Լրահոս
Օրվա լրահոսը

Դալմայի այգիներում պատմական հնձանները վտանգված են․ մեկն արդեն քանդվել է

Նոյեմբեր 26,2019 19:45

Երեւան քաղաքի Դալմայի այգիներում օրերս քանդված գինու հնձանը պատկան մարմիններին ուսումնասիրություններ սկսելու առիթ են տվել։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանձնարարել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հրատապ կարգով ստեղծել արշավախումբ։ Ստեղծվելիք արշավախումբը պետք է տեղում ուսումնասիրություններ կատարի, պատմամշակութային արժեք ներկայացնող առկա շինություններն արձանագրելու եւ այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնի:

(հնձանը մինչը քանդվելը եւ քանդված վիճակում)

Դալմայի այգիներում 16-17-րդ դարերին կառուցված հնձանների թեման կրկին արդիական դարձավ, երբ «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը սոցիալական ցանցերում ահազանգեց, որ Մոնթե Մելքոնյան փողոցին հարող տարածքում ծանր տեխնիկայով քանդվում են հնձանները։ Նույն օրը՝ նոյեմբերի 15-ի երեկոյան, ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը գնաց ահազանի հետքերով եւ տեսանկարահանեց արդեն քանդված հնձանը։

Դալմայի այգիներն, ըստ «Հայկական խաղող եւ գինի» գիտական ուսումնասիրության հեղինակների, հազարամյակների պատմություն ունեն, իսկ հնձանները՝ հարյուրավոր տարիների։ Միայն Երեւանի նահանգում 1150 հնձան է եղել։ Իսկ Դալմայի այգիների հնձանների գոյության ժամանակագրություն նշվում է 16-ից 18-րդ դարերը։

Վերը ներկայացված լուսանկարում պատկերված է Դալմայի այգիներում հանդիպած խաղողի այգու թմբայի մշակման պատկերը։

Դալմայի այգիները որպես՝ տեղական նշանակության հուշարձան, ընդգրկվել է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության եւ կուլտուրայի հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչության կողմից 1990 թ․-ի հունվարի 24-ին հաստատված ցուցակում։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։ «Դրանից հետո այգիները որպես այգեպուրակային ժառանգության մաս եւ բնության հուշարձան չեն հաշվառվել եւ չեն ընդգրկվել ՀՀ կառավարության կողմից 2004 թ․ հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված Երեւան քաղաքի պատմության եւ մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով դրանց առնչվող տեղեկատվություն նախարարությունում առկա չէ»,- իր պատասխանում գրել է փոխնախարար Խաչատուրյանը։

(Քարտեզը կազմվել է հողատարածքը վարձակալության տալու մասին կառավարության որոշման եւ տեղանքի այսօրվա քարտեզի համադրությամբ):

Մինչ հկ-ներն ու տարբեր անհատներ բարձրաձայնում են հնձանների պատմական նշանակության մասին, Դալմայի այգիներում ակտիվ կառուցապատում է տեղի ունենում։ ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ՍՊԸ-ն 2018 թ-ին կառավարության որոշմամբ վարձակալել է Դալմայի այգիներից 27 հեկտար հողատարածքը, իսկ այս տարվանից սկսել է մի մասում կառուցապատում իրականացնել։

ՇՄԱԳ-ի տվյալներով, ժամանցի համալիրը կառուցվելու է շինություններից զուրկ հողատարածքում, որը նախկինում եղել է այգի, եւ առանձին հատվածներում ծառաթփատեսակներ ու պտղատու ծառեր կան, որոնք, համաձայն նախնական գնահատման հայտի, շինարարության առաջին փուլում չեն հատվելու, իսկ 2-րդ եւ 3-րդ փուլերում տարածքը մաքրվելու է ծերացած ու չորացած ծառերից: Իրականում տարածքում վարձակալության տրամադրելու ժամանակ էլ էր առկա եւ այսօր էլ առկա են հնձաններ, որոնք անհնար էր չնկատելը։

Այն բանից հետո, երբ «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» հկ-ն լրագրողների հետ շրջեց Դալմայի այգում, այցը լուսաբանվեց տարբեր ԶԼՄ-ներով, Դալմայի այգիներում գտնվող հնձաններից մեկը հողին հավասարեցվեց։ Դա էլ այն դեպքում, երբ հատուկ անդրադարձ էր կատարվում նաեւ պատմական արժեք ունեցող հնձաններին։ Կառուցապատում իրականացնող ընկերության սեփականատեր Գարեգին Նուշիկյանը հենց շինհրապարակում լրագրողի հետ զրուցելու ժամանակ ասում է, որ որեւէ մեկն իրեն երբեւէ չի ասել, որ հնձանը կարող է պատմական արժեք ներկայացնի եւ որ զգուշացված լինեին, ապա չէին քանդի։ Ավելին, նախկին պատգամավորն ընդգծում է, որ եթե իմանային հնձանի նշանակության մասին, ապա այն կպահպանեին եւ զբոսաշրջիկների համար գրավիչ տեղ կդարձնեին։ Մեր հետ զրույցում եւս Գարեգին Նուշիկյանը ափսոսանք հայտնեց եւ հավաստիացրեց, որ իրենք տեղեկացված չեն եղել քանդված հնձանի նշանակության մասին:

Ի՞նչ պետք է աներ ներդրողը, որ չի արել

Դալմայի այգում մինչեւ կառուցապատում իրականացնելը ժամանցի կենտրոնը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն է անցել։ Դրական եզրակացություն ստացած ՇՄԱԳ-ում գրված է, որ ժամանցի համալիրը կառուցվելու է 27.66 հա շինություններից զուրկ հողատարածքում։ «Հարցվող տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, կենդանիներ, պատմամշակութային հուշարձաններ կամ վայրեր չեն հայտնաբերվել»,- նշված է ՇՄԱԳ-ում։ Անզեն աչքով կամ պարզապես վարձակալված տարածքում շրջելով ոչ մասնագետ քաղաքացին կարող էր հանդիպել հնձանների, որոնք իրենց տեսքով անհնար է հետաքրքրություն չառաջացներ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության մեջ հատուկ նշում կա նաեւ այն մասին, որ եթե կառուցապատման ժամանակ հայտնաբերվեն հնագիտական կամ պատմամշակութային շերտեր, ապա ինչ քայլեր պետք է ձեռնարկեն։ «Ծրագրի շրջանակներում կատարվող շինարարական աշխատանքների ընթացքում պատմամշակութային և հնագիտական շերտերի ի հայտ գալու դեպքում՝ հետագա աշխատանքներն իրականացնել համապատասխան մասնագետների՝ հնագետի եզրակացությունն ստանալուց հետո»:

Եթե ընդունենք ներդրող Գարեգին Նուշիկյանի առաջ քաշած վարկածը, ըստ որի իրենք տեղեկացված չեն եղել հնձանների մասին, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ են հնձաններին հանդիպելու ժամանակ դրանք քանդել՝ հնագետի եզրակացություն ստանալու փոխարեն։ Կամ ինչու են հնձանը քանդել հնձանի մասին ԶԼՄ-ների հրապարակումից անմիջապես հետո։

Այս հարցը հեռախոսազրույցի ընթացքում ուղղեցինք կառուցապատող պարոն Գարեգին Նուշիկյանին: Նա պատասխանեց, որ ինչ շինարարական աշխատանքներն սկսվել են, տարածքը բաց է եղել բոլոր շահագրգիռ կողմերի համար. թե՛ Երեւանի քաղաքապետարանից, թե՛ Շրջակա միջավայրի նախարարությունից բազմիցս այցելություններ են եղել տարածք եւ ոչ ոք, ոչ մի ակնարկ չի արել տարածքում գտնվող շինությունների արժեքավոր լինելու մասին: Միաժամանակ պարոն Նուշիկյանը նշեց, որ իրենք տեղյակ են եղել միայն այն հնձանի մասին, որն իրենց ցանկապատից դուրս է:

Ափսոսալով տեղի ունեցածի համար, Գարեգին Նուշիկյանը տեղեկացրեց, որ  անձամբ խնդրել է համապատասխան մարմիններին ամբողջ տարածքում ուսումնասիրություն իրականացնել, եւ ընդհանրապես ամբողջ Հայաստանի տարածքով, որպեսզի հողահատկացումների ժամանակ նման իրավիճակներ այլեւս չարձանագրվեն:

Նշենք, որ վերում մեր ներկայացրած քարտեզը կազմվել է՝ 27 հա հողատարածքը Գարեգին Նուշիկյանի ընկերության վարձակալության տալու մասին կառավարության որոշմանը կից ներկայացված քարտեզի եւ իրական քարտեզի համադրության արդյունքում, որի համաձայն նշված հնձանը նույնպես գտնվում է վարձակալած տարածքի սահմաններում։

Հետաքննությունն իրականացվել է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի աջակցությամբ «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Կանաչ արդարություն» ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն  եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության եւ/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները:

Նկարներ հնձաններից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930