Թբիլիսիում ոստիկանությունը և հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել են խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին, կան վիրավորներ և բերման ենթարկվածներ:
Ըստ Վրաստանի ՆԳՆ տվյալների՝ ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 մարդ: Նրանցից մեկը «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստ Զազա Լիպարիտիան է: Ջրի շիթը հարվածել է Լիպարիտիայի աչքին, ինչի հետևանքով նրա աչքը դուրս է եկել, բժիշկներն ասում են, որ վիրահատության անհրաժեշտություն կա:
Տուժածներից մեկն էլ ցույցը լուսաբանող «Մտավարի արխի»-ի թղթակիցն է, որը լուսաբանում էր ակցիան: Նա էլ ստացել է աջ ձեռքի կոտրվածք: Ինքը՝ լրագրողը, ասել է, որ ակցիան ցրելու ժամանակ սայթաքել է աստիճանների վրա և վայր ընկել:
Իրավապահ մարմիններն ազատել են խորհրդարանին հարող փողոցները, այնուամենայնիվ, դրանք փակ են և մուտք գործել թույլատրվում է միայն հավատարմագրված լրագրողներին:
Կարդացեք նաև
Ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 28 մարդ, նրանց մեծ մասը ստորագրությամբ ազատ են արձակվել:
Թբիլիսիում ծավալվող իրադարձություններին արձագանքել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բյուրոյի տնօրեն Դանիել Բալսոնը:
«Քանի որ ոստիկանությունը փորձում է դադարեցնել ցույցերը Վրաստանում, Amnesty-ն հստակ ասում է, որ անվտանգության ուժերը պետք է հարգեն ցուցարարների խաղաղ հավաքների և անհամաձայնության արտահայտման իրավունքը: Վրաստանի կառավարության ներկայացուցիչները, օրինակ, Գեորգի Գախարիան, և Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը պետք է իմանան, որ ԱՄՆ իշխանություններն ուշիուշով հետևում են Թբիլիսիում իրադարձությունների զարգացմանը: Վաշինգտոնում կնկատեն՝ ինչպես են ցուցարարների հետ վարվում անվտանգության ծառայությունները»,- ասել է Բալսոնը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ