Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թադևոս Ավետիսյան. Աշխատանքային օրենսդրության մեջ շարունակում են չլուծված մնալ բազում խնդիրներ: Վերջին մեկ տարում կատարված օրենսդրական փոփոխություններով էլ այդ խնդիրներն ավելանում են

Նոյեմբեր 26,2019 15:06

Իշխանությանը՝ «100 փաստերը» լրացնելու առաջարկ

2018թ. մայիսից հետո ևս պետությունը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորություններից՝ «թոթափելով» իր սոցիալական բեռը: Այս ընթացքում ձևավորված կառավարությունների երկու ծրագրերն էլ չունեն չափելի բավարար թիրախներ, որոնք թույլ կտան գնահատել դրանց ընթացքն ու վերջնարդյունքը: Իշխանությունների որդեգրած այս տրամաբանությամբ՝ իրենք չեն խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:

Այսպիսով, օբյեկտիվորեն ակնկալվում են հետևյալ հարցերի համակողմանի պատասխանները.

«Հայաստանը սոցիալակա՞ն պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքում ընկած է՞ արդեն սոցիալական շուկայական տնտեսությունը: Տրված խոստումներին համաչափ՝ պետական քաղաքականությունն ուղղված է՞ ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: Իշխող քաղաքական ուժն ի՞նչ չափով է հասցեատեր, թե՞ արդեն քաղաքացին է մեղավոր իր կյանքի դժվարին իրավիճակի ու սոցիալական չլուծվող խնդիրների համար:»:

Իշխանության հռչակած չափելի թիրախները վերաբերում են միայն 2050թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճ»:

Նախորդ տարվա համեմատ՝ 2019թ. պետական բյուջեում զբաղվածության ոլորտին հատկացվող միջոցները մնացել են նույնը: Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցները կրճատվել են 2 անգամ, շահառուների թիվը՝ 4 անգամ: 2020թ. պետական բյուջեով զբաղվածության պետական ծրագրերին կուղղվի 1,825 միլիարդ դրամ, աճն ընդամենը 9 տոկոս: 2018թ. զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս: Առկա սուղ հնարավորությունների պայմաններում 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի: 2019թ. հունվար-հոկտեմբերին այդ ծրագրերի կատարողականը մնում է խիստ ցածր՝ 45 տոկոս: Այս ժամանակահատվածում զբաղվածության պետական ծառայությունը ամսական միջինը 140 աշխատանք փնտրողների է տեղավորվել աշխատանքի, որոնք ընդգրկված են եղել զբաղվածության պետական ծրագրերում:

Ծրագրերի ինքնանպատակ կատարումն ապահովելու համար էլ 2019թ. շուրջ կիսով չափ նվազեցվել են դրանց արդյունքային թիրախները՝ կայուն զբաղվածության ապահովման ցուցանիշները: Վերացվում են կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության բաղադրիչները: Զբաղվածության պետական ծրագրերի միջոցներն այս փոփոխություններով ստանում են անսահման և առանց որևէ պատասխանատվության ծախսելու հնարավորություն: Ի դեպ, մինչև 2014թ. համակարգային փոփոխությունները զբաղվածության ոլորտում կար նույն այսպիսի խնդրահարույց վիճակ:

Գործազրկության մակարդակը 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մնացել է ամփոփոխ՝ 20,6 տոկոս: 2019թ. առաջին եռամսյակին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն աճել է 16000-ով: 2019թ. առաջին եռամսյակի համեմատ՝ երկրորդ եռամսյակում շուրջ 60000-ով նվազել է աշխատուժից դուրս բնակչության թիվը: Այսինքն` աշխատանքային տարիքի աշխատունակ բնակչության այն հատվածը, որոնք աշխատանք չեն փնտրում կամ պատրաստ չեն անցնել աշխատանքի կամ չեն ցանկանում աշխատել: Գրեթե նույն չափով (60000-ով) ավելացել է զբաղվածների թիվը: Այս փոփոխությունը հիմնականում բացատրվում է ստվերային զբաղվածության կրճատմամբ: Շուրջ 51500-ով նվազել են նաև աշխատանքային ռեսուրսները՝ աշխատուժից դուրս բնակչության, զբաղվածների և գործազուրկների թվերի հանրագումարը: Այսինքն՝ աշխատուժից դուրս բնակչության թվի նվազմանը համարժեք ավելացել է զբաղվածների թիվը: Հետևաբար՝ գործազուրկների թվի կրճատումն արձանագրվել է աշխատանքային ռեսուրսների նվազման հետևանքով: Այլ կերպ ասած՝ 2019թ. երկրորդ եռամսյակում գործազուրկների 18,3 տոկոսը կամ 46400 գործազուրկներ մեկնել են արտագնա աշխատանքի՝ հայրենիքում չգտնելով աշխատանք:

2018թ. հունվար-ապրիլին օրինական գրանցված աշխատողների թվի ամսական միջին աճը եղել է 7095, իսկ 2018թ. մայիսից մինչև 2019թ. սեպտեմբեր աճի այս ցուցանիշը նվազել է 43 տոկոսով և կազմել է 4062: Ընդ որում՝ ոչ ֆորմալ զբաղվածության կրճատումն ազդեցություն չի ունեցել իրական գործազրկության և միջին իրական աշխատավարձի ցուցանիշների վրա:

Աշխատանքային օրենսդրության մեջ շարունակում են չլուծված մնալ բազում առարկայական խնդիրներ: Վերջին մեկ տարում կատարված օրենսդրական փոփոխություններով էլ այդ խնդիրներն ավելանում են:

2019թ. հունվար-հոկտեմբերին միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 5,9 տոկոսով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճից ավելի քիչ չափով: 2020թ. նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացում՝ 55000 դրամից 68000 դրամ: Սակայն 2020թ. կանխատեսվող միջին աշխատավարձի աճը գրեթե հավասար է գնաճի ցուցանիշին: Պետական համակարգի վարձատրության չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձը) նորից մնալու է անփոփոխ՝ 66140 դրամ:

Նման իրավիճակում 2020թ. համահարթեցվում է եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը և սահմանվում է միասնական մեկ դրույքաչափ: Մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ 370000 աշխատողների կամ վարձու աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը մնալու է նույնը:

2018թ. հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել էր 9,5 տոկոս, որը հետագայում չգերազանցվեց: 2018թ. հաջորդ ամիսներին նվազեց և տարին ամփոփվեց 5,6 տոկոսով: 2019թ. հունվար-սեպտեմբերին այս ցուցանիշը 7,1 տոկոս է, իսկ 2020թ. պետական բյուջեով նախատեսվում է 4,9 տոկոս:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (ներհոսքից հանած արտահոսք) 30 միլիարդ դրամով կրճատվել է՝ 2019թ. առաջին կիսամյակում այն եղել է 7,8 միլիարդ դրամ, իսկ 2018թ. առաջին կիսամյակում՝ 38,6 միլիարդ դրամ:

Ներդրումների ներգրավման ու տնտեսական ակտիվության խթանման առաջնային ազդեցություն ունեցող՝ պետական բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը 2019թ. կազմել է աննախադեպ ցածր՝ 26 տոկոս:

Գործող կառավարությունը իր ծրագրով նախատեսել է՝ Հայաստանը ունենալու է արտահանմանը միտված տնտեսական զարգացման մոդել: Իսկ 2019թ. առաջին կիսամյակում արտահանումը նվազել էր 0,5 տոկոսով, հունվար-սեպտեմբերին աճել է ընդամենը 7,9 տոկոսով: Ընդ որում՝ 2018թ. հունվար-ապրիլին արձանագրվել էր 25,7 տոկոս արտահանման աճ:

Այսպիսով՝ առարկայական պատասխանի է սպասում նաև հետևյալ ընդհանրական հարցը.

«Սոցիալ-տնտեսական ոլորտում արձանագրվող իրավիճակային նման փոփոխությունների ու տեմպերի պարագայում իրատեսակա՞ն են դրված երկարաժամկետ նպատակադրումները, թե՞ …»:

«100 փաստեր» ձևաչափը լրացնելու նպատակով առաջիկայում կներկայացնենք այլ կետեր, որոնք ևս բխում են օբյեկտիվ իրականությունից:

 
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930