Սամվել Ալեքսանյանի կողմից Երևանին «ԿԱՄԱԶ»-ներ նվիրելու թեմային, որն այսօր բուռն քննարկվեց Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող ավագանու նիստում, անդրադարձավ նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Անկեղծ եմ ասում՝ ես չեմ հիշում այդ կազմակերպությունների անունները, եւ այս պահին չեմ կարող նշել անհատների անունները, որովհետեւ ինձ համար այս առումով կարեւոր եւ ոչ կարեւոր չկա: Ինձ համար բոլորը կարեւոր են»,-ասաց քաղաքապետը:
Մարությանից հետաքրքրվեցին` նվիրատվությունն ինչո՞ւ է գաղտնի պահվել: Ի պատասխան քաղաքապետը ասաց. «Հավատացեք՝ Երեւանի բնակիչներն ամեն ինչ գիտեն: Շատ պարզ է, եթե մենք ասում ենք, որ աղբահանության հիմնարկը 54 մեքենա ունի, եւ գիտենք, 34-ն է գնվել, պարզ է, որ 20-ը նվեր է. բա որտեղի՞ց է: Միայն «ԿԱՄԱԶ»-ներ չեն, տարբեր մակնիշներով մեքենաներ ենք նվեր ստացել»:
Մարությանն ասաց, որ չգիտի՝ այս պահին որից, որը, քանի հատ, ով եւ երբ է նվիրել, եւ որ դա իրեն չի էլ հետաքրքրում. «Ինձ արդյունքն է հետաքրքրում, իսկ արդյունքը շատ լավն է, մենք աննախադեպ թվով աղբատար մեքենաներ ունենք, որոնք ի շահ մեր համայնքի են գործում: Այնքան բան են մեզ նվիրում»:
Կարդացեք նաև
Հայկ Մարությանը պատասխանեց նաեւ «Լույս» խմբակցության ավագանու անդամների մտահոգություններին: Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն այսօր նշել էր, որ քաղաքի զարգացման հնգամյա ծրագրից դուրս են մնացել 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու հարցերը: Մարությանն այս առիթով ասաց, որ այդ հարցը դուրս է համայնքի լիազորությունից. «Այնուամենայնիվ համայնքն իր վրա որոշ պարտավորություններ է վերցրել, եւ մենք շատ կոնկրետ գործողություններ ենք անում: Այստեղ շատ խանգարող հանգամանքներ կան, մեզ օրենսդրական փոփոխություններ են պետք: Դիմել ենք կառավարություն եւ Ազգային ժողովին»:
Ըստ քաղաքապետի, շատ մտահոգված է բնակիչների անվտանգությամբ, սակայն օրենքով սահմանված կարգով իրավունք չունի ստիպողաբար նրանց տարհանելու: Նրա խոսքով՝ օրենքի մեջ նման կետ են ավելացրել, որ իրավունք ունենան վտանգի դեպքում նույնիսկ հարկադրաբար բնակիչներին տարհանել:
Տրանսպորտային ցանցի բարեփոխման վերաբերյալ էլ նշեց՝ ոչ մի հարց դուրս չի մղվել, ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ հարցի շուրջ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ