Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ որ երկրները կշահեն Սինգապուրի հետ առևտրային համաձայնագրից. Eurasianet

Նոյեմբեր 26,2019 17:31

Ռուսաստանի կողմից համակարգվող Եվրասիական տնտեսական միությունն այս տարի ակտիվորեն ընդլայնեց փոխհարաբերությունների իր շրջանակը՝ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելով Սերբիայի և Սինգապուրի, և ծրագրերը քննարկելով Հնդկաստանի հետ: Անցյալ ամսվա վերջին ուժի մեջ մտավ Իրանի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագիրը: Բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ: Լուրերում տեղեկություններ կան, որ ԵԱՏՄ-ն քննարկում է ազատ առևտրի հեռանկարները Եգիպտոսի և Թուրքիայի հետ:

Eurasianet-ի վերլուծաբան Սեմ Բութիան փորձել է պարզել՝ ինչպես են այդ երկրների հետ առևտրից ստացված եկամուտները բաշխվելու ԵԱՏՄ անդամ հինգ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի միջև:

«Կարելի է միայն գուշակել՝ հենվելով Վիետնամի հետ 2016թ. ուժի մեջ մտած ազատ առևտրի մասին համաձայնագրի փորձից: Համաձայնագիրը խթան հաղորդեց առևտրին, չնայած շահույթը անհամաչափ է, և դրանից հիմնականում օգուտ քաղել է առայժմ Վիետնամը»,- գրում է Բութիան:

Մինչև 2011թ-ը այժմ ԵԱՏՄ անդամ դարձած երկրները Վիետնամի հետ առևտրում ունեին հիմնականում դրական սալդո, այսինքն` նրանք ավելի շատ արտահանում էին Վիետնամ, քան ներմուծում այնտեղից: Ըստ Համաշխարհային բանկի՝ այս տարի ապրանքաշրջանառության կառուցվածքը փոխվել է հակառակ ուղղությամբ, և 2018թ. առևտրային դեֆիցիտը հասել է 1.3 մլրդ դոլարի:

Առևտրային դեֆիցիտը միշտ չէ, որ բացասական երևույթ է, պարզաբանում է հեղինակը: Հնարավոր է, ԵԱՏՄ անդամներն ավելի շատ են ներկրում Վիետնամից, որովհետև առևտրային համաձայնագիրը թույլ է տալից այնտեղից ապրանքներ գնել ավելի մեծ շահույթով, քան այլ երկրներից: Իսկ Վիետնամը վերջին տասնամյակում դարձել է արտադրության առաջատար:

Հեղինակը փաստում է, որ առաջին հերթին այդ համաձայնագրից զգալիորեն շահել են Ղազախստանը և Ռուսաստանը: Մինչդեռ փոքր երկրները, ինչպիսիք են Ղրղըզստանը, զգալի օգուտ չեն ստացել այդ համաձայնագրից: Հայաստանի դեպքում Վիետնամ արտահանումը չի աճել, իսկ ներմուծումը (հիմնականում տեխնոլոգիական կոմպոնենտներ) 2018թ. ավելացել է ավելի քան 2 անգամ՝ մինչև մոտ 50 մլն դոլար:

ԵԱՏՄ-ում Ռուսաստանի գերակայությունը նշանակում է, որ Մոսկվան առաջինն է հնարավոր գործընկերների հետ տարիֆային բանակցություններում: Որպես վառ օրինակ. ալկոհոլային խմիչքները զգալի մաս են կազմում Հայաստանի արտահանման մեջ, բայց այդ ապրանքատեսակները դուրս են մնացել Վիետնամի հետ առևտրային համաձայնագրից, իսկ ծխախոտային արտադրանքը, որը նույնպես կարևոր արտահանվող ապրանքատեսակ է, դեռևս մեծ մաքսատուրքերի է ենթարկվում Վիետնամում: Իսկ խտացված բնական գազը (ռեսուրս, որը մեծ ծավալներով տիրապետում է Ռուսաստանը), 2020թ-ից համաձայնագրի շրջանակում Վիետնամ կարտահանվի առանց մաքսատուրքերի: Ինչը չի կարելի ասել ալկոհոլի մասին:

Ինչ վերաբերում է Սինգապուրին, ապա շատ դժվար է ասել՝ ինչպես ԵԱՏՄ երկրները կշահեն ազատ առևտրի համաձայնագրից: Սինգապուրը աշխարհի ամենաբաց տնտեսություններից մեկն է: Եթե պայմանագրի ստորագրման հիմնական նպատակը մյուս երկրների հետ առևտրի զարգացումն է, ապա այդ գործակցությունից ամենայն հավանականությամբ կշահի Սինգապուրը, որը կստանա արտոնյալ մուտք ԵԱՏՄ շուկաներ, իսկ ԵԱՏՄ երկրներում հազիվ թե կտրուկ փոփոխություն լինի (այլ կերպ ասած, Սինգապուրն առանց համաձայնագրի էլ խոչընդոտներ չէր ստեղծում, օրինակ, Հայաստանի համար սեփական շուկա ապրանքներ մատակարարելու հարցում):

Հեղինակը կարծում է, որ Սինգապուրի հետ համաձայնագիրը ամենայն հավանականությամբ կավելացնի սինգապուրյան ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, և այդ համաձայնագրից օգուտն էլ ավելի միակողմանի կլինի, քան անգամ Վիետնամի դեպքում:

«Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ առևտրային համաձայնագրերը շահավետ են միության առավել խոշոր տնտեսությունների՝ Ռուսաստանի և Ղազախստանի համար: Բացի այդ, այդ պայմանավորվածությունները Մոսկվային թույլ են տալիս հայտարարել, որ ինքը կատարում է իր խոստումը՝ մեջքով շրջվել Արևմուտքին և հայացքն ուղղել Արևելք»,- եզրափակում է հոդվածագիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930