«Մենք չենք իրականացնում կառավարությանը աջակցող ծրագրեր, մեր ծրագրեր ենք իրականացնում երկրին եւ բնակչությանն աջակցող»,-ասաց ԵՄ արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության կառավարիչ, տնօրենի տեղակալ Լյուկ Դեւինը պատասխանելով հարցին՝ ի՞նչ նոր առաջարկներ ունի ԵՄ-ն Հայաստանի համար՝ հաշվի առնելով ժողովրդավարական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում։
Այսօր պարոն Դեւինն ու ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հանդես եկան մամուլի ասուլիսով՝ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ:
Պարոն Դեւինն ասաց, որ ԵՄ-ն չի օգտագործում իր համակարգը պատժելու կամ խրախուսելու համար որեւէ երկրի. «Ի՞նչ է մեզ պետք՝ կոնկրետ օբյեկտիվ արդյունքներ։ Եթե լինեն արդյունքներ, եւ իրոք կառավարությունը կարողանա լուծել այնպիսի հարցեր, որոնք վաղուց Հայաստանում որոշվել են որպես խնդրահարույց, ենթադրենք՝ ներդրումների հետ կապված եւ այլն: Ըստ էության, խոսքը օրենքի գերակայության, իրավական բարեփոխումների, ոստիկանության բարեփոխումների, արդարադատության հաշվետվողականության մասին է։ Եվ, եթե, իրոք, դուք ունեք կառավարություն, որը լուծում է այս խնդիրները, որոնք միշտ մատնանշվել են ԵՄ-ի կողմից որպես զարգացման բացակայության օբյեկտիվ պատճառ, որպես խոչընդոտ, այդ դեպքում, իհարկե, մենք կարձագանքենք ոչ թե այն պատճառով, որ դուք նոր կառավարություն եք, այլ որովհետեւ դուք ճիշտ բան եք արել, ճիշտ քայլ եք կատարել։ Մենք անում ենք դա, եւ մենք հարմարեցնում ենք մեր աջակցությունը այն ամենին, ինչ որ մենք տեսնում ենք երկրում»։
Ասուլիսի մասնակից Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն էլ հավելեց. «Ես ուզում եմ հստակ նշել, առաջին անգամ դուք տեսնում եք, որ բարեփոխումների իրականացումից հետո ԵՄ-ն Հայաստանին տրամադրվող աջակցությունը կրկնապատկում է: Մեր տված աջակցության ուղիղ կեսն այն պատճառով է, որ մենք տեսնում ենք այդ բարեփոխումները, մենք խորքային գնահատում ենք անում, որը ցույց է տալիս՝ զգալի առաջընթաց կա: Մենք ավելացրել ենք աջակցության չափը, 28,5 մլն եվրո հատկացրել ենք աջակցելու այն գործողություններին, որոնք կատարվում են երեք մարզերում՝ Լոռի, Շիրակ, Տավուշ, դրանք զբոսաշրջությանը, սննդարդյունաբերությանը խթանող ծրագրեր են»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ