Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես աշխատանք սկսեցի որոնել իրավիճակից ելնելով, այլապես ես Հայաստանը չէի թողնի». Մարդու իրավունքների նախկին պաշտպանը՝ իր հրաժարականի պատճառների մասին

Նոյեմբեր 26,2019 15:09

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության 15-ամյակի առթիվ Հայաստանում է գտնվում նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց այն մասին, որ ՀՀ երեք օմբուդսմենները հրաժարական են տվել ու չեն պաշտոնավարել մինչեւ իրենց ժամկետի ավարտը, ինչը հանրայնորեն ընկալվել է, որպես ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ առկա խորը հակասությունների առկայություն:

Այսօր այդ առնչությամբ պաշտոնաթող օմբուդսմեններից մեկը՝ Արմեն Հարությունյանը, որը 2011-ին հրաժարական տվեց, երբ հարցրեցինք իր հրաժարականի պատճառների մասին, պատասխանեց. «Ես, որպես ՄԻԵԴ-ի դատավոր, չեմ ցանկանա գնահատականների մեջ մտնել»: Այնուամենայնիվ, հարցրեցին՝ ինչո՞ւ ձեզ չհաջողվեց մինչեւ ժամկետի ավարտը պաշտոնավարել՝ Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Իմ մասով կարող եմ ասել՝ ես ժամկետից շուտ գնացի, որովհետեւ ես ՄԱԿ-ում առաջարկ ստացա: Եվ պետք է ասեմ՝ այնպես չի, որ…ես որոշեցի գնալ՝ իրավիճակից ելնելով, այնպես չի, որ ինձ գործ առաջարկեցին՝ ես գնացի, անկեղծ պիտի լինեմ: Որովհետեւ, իրոք, իրավիճակը պաշտպանի գրասենյակի շուրջն այնպիսին չէր, դրանից դրդված սկսեցի գործ ման գալ»:

Նա հետո հայտարարեց. «Ես հրաժարական չեմ տվել, պարզապես տեղափոխվել եմ ՄԱԿ-ի համակարգ աշխատելու»: Մեր դիտարկմանը՝ ասացիք, որ սկսել եք աշխատանք փնտրել, արդյոք դրան նպաստե՞լ է այն, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ձեր՝ կադրային որակների հետ կապված հայտարարություն էր արել՝ Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում նմանատիպ հարցերի պատասխանել: Բայց եթե հարցնում եք՝ պատասխանեմ՝ ես աշխատանք սկսեցի որոնել, այո, իրավիճակից ելնելով, այլապես ես Հայաստանի Հանրապետությունը չէի թողնի»: Ճշտեցինք՝ ա՞յդ իրավիճակից ելնելով, նպաստե՞ց դա՝ Հարությունյանը պատասխանեց. «Պաշտպանի շուրջը ձեւավորված իրավիճակից, ասացի»: Հարցրեցինք՝ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ, ՀՀ-ում օմբուդսմենի ինստիտուտի 15-ամյա գործունեությունն ենք այսօր ամփոփում՝ Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Պետք չի անձնավորել, ճիշտ կլինի կոնստրուկտիվ խոսակցություն լինի: Ժողովրդավարությունը նշանակում է նաեւ քաղաքական միասնականություն ապահովել, հակասություններ ամեն հասարակությունում էլ կան, միայն մահացած հասարակություններում չկան: Ժողովրդավարությունը նաեւ նա է, որ հակասությունը թույլ չտա, որ վերածվի հակադրությունների: Հարցերը չպետք է նպաստեն նրան, որ անպայման ինչ-որ մի բան ասես հօգուտ մեկի եւ ի վնաս մյուսի, ինչպես ձեր հարցն է: Մենք պետք է ուղղված լինենք նրան, թե ինչն է մեզ բոլորիս միավորում: Մեր բոլորիս ցանկությունը մեկն է՝ այնպիսի իրավիճակ լինի, որ մարդիկ այստեղից չգնան, բոլորն էլ գան ու իրենց լավ զգան: Պետք է հարցերը կենտրոնանան պոզիտիվի վրա, թե չէ նեգատիվ կարող ես ընտանիքում էլ գտնել, բաժանարար գծերը պետություններով, կրոններով չեն, այլ մտածելակերպով եւ արժեհամակարգով, արժեհամակարգը պետք է պոզիտիվ լինի»:

Հարցին՝ վարչապետը խոսեց դատական համակարգի վերից վար փոփոխման մասին,, դուք դատական համակարգի վերափոխման, ՍԴ-ի շուրջ ճգնաժամի հետ կապված ի՞նչ լուծում եք տեսնում՝ Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ ամբողջությամբ չի տիրապետում տեղեկատվությանը, երկրից դուրս է. «Երկրորդը՝ ես ՄԻԵԴ-ի դատավոր եմ, ես ո՞նց կարող եմ գնահատականներ տալ որեւէ երկրի վարչապետի խոսքին»:

Հարցին՝ մտահոգություններ ունե՞ք դատարանների շրջափակման, այն ամենի հետ կապված, ինչ կարդում եք՝ Հարությունյանը պատասխանեց, որ մամուլ շատ քիչ է կարդում, ժամանակ չունի, բայց մտահոգություններ ունի մարդու իրավունքների վերաբերյալ համաշխարհային տեսակետից, այսօր օմբուդսմենի ինստիտուտը միջազգային մակարդակով վտանգված է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930