Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Նշենք, որ մինչ Ադրբեջանից վերադարձած հայ լրագրողների մի քանի օր է, ինչ հյուրընկալվում են տարբեր հաղորդումների և տալիս բազամաթիվ հարցազրույցներ՝ անկաշկանդորեն կիսվելով իրենց տպավորություններով, Հայաստանից վերադարձած ադրբեջանցի լրագրողները տարօրինակորեն լռում են։
Միայն երեկ ուշ երեկոյան, այցի ավարտից 5 օր անց, ադրբեջանական մամուլում հայտնվեց առաջին հոդվածը, որում ադրբեջանցի լրագրող Էլշան Ռուստամովը ամենայն կաշկանդվածությամբ կիսվել է իր տպավորություններով, հայտնում է Regionmonitor-ը:
Հոդվածում թեև ադրբեջանցի լրագրողը փորձել է հնարավորինս խուսափել դրական գնահատականներից, այնուամենայնիվ, Երևանի մասին նա գրում է.
«Հասնում ենք Երևանի կենտրոն, որտեղ Հյուսիսային պողոտան է, այստեղ կարելի է տեսնել նորակառույց շենքեր։ Քանի որ շենքերի երեսպատման համար հիմնականում օգտագործվում է տուֆ քարը, տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ քաղաքը մեկ գույն ունի։ Այստեղ արգելվում է կառուցել այնպիսի շենքեր, որոնք դուրս են քաղաքի ընդհանուր ճարտարապետական տրամաբանությունից։ Քանի որ Երևանը բարձրադիր դիրք ունի, այստեղ օդը միշտ սառն է և մաքուր»։
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ մայրաքաղաքի մասին խոսելիս, լրագրողը խուսափել է հրապարակել լուսանկարներ, որտեղ կերևար քաղաքի ընդհանուր պատկերը, կենտրոնը, նորակառույց շենքերը, դրա փոխարեն հրապարակել է խոշոր պլանով արված կադրեր, որոնցով փորձել է թաքցնել քաղաքի ընդհանուր և իրական պատկերը։
Լուսանկարների բնույթն ու սակավությունը նույնիսկ ադրբեջանցի ընթերցողների մոտ են տարակուսանք առաջացրել, որոնցից մեկը մեկնաբանություններում հեղինակին հարցրել է, թե ինչ վատ բան կա տրոլեյբուսի մեջ, իսկ մյուսը՝ թե ինչու են լուսանկարները այսքան քիչ։