Հայկական ֆուտբոլի ապագա ղեկավարի եւ ՀՖՖ գործադիր կոմիտեի ապագա կազմի շուրջ մեր հերթական զրույցը Голос Армении-ի մարզական մեկնաբան Վադիմ Մկրտչյանի հետ է:
-Անհրաժեշտությո՞ւն է, արդյոք, որպեսզի դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ ընտրվի զուտ ֆուտբոլային մարդ, «սվոյ», ինչպես ասում են ոլորտի ներկայացուցիչներից ոմանք:
-Ոչ, պարտադիր չէ: Նա պետք է լինի մենեջեր եւ կառավարիչ: Կարեւոր է, որպեսզի նրա շուրջ հավաքված լինեն ֆուտբոլ հասկացող մարդիկ եւ պարտադիր պայման է, որ նա ունկնդիր լինի այդ մարդկանց խորհուրդներին:
-Դուք որեւէ մեկին տեսնո՞ւմ եք այդ պաշտոնում:
Կարդացեք նաև
-Անկեղծ ասած, այդ հարցի պատասխանը դեռ չունեմ: Այս պահին ակնհայտ թեկնածու չեմ տեսնում: Կարեւոր է, որպեսզի այդ մարդը քաղաքական ուժերի դրածո չլինի: Խնդիրն այն չէ, որ ՖԻՖԱ-ն արգելում է քաղաքական գործիչների միջամտությունը ֆուտբոլին: Այդ արգելքը կարելի է հնարամտորեն շրջանցել: Սակայն ֆուտբոլի քաղաքականացումը երբեք լավ արդյունքի չի բերում, որովհետեւ դա ժամանակավոր բնույթ է կրում:
-ՀՖՖ գործկոմում քաղաքական գործիչների, նախարարների, մարզպետների ներգրավվածությունը օգուտ կբերի՞:
-Գործկոմում պետք է լինեն մարդիկ, որոնք կապ ունեն ֆուտբոլի հետ: Բացառված չէ, որ նրանց մեջ քաղաքական գործիչներ եւ չինովնիկներ էլ լինեն: Սակայն չպետք է գործկոմի նախկին կազմի կրկնություն լինի, ուր մտել են գործող իշխանության ներկայացուցիչներ, որոնք մեծամասամբ հեռու են ֆուտբոլից: Գործկոմում կարող են լինել լուրջ ակումբների սեփականատերեր, սակայն նրանք չպետք է գերակշիռ մաս կազմեն, այլ պետք է ընդամենը ներկայացնեն բարձրագույն խմբի ակումբների շահերը:
Սակայն նաեւ հարկ է նշել, որ այսօր Հայաստանում ֆուտբոլ իսկապես հասկացող մարդկանց պակաս կա: Շատերին է թվում, թե իրենք ֆուտբոլից գլուխ հանում են: ՀՖՖ գործկոմը միայն պրոֆեսիոնալներով ձեւավորելը, կարծում եմ, հեշտ չի լինի:
-ՀՖՖ նախագահի թեկնածուների թվում նշվում է Յուրի Ջորկայեֆի անունը, իսկ Խորեն Հովհաննիսյանն ինքն է հայտարարել, թե անպայման առաջադրվելու է:
– Նրանք երկուսն էլ լիովին համապատասխանում են ֆուտբոլային մարդ չափորոշչին: Սակայն, ինչպես արդեն ասացի, դա ամենեւին էլ պարտադիր չէ: Յուրի Ջորկայեֆը պետք է ՀՀ-ում բնակված լինի առնվազն երկու տարի, հետեւաբար, չի կարող մասնակցել ՀՖՖ նախագահի ընտրություններին: Սակայն եթե անգամ ֆրանսիացի ֆուտբոլիստը համապատասխաներ այս չափորոշչին, ինչպե՞ս էր ղեկավարելու ֆեդերացիան: Մշտական բնակություն կհաստատեր Հայաստանո՞ւմ: Դժվար թե: Բացի դա, Ջորկայեֆը ծանոթ չէ իրականությանը եւ հայկական ֆուտբոլում հնարավոր «ստորջրյա հոսանքներին»:
Խորեն Հովհաննիսյանի թեկնածության շուրջ կարծիքները միանշանակ չեն: Շատերը, արժանին մատուցելով Արարատ-73-ի եւ ԽՍՀՄ հավաքականի անվանի խաղացողի՝ ֆուտբոլին մատուցած ծառայություններին, նրա կառավարչական որակներին հոռետեսորեն վերաբերվում: Բոլորովին վերջերս Առաջին հեռուստաալիքի եթերում Հովհաննիսյանը քննադատեց այն ամենը, ինչ արվել է վերջին մեկ տարում՝ ընդգծելով նաեւ արդյունքների բացակայությունը: Բայց արդյունքներ դրանից առաջ էլ առանձնապես չեն եղել: Հովհաննիսյանը դժգոհ է արտասահմանցի մասնագետներ, օրինակ, ճանաչված իսպանացի Խինես Մելենդեսին, հրավիրելուց: Սայան արդեն սկսված երկարաժամկետ ծրագիրը կոտրելը ոչ մի լավ բան չի խոստանում:
Մեկ անգամ եւս կրկնեմ, որ ֆուտբոլային հասարակության արձագանքը Խորեն Հովհաննիսյանի ընտրությանը միանշանակ չի լինելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ