունը  ՝ շարունակենք։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով շատ փոքր, նաև շատ բազմաշերտ է, և երիտասարդները իրենց խնդիրներն ունեն շատ տարբեր մակարդակներում, որոնք կապված են իրենց համայնքի հետ։ Եթե մենք խոսում ենք սահմանամերձ Տավուշի մարզի երիտասարդների մասին, որոնք շփման գծում են ապրում և Գյումրիի տնակային ավանում ապրող երիտասարդի մասին, իրենց կարիքները, իրենց ակնկալիքները շատ տարբեր են միմյանցից։ Ես այս երկու խմբին նույնիսկ չեմ էլ ուզում միացնել Երևանի երիտասարդին, ով ավելի շատ հնարավորություններ ունի, ում փողոցները տարին երկու անգամ ասֆալտապատվում են, ով կարող է ընդգրկվել տարբեր տեսակի պրոցեսներում, երիտասարդական կառույցներում և ուղղակիորեն մասնակցել պետական քաղաքական գործընթացներին՝ զբաղեցնելով պաշտոններ և այլ, և այլ», -փաթեթի կետերը ներկայացնելիս՝ ասաց Աննա Եղոյանը:

Նա տեղեկացրեց, որ երիտասարդության համար համայնքն ունի բյուջե․ այն տարեկան մոտ 10 միլիոն դրամ է կազմում ու տրամադրվում է հասարակական կազմակերպություններին՝ երիտասարդների համար տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար։

Նշենք, որ հանդիպումն անցավ բավական թեժ մթնոլորտում, մի պահ մասնակիցները շեղվեցին բովանդակային քննարկումից՝ այն վերածելով միմյանցից պարզաբանումներ պահանջելու հարթակի։ Մասնավորապես, ակնհայտ դարձավ, որ «Գյումրու երիտասարդական պալատ»-ի ժ/պ-ի ու քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետի միջև կան որոշակի տարաձայնություններ, դա ի ցույց դրվեց։

«Երիտասարդական պալատ»-ի տնօրենի ժ/պ Լիլիթ Մակարյանը նեղվեց, որ թեև Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը հանդիսանում է տվյալ նախագծի համահեղինակ կամ իրականացնող, սակայն իր կառույցից կարծիք չեն հարցրել, ավելին, քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետը իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում երիտասարդական պալատ չի այցելել։

Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը հակադարձեց, որ բազմիցս է այցելել ու առաջարկեց այս հարցերի շուրջ խոսել մեկ այլ ձևաչափով, մեկ այլ բովանդակային քննարկման ժամանակ, քանի որ այժմ ռազմավարական ծրագրի փաթեթն է քննարկվում։

Նաև կարծիքներ հնչեցին, որ ծրագրային դրույթների մեջ պիտի բացառել կոռուպցիոն ռիսկեր պարունակող կետերը, պետք է այնպես անել, որ համայնքային բյուջեից ֆինանսավորվող մշակութային ծրագրերը չիրագործվի նույն կազմակերպության կողմից, ընդ որում առանց մրցույթի, ինչպես որ արվում է վերջերս։

Քննարկման ավարտին շահագրգիռ կողմերին մեկ շաբաթ ժամանակ տրվեց իրենց առաջարկները ներկայացնել օն-լայն, որից հետո փաստաթուղթը կամբողջականացվի, հաշվի կառնեն նաև հանրային քննարկման ժամանակ հնչած դիտարկումները ու կհանձնեն ավագանու դատին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Арташес Бояджян says:

    Հերթական թղթին հանձնված ծրագիր, որը իրականության հետ կապ չունի եւ մնալու է թղթի վրա:

    • Կարեն Տերտերյան says:

      Պարոն Բոյաջյան, կարծում եմ Դուք այլ փաստաթղթերի (ծրագրի) հետ եք շփոթում։ Ժամանակին այս փաստաթղթերը մշակվել են «Կոմպասի» հետ համագործակցությամբ ու դրանց մասին տեղյակ էիք։
      Որպես հավելում նշեմ, որ այս պահին ՀՀ-ում չկա մեկ այլ համարժեք ոլորտային նմանատիպ փաստաթղթերի փաթեթ, առավել ևս, որ դրանք հիմնված են համապարփակ ու խոր հետազոտության վրա և լիովին ներկայացնում են իրականությունը։ Իսկ այժմ ամեն ինչ արվում է, որ դրանք գործադրվեն։

  2. Հայկ Զաքարյան says:

    Նման քննարկումները չեն կարող համարվել հանրայինԼՆախ անհրաժեշտ էր փաստաթուղթը հանրայնացնել,որպեսզի հանրությունը մինչ քննարկումը տեսակետներ,կարծիքներ ձևավորեր: Սա ուղղակի փաստաթղթի ներկայացում էր,ու ավելի շատ նման էր նշված փաստաթղթի պարտադրանքի: Մասնակիցների առումով քչերն էին,որ ներկայացված էին տարբեր կառույցներից հիմնականում ներկաները մի քանի կազմակերպություններից էին,ինչպես միշտ: Իսկ ձևաչափը ավելի շատ նման էր կոլխոզային ժողովի……Եթե կա իրոք ցանկություն ուրեմն պետք է նորից սկսել….

    • Վալյա Մարտիրոսյան says:

      Ցավոք բաց եք թողել հանրային-քննարկման մասին հայտարարությունը, որտեղ նաև բաց տեղադրված էին այդ փաստաթղթերը։ https://www.facebook.com/events/568340287041101/?active_tab=about

      Ամեն դեպքում՝ նյութերը մինչ օրս էլ հասանելի են բոլորին, և ավելին, կա հնարավորություն՝ մեկնաբանություններ և/կամ առաջարկություններ թողնելու։ Խնդրեմ ծանոթացեք այդ փաստաթղթերին հետևյալ հղման ներքո․ https://drive.google.com/drive/folders/1KfdIVgIszNf8_uRq9SfJU91PPc0Fu25u?fbclid=IwAR3I7NjqGbsG0D8_AQVmvxjuMP-DH3pvpURCAi_yDrHoKCMRh6_QJyzYZw8

      Ինչ վերաբերում է ձևաչափին՝ հասկանալի է, որ բացակա լինելու պատճառով այդ թյուր կարծիքին եք։ Հանդիպումն անցել է շատ բուռն և հնչել են մի շարք կարծիքներ, որոնց ուղղությամբ դեռ պետք է աշխատել։

    • Կարեն Տերտերյան says:

      Հարգելի Հայկ Զաքարյան,
      Թեմայի վերաբերյալ ունեք թյուր տեղեկատվություն։
      Ժամանակին փաստաթղթերի փաթեթը մշակվել է աննախադեպ մասնակցային ձևաչափով։ Ամսի 25-ի քննարկումից 7 օր առաջ փաստաթղթերի նախագծերը հրապարակվել են, այդ մասին զանգերով և առցանց տեղեկացվել են շահագրգիռ կառույցներն ու անհատները։ Քննարկման մասին միայն ֆեյսբուքի միջոցով տեղեկացել է ավելի քան 7.600 հոգի՝ կեսից ավելին գյումրեցիներ։ Հանդիպումը բաց է եղել, առանց որևէ սահմանափակման։ Եկել են ով կարողացել է ու ում հետաքրքիր է եղել։ Ներկա է գտնվել 100-ից ավել հետաքրքրված մարդ (ստիպված ենք եղել փոխել նախապես որոշված դահլիճը ավելի մեծով։ Մեծ դահլիճում ազատ տեղ էլի չի մնացել, մի քանիսը մնացել են ոտքի վրա)։ Հանդիպումը տևել է 3 ժամից ավելի, որի սկզբում մեկ անգամ ևս ներկայացվել են նախագծերի մշակման նպատակներն ու նախապատմությունը, ինչպես նաև որոշ դրույթներ։ Դրանից հետո եղել են քննարկումներ, առաջարկներ ու դիտարկումներ։
      Այսով կխնդրեմ հաջորդ անգամ միայն մեկ-երկու կրճատ / մոնտաժված / խմբագրված նյութեր նայելով համոզված կարծիքներ չկազմել ու ձեռնպահ մնալ անհարկի մեկնաբանություններից ու վիրավորական ձևակերպումներից։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930