Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Պետրոսյան. «Պետք է շարունակել սկսվածը»

Նոյեմբեր 26,2019 23:03

Ուղիղ երեսուն տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդն ընդունեցին համատեղ որոշում՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

Եվա ահա երեսուն տարի անց զրուցում ենք այդ իրադարձությունների գլխավոր դերակատարներից մեկի՝ ՀՀ ԳԽ առաջին գումարման պատգամավոր, ԼՂՀ ՆԳ նախկին փոխնախարար Ռազմիկ Պետրոսյանի հետ:

– Երբ արդեն Արցախյան շարժումը թափ էր առել, ես և Շարժման ակտիվիստներ Վլադիմիր Գևորգյանը, Ռոլես Աղաջանյանը, Մաքսիմ Միրզոյանը, Վոլոդյա Աղաջանյանը Ղարաբաղի կոմունիստների պլենում կազմակերպելու նպատակով մեկնեցինք շրջաններ: Հավաքեցինք Ղարաբաղի կոմունիստների մեկ երրորդի ստորագրությունները, որոնք կազմում էին երկու տուփ և Արկադի Մանուչարովի հետ բերեցինք հանձնեցինք կուսակցության մարզային կոմիտեին:

Պլենումը կայացավ, հավանություն տվեց Հայաստանին միանալու մարզխորհրդի որոշմանը, որը չէր էլ կարող բեկանվել՝ ըստ գործող կարգի: Եվ ահա դրանից հետո ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները Ղարաբաղում դադարեցրին տեղական իշխանությունների լիազորությունները և ստեղծեցին հատուկ կառավարման կոմիտեն:

Ու ինչքան էլ որ Արկադի Վոլսկին լավ լիներ տրամադրված, միևնույն է, Կոմիտեն չէր կարողանում կառավարել երկիրն արդյունավետ կերպով: Մենք բոլոր շրջանների շրջկոմների առաջին քարտուղարների, ինչպես նաև շարժման առաջնորդների՝ Ռոլես Աղաջանյանի, Համլետ Գրիգորյանի, Արմո Ծատուրյանի, Վարդան Հակոբյանի և այլոց հետ քննարկեցինք Ազգային խորհուրդ ստեղծելու հարցը: Իսկ դրա անհրաժեշտությունը տեսնում էինք նրանից, որ Դաշնակցությունն այստեղ արդեն բջիջ էր ստեղծել, հհշամետ ուժերն էլ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ստեղծել էին «Միացում» կազմակերպությունը, և դիմակայությունն արդեն ուրվագծվում էր:

Ի դեպ, դաշնակները հինգ հատ համակարգիչ էին բերել Հունաստանից, որ այն ժամանակների համար հազվագյուտ բան էր: Քանի որ արդեն ճանապարհները փակ էին, դիմել էին մարզխորհրդի ղեկավար Սեմյոն Բաբայանին, վերջինս էլ մատնանշել էր ինձ, որ կկարողանամ կազմակերպել դրանց անվտանգ անցկացումը Ղարաբաղ: Ի դեպ, համակարգիչները միացնելուց, մոնիտորներին հայտնվում էր «Կեցցե՛ դաշնակցությունը» նախադասությունը: Ու ես ասում էի բոլորին՝ այդ թվում և դաշնակներին, որ սա համազգային պայքար է, և պետք է մեկտեղվեն և դաշնակի, և հհշականի, և կոմունիստի, և հնչակյանի ուժերը:

Գումարեցինք ԼՂԻՄ ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումար: Եվ որպեսզի ամեն ինչ լիներ հնարավորինս արդարացի և ճիշտ, ադրբեջանցիներին ևս հրավիրեցինք մասնակցելու աշխատանքներին, սակայն ստացանք կտրուկ մերժում: Եվ ահա այս պայմաններում ստեղծեցինք Ազգային խորհուրդը, որ պատմական կարևորագույն նշանակություն ունեցավ արցախցիների կյանքում: Մենք դիմեցինք նաև աշխարհի դեմոկրատական պետություններին ու Միացյալ ազգերի կազմակերպությանը՝ մեր Շարժման, նրա նպատակների, քաղաքակիրթ աշխարհում մեր ժողովրդի դերակատարության մեր պատկերացումների մասին: Իսկ հետո եղավ 1989-ի դեկտեմբերի 1-ի պատմական որոշումը, որն, իմիջիայլոց, դեռևս ուժի մեջ է:

 -Իսկ Հայաստանի՝ այն ժամանակ դեռևս կոմունիստների իշխանության տակ գտնվող ԳԽ-ն ի՞նչ վերաբերմունք դրսևորեց: Դուք անձամբ ելու՞յթ եք ունեցել:

-Այո, իհարկե, ես ելույթ եմ ունեցել, ելույթ են ունեցել ուրիշ շատերը: Բոլորն էլ ողջունում էին վերամիավորման գաղափարը: Եվ պիտի նշեմ ՀՀՇ-ի շատ դրական դերակատարության մասին: Ես իմ ելույթում խոսել եմ այն մասին, որ անհրաժեշտ է վերամիավորվել, քանզի պատերազմն անխուսափելի է, և այդպես ավելի հեշտ է լինելու դիմակայել հակառակորդին:

-Այսինքն, Դուք չէի՞ք հավատում, որ խաղաղ ձևով կկարգավորվի հարցը:

-Իհարկե, ոչ: Այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Մանուչարովը կարծիք էին հայտնում, որ պետք է դիմել ՄԱԿ-ին ու Եվրոպային, ես ասում էի, որ պատերազմն անխուսափելի է, և պետք է դրան պատրաստվել համակողմանիորեն, զինվել: Ես դիմել էի նաև Խորհրդային Հայաստանի իշխանություններին, որպեսզի մի 500 միլիցիայի աշխատակից ուղարկեն Ղարաբաղ, որովհետև դա կնշանակեր նաև 500 միավոր զենքի մուտքը Ղարաբաղ:

-Իսկ որոշման կայացմանը հետևեցի՞ն կոնկրետ քայլեր, եղա՞վ օգնություն:

-Այո: Արդեն հաջորդ տարի՝ 1990-ին կայացած ԳԽ ընտրություններում ընտրատարածքներ ձևավորվեցին նաև Արցախում, որտեղից նույնպես ընտրվեցին Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ: Իսկ խոսելով օգնության մասին, պիտի նշեմ, որ այն համակողմանի էր: Ուզում եմ հատկապես հիշատակել Վլադիմիր Մովսիսյանի ջանքերն ու ներդրումը: Ասեմ նաև, որ արդեն 1990 թվականից մեր ֆինանսավորումն իրականացվում էր Հայաստանից, որտեղից և աշխատավարձ էին ստանում Արցախի շատ հիմնարկությունների աշխատակիցներ: Մի խոսքով, վերամիավորման գործընթացն արդեն ամբողջ թափով ընթացքի մեջ էր: Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկեցինք, որ միացնենք նաև ուժային կառույցները, բայց նա դրան չգնաց:

-Իսկ ուրիշ ի՞նչ առարկայական քայլեր կատարվեցին, որոնց մասին արժեր իմանալ երիտասարդ սերնդին:

-Այն ժամանակ Ղարաբաղ եկավ երջանկահիշատակ Ալբերտ Հովհաննիսյանը, ով հանդիսանում էր Հայաստանի կոոպերատիվների միության նախագահը: Այստեղ ևս ստեղծվեցին կոոպերատիվներ, որոնց անվան տակ բազմաթիվ երիտասարդներ եկան պաշտպանելու Ղարաբաղը (որպես Գորբաչովի նախաձեռնած և մի տեսակ լայն ընդունելություն գտած նորության՝ կոոպերատիվների անդամության անվան տակ նրանք Արցախ բերված ռուս իրավապահների ուշադրությունից դուրս էին մնում, դա մի տեսակ քողարկում էր):

-Իսկ ի՞նչ կասեք նոր իշխանությունների վարած քաղաքականության մասին:

-Մինչ այդ նշեմ, որ Արցախյան կարգավորման ուղղությամբ Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականությունն անպտուղ էր: Նույնը կարող ենք ասել նաև Ալիևի մասին, ով ավելի շատ զբաղված էր նավթից օգուտ քաղելու գործով: Նրանք միայն ջուր էին ծեծում: Որպես Շարժման ակունքներում կանգնած մեկը, պիտի նշեմ, որ Փաշինյանը մեր շարժման հետևորդն է, շարունակում է մեր շարժումը, բայց սխալներն էլ քիչ չեն՝ հների կարծիքը հաշվի չի առնվում (չնայած պիտի ասեմ նաև, որ այնքան շատ բան է անում, որ սխալները չեն էլ երևում): Մինչդեռ հիմա միացման համար, իմ խորին համոզմամբ, ամենալավ պայմաններն են առկա: Այդ ճանապարհին անհրաժեշտ է բարելավել ժողովրդագրական իրավիճակը՝ այստեղ պիտի ապրի առնվազն 200-250 հազար մարդ (ի դեպ, 1990-ականների սկզբում 198 հազար մարդ էր ապրում Արցախում՝ Սումգայիթից ու Ադրբեջանի այլ վայրերից եկած մեր հայրենակիցներին վերաբնակեցրել էինք Ղարաբաղում): Եվ այստեղ բնակվողներին պետք է հող տրամադրել՝ կապելով նրան հողի հետ: Երկրորդ պայմանը դա լավ զինվելն է՝ այս առումով մենք Ադրբեջանին գոնե պիտի չզիջենք:

1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումն ուժի մեջ է, ոչ ոք այն չի բեկանել: Պետք է շարունակել սկսվածը:

 Զրուցեց Կարեն Միրզոյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930