Հայաստանում գտնվող՝ Իտալիայի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ:
Պատվիրակությունը գլխավորող Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինին կարևորել է դատաիրավական համակարգում Իտալիայի փորձի ներկայացումը Հայաստանում, քանի որ երկու պետություններն էլ խորհրդարանական ժողովրդավարություններ են, իսկ ժողովրդավարական համակարգում դատարանը պետության հիմնասյուներից մեկն է: Նրա խոսքով՝ այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը կարող է դրականորեն ազդել դատական համակարգը բարելավելու նպատակով իրականացվող քայլերի արդյունավետության վրա:
«Դատական խորհրդի դերը խորհրդարանական ժողովրդավարության մեջ և հարաբերությունները մյուս սահմանադրական մարմինների հետ» խորագիրը կրող հանդիպման ընթացքում Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամները զեկույցներ են ներկայացրել իրենց երկրում դատական համակարգի գործունեության, ժողովրդավարական համակարգում բարձրագույն դատական խորհուրդների դերի ու նշանակության մասին: Հատկապես կարևորվել է դատարանների ու դատավորների անկախությունն ու այս գործում բարձրագույն դատական խորհրդի ունեցած դերակատարումը:
Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամների զեկույցներին հաջորդել է հարցուպատասխանը ներկաների հետ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ