Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք տարածքային ինչ-որ հարցերի մասին չենք խոսում». ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը՝ Թյուրքալեզու պետությունների միություն ստեղծելու մասին

Նոյեմբեր 26,2019 20:45

Հոկտեմբերի 14-ին Բաքվում կայացավ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի՝ Թուրքական խորհրդի  7-րդ գագաթաժողովը: Խորհրդի ստեղծման մասին նախիջևանյան համաձայնագիրը 2009 թվականին ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները: Թյուրքական խորհրդի նախաձեռնողը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր: Խորհրդի 7-րդ գագաթաժողովում խորհրդի պատվավոր նախագահ հայտարարված Ղազախստանի նախկին նախագահը խոսեց այն մասին, որ հասունացել է թյուրքալեզու պետությունների միություն ստեղծելու անհրաժեշտությունը: Այժմ քննարկվում է նաեւ միացյալ թուրքերեն լեզու ունենալու հարցը, ինչը կխթանի թյուրքալեզու ժողովուրդների ինտեգրումը։

Նորսուլթան Նազարբաեւի՝ թյուրքալեզու պետությունների միություն ստեղծելու մասին արած հայտարարությունը Հայաստանում միանշանակ չի ընկալվել, մանավանդ, որ նույն գագաթաժողովում հնչեց Իլհամ Ալիեւի հայտնի հայտարարությունը Զանգեզուրի մասին: «Ինչպես գիտեք, Նախիջևանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջև պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

Թուրքիայի նախագահն էլ ասել էր. «Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար: Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»: Գագաթաժողովի ընդունած բանաձեւում անդրադարձ կա նաեւ արցախյան խնդրին: Այդ բանաձեւում, որը ստորագրել են հավաքի մասնակից բոլոր պետությունների ներկայացուցիչները, Հայաստանը «ագրեսոր» է որակվել:

Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, որ Ղազախստանի նախկին նախագահի հայտարարությունը՝ Թյուրքալեզու պետությունների միություն ստեղծելու մասին, Հայաստանում միանշանակ չի ընկալվել, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը պատասխանեց. «Տարբեր պետությունների միավորումը, տարբեր բազմակողմանի միջազգային հարթակներում՝ լեզվական հիմքի ընդհանրություններով, նորմալ գործընթաց է: Եթե ես չեմ սխալվում, Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է եւ Ղազախստանը երբեք այդ առիթով տարակուսանքներ կամ չհասկացվածություն չի ցուցաբերել: Ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է անհարմարություն զգա, եթե թյուրքական լեզուներով խոսող պետությունները միասնական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գան»:

Ինչ վերաբերվում է դիտարկմանը, որ Ղազախստանի նախագահի հայտարարությանը հետեւեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների միլիտարիստական հայտարարությունները, դեսպան Ուրազաեւը ասաց, որ նման հայտարարությունների առիթով հարցերը Ղազախստանին չեն կարող ուղղված լինել. «Խնդրում եմ, այդ հարցերն ուղղեք նրանց, ովքեր խոսում են դրա մասին: Մենք տարածքային ինչ-որ հարցերի մասին չենք խոսում, մենք խոսում ենք արդեն իսկ գործող հարթակի՝ Թյուրքալեզու պետությունների խորհրդի մասին, որը իր հարուստ մշակութային ժառանգությունը, լեզուն եւ պատմությունը պահպանելու մարդասիրական նպատակ է հետապնդում»: Դեսպանը հորդորեց՝ մարդասիրական թեմաները չքաղաքականացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930