«Սա օրենքի կոպտագույն խախտում է, որ քաղաքապետարանում որեւէ այլ պաշտոնյա, քան քաղաքապետն ու իր առաջին տեղակալը, իրավասու չեն քաղաքապետի որոշումներ ստորագրելու, իրավասու չեն լիազորություններն իրականացնելու: Սա բխում է Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 48 հոդվածի երկրորդ մասից»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում արտահերթ ելույթում ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ըստ Դավիթ Խաժակյանի, խոսքն այն մասին է, որ Երեւանի քաղաքապետի բացակայության ժամանակ նրա տեղակալ Հայկ Սարգսյանը քաղաքապետի անունից ընդունել է մոտ 70 նորմատիվ ակտեր, ինչն իրավունք չուներ անելու, քանի որ նման որոշումներն ընդունում է հենց քաղաքապետը, կամ, նրա բացակայության ժամանակ՝ քաղաքապետի առաջին տեղակալը:
Նա պահանջեց քրեական գործ հարուցել Երեւանի քաղաքապետարանի գործողությունների առիթով, քանի որ գտնում է, նախադեպը վտանգավոր է. «Այս իրավական ակտերը, ըստ էության, մեկ վայրկյանում կարող են դառնալ առոչինչ, որովհետեւ չեն բխում օրենքից: Պետք է կանխել որեւէ նման նախադեպ, երբ քաղաքապետի լիազորություն կարող է կատարել օրենքով չնախատեսած անձի կողմից: Այս իրավական ակտերն, ըստ էության առոչինչ են եւ որեւէ քաղաքացու կողմից համապատասխան դատական հայցի դեպքում դրանք կարող են անմիջապես բեկանվել»:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Կարեն Համբարձումյանը պատասխանեց, որ բարձրացրած հարցի պատասխանը շատ պարզ է եւ հստակ: Ըստ նրա օրենքը չի կարգավորում այն դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով քաղաքապետի տեղակալը եւս կարող է բացակայել: Դրանք կարող են լինել բազմաթիվ այլ հանգամանքներով պայմանավորված՝ սկսած անհետաձգելի միջոցառմամբ, վերջացրած՝ երկրի ղեկավարի հետ հրատապ գործուղման մեկնելով. «Բնականաբար այս համատեքստում Երեւանի քաղաքապետարանը չի կարող մնալ անկառավարելիության վիճակում, որովհետեւ 2 հազար հոգանոց կոլեկտիվը եւ քաղաքապետարանն իր գործառույթներով չափազանց կարեւոր մարմին է: Եվ հիմք է ընդունվել Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 48-րդ հոդված 7-րդ մասը, որի հիման վրա դուք հանձնարարել եք քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանին անհետաձգելի դեպքեր ի հայտ գալու կամ գործուղման մեկնելու դեպքում՝ նշանակել փոխարինող Հայկ Սարգսյանին: Ինչ վերաբերում է, որ դա կարող է դատական վեճի առարկա դառնալ, ապա այսօր ոչ ոք ոչ ոքի չի կարող արգելել գնալ դատարան, մենք մեր որոշումը նաեւ այդ դեպքում կներկայացնենք նաեւ այդ մարմիններին:
Կարդացեք նաև
Քաղաքապետ Հայկ Մարությանը ավելացրեց՝ «ինչպես պարոն Համբարձումյանը նշեց՝ ազատ երկիր է, ով ինչ ցանկանում է՝ կարող է անել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ