Լրահոս
Օրվա լրահոսը

Տուֆից շենքեր, ֆինանսական խնդիրներ, ադրբեջանցիներին նմանվող ղարաբաղցիներ. Ինչ է տեսել և ինչից է զարմացել ադրբեջանցի լրագրողը

Նոյեմբեր 26,2019 22:00

Նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այց Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Հայաստան ժամանած ադրբեջանական 1news.az գործակալության լրագրող Էլշան Ռուստամովը կիսվել է տպավորություններով:

Հիմնական հոդվածին նախորդում է գործակալության խմբագրի կողմից նախաբան, որում նա կարևորում է նմանատիպ այցերը:

«Եթե նախկինում հայ և ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպում էին չեզոք տարածքում, ինչը, անկասկած, նույնպես նպաստում էր հակամարտության իրողությունները և պատճառներն ավելի լավ հասկանալուն.. ապա նման այցերը առաջնագիծ թույլ են տալիս տեսնել իրավիճակը»,- գրում է խմբագիրը:

Ըստ նրա՝ ոչ պակաս կարևոր կարող է լինել նաև հայ գործընկերների այցը Բաքու՝ «գեղեցիկ, ժամանակակից, բազմազգ մեգապոլիս»: «Նրանց հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ կարևոր է հենց նույն պատճառներով՝ մեզ հարկավոր է ուղիղ շփում»,- ասվում է հոդվածում:

(Հարկ է նշել, որ Ադրբեջան այցելած հայ լրագրողները մի քանի անգամ շեշտել են, որ հանդիպում ԼՂ ադրբեջանական համայնքի հետ չի եղել, պարզապես հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներից մեկին մասնակցել է նաև այդ կազմակերպության ներկայացուցիչը):

Հեղինակը պատմում է, որ ինքը որպես 1news.az-ի խմբագիր նախկինում էլ հնարավորություն է ունեցել հանդիպելու հայ լրագրողների հետ, բայց այդ ժամանակ իր մոտ տպավորություն էր ստեղծվել, որ հայ հասարակությունը գտնվում է իշխանությունների կողմից ձևավորված ադրբեջանցիների նկատմամբ ատելության պատրանքի տակ, իսկ ԼՂ-ից գործընկերների հետ շփումներում նախկինում նրա մոտ տպավորություն էր ստեղծվել, որ նրանք հորինել են հակամարտությունից և ցանկանում են վերադառնալ բնականոն կյանքի:

Խմբագրի ներածականից հետո անցում է կատարվում լրագրողի բուն ռեպորտաժին՝ Հայաստանյան այցի տպավորություններին:

«Ես կյանքում երբեք ադրբեջանցու չեմ հանդիպել»,- այսպես է սկսում ադրբեջանցի լրագրող Էլշան Ռուստամովն իր հոդվածը՝ այդպես մեջբերելով Երևանում իրենց ուղեկցող կնոջ խոսքերը: Հետո զարմանք է հայտնում, որ երբ նա պատմում էր Երևանի պատմությունը, «դրանում ամբողջությամբ բացակայում էր որևէ հիշատակում ադրբեջանական ժառանգության, մեր նախնիների մասին, որոնք հարյուրամյակներով ապրել և արարել են այդ տարածքում»:

Հեղինակը գրում է, որ Հայաստան և ԼՂ այցը կարելի է համարել իր կյանքի «ամենակարևոր և ամենահետաքրքիր իրադարձություններից մեկը»: Հատկապես հետաքրքրիր էր տեսնել Երևանում գտնվող և «1766թ. Հուսեյնալի-խան Քաջարի կողմից կառուցված Կապույտ մզկիթը և այնտեղ գտնել գեթ մեկ հիշատակում իմ ժողովրդի պատմության մասին»: Նա հիասթափություն է հայտնում, որ, ցավոք, նման բան չի գտել: «Չնայած, եթե հայկական կողմն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա առաջին հերթին պետք է իր քաղաքացիներին հրամցնի իրական պատմությունը»,- կարծում է նա:

Հեղինակը նկատում է, որ Հայաստանը հակասությունների երկիր է, որտեղ կտրուկ տարբերություն է նկատվում շրջանների և մայրաքաղաքի միջև, քանի որ, երբ մեքենայով անցել է Երևանով, նկատել է ոչ բարվոք վիճակում գտնվող տուֆից տներ, որտեղ «80-ականները կանգ են առել»:

Դիլիջանից Երևանի ճանապարհին ադրբեջանցի լրագրողը չի տեսել «ոչ մի պատշաճ ռեստորան կամ խանութ»: Այնուամենայնիվ, հավելում է՝ գուցե կար, բայց իրենց ճանապարհին չի հանդիպել, բայց դա «մեզ խիստ զարմացրեց»:

Լրագրողը նկատել է, որ Հայաստանի ճանապարհներին շինարարական աշխատանքներ են ընթանում, և իրենց պատմել են, որ Փաշինյանի օրոք ավելի շատ ճանապարհ է բարեկարգվել, քան Սերժ Սարգսյանի ողջ նախագահության ընթացքում: Շփումներում էլ նա նկատել է, որ Հայաստանում ատում են ոչ միայն Սարգսյանին, այլև նրա ընտանիքի անդամներին և ողջ ցեղը:

«Հասնում ենք Երևան… Քաղաքի կենտրոնում է գտնվում Հյուսիսային պողոտան, որտեղ կարելի է տեսնել նոր շենքեր: Հաշվի առնելով, որ շենքերի երեսպատման համար օգտագործվում է միևնույն քարը՝ տուֆը, տպավորություն է ստեղծվում, թե քաղաքը միևնույն գույնի է: Այստեղ արգելվում է կառուցել այնպիսի շինություններ, որոնք չեն մտնում քաղաքի ընդհանուր նախագծի շրջանակում: Քանի որ Երևանը գտնվում է սարի վրա, օդը մաքուր է, սառը»,- ադրբեջանցի լրագրողի տպավորությունը, համենայն դեպս, այսպիսին է:

Իր այցից Ռուստամովը եզրակացրել է, որ Հայաստանում սփյուռքի նկատմամբ պաշտամունք կա. «Ինչ մեզ ցույց էին տալիս, ֆինանսավորվել է սփյուռքի կողմից»: Որպես օրինակ՝ բերում է Դիլիջանի միջազգային դպրոցը, որը ֆինանսավորվել է հայ բարերար Ռուբեն Վարդանյանի կողմից: Բացի այդ, լրագրողը նկատել է, որ Հայաստանում ամենուր կարելի է հանդիպել Շարլ Ազնավուրի և դերասան Ջորջ Քլունիի նկարները:

Մյուս կողմից, Ռուստամովը մայրաքաղաքում կամ մարզերում չի նկատել «մասշտաբային ենթակառուցվածքային նախագծեր», ինչը, ըստ նրա, «վկայում է պետության ֆինանսական հնարավորությունների բացակայության մասին»: «Այժմ Հայաստանում, եթե հավատանք պաշտպանական տեղեկատվությանը, հիմնական շեշտը դրվում է ՏՏ-տեխնոլոգիաների զարգացման վրա, այդ ոլորտում ներգրավված ընկերությունների թիվը գերազանցում է 850-ը, իսկ ծրագրավորողների թիվը՝ 20 հազարը»,- գրում է նա:

Հետո լրագրողը կիսվում է շախմատի դպրոցից ստացած տպավորություններով, որտեղ նրանց «բավականին սիրալիր» ընդունել է շախմատիստ Լևոն Արոնյանը: Այնուամենայնիվ, նկատել է, որ շենքը խորհրդային տարիներին է վերանորոգվել՝ պատառոտված գորգեր, հին հեռուստացույց, ինչպիսին լրագրողը «վերջին անգամ տեսել էր 90-ականներին»:

Մարդկանց հետ շփումներում բացասական վերաբերմունք չի նկատել, «չնայած, երբեմն, արհամարհական ռեպլիկներ էին հնչում»: Հետո հստակեցնում է, որ իրենք հանդիպում էին ոչ թե հասարակ մարդկանց հետ, այլ նրանց, ում նախապես զգուշացվել էր իրենց այցի մասին, և նրանք պատրաստված էին:

«Գլխավոր հարցերից մեկը, որ մեզ տալիս էին Երևանում գրեթե բոլորը ում հետ հանդիպում էինք, այն էր, թե «իսկապե՞ս Բաքվում 20-30 հազար հայ է ապրում»: Հայաստանում շատ ամուր կարծրատիպեր ունեն ադրբեջանցիների մասին, նրանք չեն կարողանում որևէ կերպ պատկերացնել, որ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում հնարավոր է նման թվով հայերի գոյությունը»,- գրում է նա՝ հետո հավելում, որ Հայաստանում ադրբեջանցիների թվի վերաբերյալ իրենց հստակ պատասխան չեն տվել:

Իր այցի արդյունքում լրագրողը եզրակացրել է, որ Հայաստանում «միանգամայն աղավաղված տեղեկատվություն են ստանում Ադրբեջանի մասին» և «լիարժեք բացակայում է վստահությունը» ադրբեջանցիների նկատմամբ, այնուամենայնիվ, «կային նաև հայեր, որոնք հիշում էին խորհրդային խաղաղ համագոյակցության տարիները ադրբեջանցիների հետ»:

Հետո լրագրողը, կարծես իմիջայլոց, հեգնում է «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի այն հայտարարությունը, թե ադրբեջանցի լրագրողները համոզվեցին, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել: «Պարզվում է, … Ալավերդյանը էքստրասենսի հատկություններ ունի»,- հեգնել է Ռուստամովը:

Հակամարտության կարգավորման մասին իր տպավորություններով Ռուստամովը կիսվել է մեկ այլ հոդվածում՝ նկատելով, որ Հայաստանի հայերի և ԼՂ-ում ապրող հայերի միջև մեծ տարբերություն կա, անգամ «Ղարաբաղի որոշ հայեր արտաքինով հիշեցնում էին մեր լեռնային շրջանների բնակիչներին»:

«Ինձ մոտ տպավորություն է, որ երևանցիները, այսինքն` նրանք, ում հետ հանդիպել ենք, առանձնապես հետաքրքրված չեն հակամարտության կարգավորմամբ: Այո՛, նրանք կարող են ասել, որ այդ հարցը կարևոր նշանակություն ունի, որ Ղարաբաղը երբեք չեն վերադարձնի… Բայց դրանով հանդերձ այդպիսի ամեն հայտարարությունից «փչում էր» անպատասխանատվություն, և կասեի անգամ անտարբերություն,- գրում է հեղինակը:- Այլ բան է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը: Նրանց լրջորեն մտահոգում է հակամարտության չկարգավորված լինելը»:

Ռուստամովը նկատում է, որ հայ լրագրողների, հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներում, «իրավիճակը թուլացնելու համար» իրենց մի քանի անեկդոտ են պատմել: Լրագրողի մոտ տպավորություն է ստեղծվել, որ հայերը կյանքի ցանկացած իրավիճակի համար ունեն հումորային պատմությունների մի ամբողջ շարք:

Հեղինակը նաև հայաստանյան այցի ընթացքում ամենուր նկատել է «հայկական քարոզչություն»: Նրա ուշադրությունը, մասնավորապես, գրավել է այն, որ ամենուր կարելի է տեսնել «հայտնի ահաբեկիչ Մոնթե Մելքոնյանի» լուսանկարները, ինչպես նաև Փաշինյանի նկարով շապիկներ: «Հայկական քարոզչության» հետքեր նկատել է նաև հյուրանոցում, որտեղ պատին փակցված տեսել է Հին Հայաստանի քարտեզը: Մտածել է՝ դիտավորյալ են արել:

Վերջում Ռուստամովը եզրակացրել է, որ «հայելային» այցերը կարող են շարունակություն ունենալ, բայց պարտադիր կերպով պետք է կազմակերպել նաև հայ և ադրբեջանցի քաղաքագետների հանդիպումներ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930