Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության 15-ամյակի առթիվ այսօր ԱԺ-ում մեկնարկած միջազգային համաժողովի ժամանակ ելույթ ունեցավ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության արեւելյան գործունեության, ՌԴ-ի Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը:
Նա խոսեց կանանց նկատմամբ բռնությունների մասին, ասաց, որ Եվրոպայում երեք կանանցից մեկը ֆիզիկական ու սեռական բռնության զոհ է, ուստի հորդորեց՝ մտածեք ձեր կանանց ու աղջիկների մասին, որ կարողանաք կանխել: Նա ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է արդյունավետ լինել միայն, երբ ամբողջ համակարգի մաս է կազմում ու եթե ամբողջ հասարակությունը դրա դերը դիտարկում է որպես առաջնահերթություն:
Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն էլ իր ելույթում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ողջունում են նրա հեղափոխական ներդրումն այսօրվա Հայաստանում. «Պարոն վարչապետ, դուք շատ կարեւոր բան ասացիք, որ շատ կարեւոր թ, որ բոլորը հավասար լինեն օրենքի առջեւ, դրա համար էլ մենք ԵՄ-ից ցանկանում ենք աջակցել ձեր տեսլականին՝ դատական համակարգի բարեփոխումների համար»:
Կարդացեք նաև
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարֆի խոսքով՝ «Հայաստանում մենք ականատես եղանք խաղաղ հեղափոխության, մարդիկ պաշտպանեցին իրենց իրավունքները, ազատությունները, երիտասարդներն այդ աշխատանքին մասնակցեցին ու կյանքի կոչեցին այդ հռչակագրերը: Հույս կա, որ հաջորդ սերունդներն ավելի լավ կաշխատեն, քան նախորդները: Խոսքը վերաբերում է եւ երիտասարդներին եւ հոգով երիտասարդներին: Եթե մեր մազերը արդեն ճերմակ են, մենք էլի երիտասարդ ենք»:
Շոմբի Շարֆն ասաց, որ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը չափազանց կարեւոր է, կապ է հանդիսանում քաղհասարակության եւ հաշվետու կառավարության միջեւ: Ըստ նրա, օմբուդսմենի գրասենյակի լիազորություններն այնքան մեծ են ու այնքան լայն են, որ ԵՄ-ում նրան համեմատում են «Սուպերմենի» կամ «Բեթմենի» հետ, որովհետեւ խորհրդանիշ է հույսի:
Շոմբի Շարֆը ելույթի վերջում հայերենով արտաբերեց՝ «Շնորհավոր տոնդ»:
Ելույթ ունեցավ նաեւ ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:
Նա շնորհավորելով օմբուդսմենի ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, բարեմաղթանքներ հղեց, հիշատակեց առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին ու որպես բարեկամության եւ համագործակցության նշան՝ վկայագիր հանձնեց օմբուդսմենին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ