Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հարլեմ Դեզիրը բարձր է գնահատել մեր երկրում մամուլի, խոսքի ազատության մակարդակը և ողջունել դրա ապահովման ուղղությամբ կառավարության աշխատանքը

Նոյեմբեր 26,2019 18:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:

Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի այցը Հայաստան և մասնակցությունը ՄԻՊ հաստատության 15-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների, ներառյալ՝ ազատ խոսքի իրավունքի պաշտպանության ոլորտում և ընդգծել, որ ներկայում ՀՀ-ում մամուլի ազատությունը, արտահայտվելու ազատությունը գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում, ինչի վկայությունը նաև միջազգային կառույցների գնահատականներն են: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում համացանցում խոսքի  ազատությանը և նշել, որ այդ ցուցանիշով Հայաստանն այսօր աշխարհում 8-րդ տեղն է զբաղեցնում: Վարչապետի խոսքով՝ սա ցույց է տալիս ՀՀ կառավարության հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին ու իրավունքներին, որոնց շարքում խոսքի և մամուլի ազատությունը հիմնարար նշանակություն ունի:

Հարլեմ Դեզիրը գոհունակություն է հայտնել ՄԻՊ գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու կապակցությամբ և կարևորել Հայաստանի կառավարության, ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների հետ համագործակցությունը: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը բարձր է գնահատել մեր երկրում մամուլի, խոսքի ազատության մակարդակը և ողջունել դրա ապահովման ուղղությամբ կառավարության աշխատանքը:

Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում թե՛ տեղական, թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակով առկա մարտահրավերներին և այդ համատեքստում մտքեր փոխանակել կեղծ լուրերի (fake news), ապատեղեկատվության, ատելության խոսքի հետ կապված իրավիճակի, դրան հակազդելու քայլերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը խոսել է անցյալ շաբաթ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի լրագրողների փոխայցերի մասին, որը կարող է ծառայել փոխադարձ վստահության ձևավորմանը և ատելության խոսքի նվազեցմանը: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել դրա շարունակականությունը:

Նիկոլ Փաշինյանը և Հարլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել նաև լրատվամիջոցների անկախության՝ որպես մամուլի ազատության կարևոր երաշխիքի, հանրություն-կառավարություն երկխոսության գործում ԶԼՄ-ների անաչառ և համակողմանի լուսաբանման կարևորության, էլեկտրոնային հարթակների և սոցիալական ցանցերի դերի շուրջ: Քննարկվել են նշված և մի շարք այլ ուղղություններով ևս համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ համագործակցությունը՝ Հայաստանում խոսքի և մամուլի ազատության ոլորտում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: Հարլեմ Դեզիրը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել գործակցությունը փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների, թրեյնինգների և խորհրդատվական օժանդակության ապահովմամբ:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930