Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Տնօրենն ու ֆեյսբուքյան օգտատերը` Դրախտիկի «դժոխք» դպրոցի մասին

Նոյեմբեր 26,2019 16:45

Aravot.am ՀՀ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքյոխյանից հետաքրքրվեց` սոցցանցերում պտտվող իրենց դպրոցի շենքի ծանր պայմանները փաստող լուսանկարներից հետո ի՞նչ արձագանքներ են ստացվել եւ արդյոք նախկինում բարձրաձայնե՞լ է Դրախտիկի դպրոցի շենքի ահավոր վիճակի մասին, որի անունը, սակայն, վերանորոգվող դպրոցների ցանկից բացակայում է:

«Այո, բարձրաձայնել ենք, բայց ոչ մի արձագանք չի եղել; Նորից բարձրաձայնեցինք, եւ շնորհակալ ենք մարզպետ Գնել Սանոսյանին, որ շատ արագ արձագանքեց եւ խնդիրը կստանա համապատասխան լուծումներ»,-ասաց Նազիկ   Բաբաքյոխյանը:

Հարցրինք` նախկինում ի՞նչ էին պատճառաբանում, որ խնդիրը չէր լուծվում: «Արձագանք չկար, ոչ մի բան չէին ասում»,- ասաց տնօրենը:

Խնդրեցինք կոնկրետացնել, թե նախկինում հատկապես ում է դիմել: «Դիմել ենք համապատասխան մարմիններին, որոնք զբաղվում էին համապատասխան աշխատանքներով»,-առանց կոնկրետացնելու ասաց Բաբաքյոխյանը:

Հարցրինք` այսինքն` նախկինում դիմել էր նախկին մարզպետի՞ն, կրթության նախարարությա՞նը: «Այո, այո, այո…դիմել եմ»,-պատասխանեց մեր զրուցակիցը, սակայն չցանկացավ մանրամասնել, թե որ նախարարների օրոք է դիմել: «Հիմա անհատապես չեմ կարող ասել, բայց բոլորն էլ իմացել են ու տեսել են,բայց ոչ մի քայլ չի արվել»,-հավելեց նա:

Հետաքրքրվեցինք, թե վերջին անգամ ե՞րբ է կրթության ոլորտի պաշտոնյա այցելել Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոց: «Մեր դպրոց հաճախակի են գալիս, նույնիսկ անցյալ տարի մեր գործող ԿԳՄՍ նախարարն էր եկել, տեսել էր դպրոցի պայմանները, դահլիճի քանդված վիճակը»,-հայտնեց տնօրենը: Ի դեպ, վերջինս այցելությունից հետո 2018թ հոկտեմբերի 8-ին լուսանկարներ էր հրապարակել ֆեյսբուքի իր էջում ու դժոխք որակել դպրոցը: Իսկ այն հարցին, թե տեսանելի ապագայում ե՞րբ են խոստացել ինչ-որ խնդիր լուծել, դպրոցի տնօրենը պատասխանեց, որ այժմ մարզպետարանը մարդիկ է ուղարկել, որ զբաղվեն ջեռուցման հարցով:

Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցում նեկայումս սովորում է 163 երեխա, իսկ Նազիկ Բաբաքյոխյանը 2016 թվականից այս դպրոցի տնօրենն է: Հավելենք, որ արձագանքելով դպրոցի շենքի վերաբերյալ սոցցանցերում եղած հրապարակումներին` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել էր, թե նման դպրոցներ հարյուրներով են ժառանգություն ստացել նախորդներից, դրանց վերանորոգման համար անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ, եւ խնդիրը լուծելու համար ժամանակ է պետք:

Խնդրի մասին բարձրաձայնած ֆեյսբուքյան օգտատերերից Մայիս Մարգարյանն իր էջում գրել էր, որ հատուկ չի արձագանքել Դրախտիկի դպրոցի վերաբերյալ նախարարի գրառմանը, բայց որոշել է հաճախակի ցույց տալ, թե ինչ է կատարվում այնտեղ, որ նրա ձեւակերպմամբ, «նախքան մեծ-մեծ խոսելը, մարդիկ լեզուները կծեն»։ Օգտատերը նաեւ տեղեկացրել է, որ Գեղամասարի դպրոցն էլ է նկարելու, որտեղ վիճակը նույնքան սարսափելի է։ «Թեման տաք ենք պահելու մինչեւ գումար գտնվի, քանի որ ինչի համար գումար գտնվում է, իսկ մեր լույս երեխեքի համար… #ԹքածՎիճակ»,- գրել է Մայիս Մարգարյանը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` նախարարի ֆեյսբուքյան էջից եւ համացանցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930