Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձենդ կտրի՜», «նստի տեղդ». լեզվակռիվ՝ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստում

Նոյեմբեր 26,2019 14:15

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, նախկին գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստն է:

Մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանից, Վահե Դոլմազյանից եւ Գեւորգ Բաղդասարյանից բացի այսօր գործում ներգրավվել էր նաեւ մեկ այլ դատախազ` Կարեն Բիշարյանը, սակայն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրան բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրին: Հովհաննես Խուդոյանը հայտարարեց՝ ինչպես մյուս դատախազներ Պետրոս Պետրոսյանի, այնպես էլ Կարեն Բիշարյանի, նաեւ՝ Գլխավոր դատախազի մասնակցության առնչությամբ էլ ունեն առարկություններ:

Իսկ կոնկրետ Կարեն Բիշարյանի առնչությամբ Հովհաննես Խուդոյանը նշեց՝ դեռեւս 2018թ.-ի փետրվարին ԱԺ-ում մարտիմեկյան իրադարձությունների քննարկումների ժամանակ դատախազ Կարեն Բիշարյանը, պատասխանելով առաջադրված հարցադրումներին այն մասին, թե արդյոք գործի վարույթում հիմքեր առկա՞ են Ռոբերտ Քոչարյանին եւ այլ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար, ասել էր, որ հիմքեր առկա չեն, եւ Քոչարյանին որպես վկա հրավիրելու անհրաժեշտություն չկա: Ըստ Խուդոյանի. «Հետագայում որոշ քաղաքական փոփոխությունների արդյունքում դատախազությունը, այդ թվում՝ Կարեն Բիշարյանը, գտան, որ նման հիմքեր առկա են, մինչդեռ նախկինում էլ են հայտնի եղել մարտյան գործընթացների փաստական հանգամանքները, այդ թվում՝ արտակարգ դրություն մտցնելու մասին համաձայնագիրը»:

Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ պաշտպան Ռուբեն Սահակյանն էլ նկատեց՝ դեռեւս փետրվարին Կարեն Բիշարյանը կարծում էր, որ Միքայել Հարությունյանը (գործով մեկ այլ մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գտնվում է հետախուզման մեջ) եւ մյուսները քրեորեն հետապնդելի արարք չունեն. «Ամիսներ անց՝ հուլիսին, տեղեկացանք, որ Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել: Այդ ի՞նչ փոխվեց չորս ամիս անց դատախազությունում՝ վերից վար: Իրավական բան չկա, բայց քաղաքական պատվեր է եղել»:

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ, միանալով դատախազի դեմ բացարկի միջնորդությանը, շեշտեց. «Կամ պարոն Բիշարյանը 2018-ի փետրվարին է քաղաքական պատվեր կատարել, կամ հիմա է կատարում: Երկու պարագայում էլ Կարեն Բիշարյանը չի գործել օրենքով եւ ենթակա է բացարկման»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2169367840039760/

Ասվածը դուր չեկավ դատախազ Պետրոս Պետրոսյանին, որը տեղից արձագանքեց պաշտպանի խոսքերին:

Պ. Պետրոսյան-Ես առարկում եմ կողմի գործողությունների դեմ…

Մ. Պողոսյան-Ես ձեզ չեմ ընդհատում:

Դատախազներ-Մի՜ գոռա:

Մ. Պողոսյան-Դու ինձ մի ասա ես ինչ անեմ է՜:

Գեւորգ Բաղդասարյան (ենթադրաբար)-տո էնքան…

Մ. Պետրոսյան-Դու ինձ չես կարող ասել, տեղդ նստի:

ԴատախազներԴու չպետք է ասես ով ինձ անի:

Մ. Պողոսյան-Դու ձենդ կտրի…

Բանը հասավ լեզվակռվի, դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի կողմերը հանդարտվեն:

Նիստի վերսկսումից հետո դատարանը քննության առավ վիճաբանածների վարքագծի հարցը: Պաշտպան Միհրան Պողոսյանը պարզաբանեց, որ խոսքի հանդեպ եղան անհարկի միջամտություններ, ընդհուպ՝ սպառնալիքներ, եւ եթե իր խոսքն այդ կերպ ընդհատվի դատախազների կողմից, ինքը կտա համարժեք պատասխան. «Իմ խոսքը չի ենթադրում դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք: Այս միջադեպը չէր լինի, եթե դատական հակառակորդն առարկություն ներկայացնելու համար խնդրեր դատավորի թույլտվությունը, ոչ թե ընդհատեր ինձ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/485116372099699/

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ իր հերթին պարզաբանեց՝ ինքն առարկել է քաղաքական հայտարարությունների դեմ, ինչն ընդունվել է ոչ կոռեկտ տոնայնությամբ. «Ցանկացած արտահայտություն ունի համարժեք պատասխան: Ես այդ առումով կարողանում եմ պատասխանել»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը գտավ, որ միջադեպի ժամանակ թույլ է տրվել դատական նիստի կարգի խախտում. «Դատարանը Միհրան Պողոսյանի եւ դատախազ Գեւորգ Բաղդասարյանի հանդեպ կիրառում է նկատողություն սանկցիան»:

Ապա Միհրան Պողոսյանը շարունակեց կարծիք հայտնել Կարեն Բիշարյանի դեմ բացարկի միջնորդության վերաբերյալ՝ կրկին նրան վերագրելով «քաղաքական պատվեր» արտահայտությունը: Այս անգամ դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանից թույլտվություն խնդրեց առարկելու եւ այն ստանալուց հետո առարկեց՝ դատախազների հասցեին պաշտպանի արտահայտությունը համարելով ոչ տեղին: Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ նկատեց՝ դատարանը «քաղաքական պատվեր» արտահայտությունը վիրավորական է համարում մեղադրողների հանդեպ:

Ավելի ուշ դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց դատախազ Կարեն Բիշարյանի դեմ Քոչարյանի պաշտպանի բացարկի միջնորդությունը մերժել, իսկ դա նշանակում է, որ Բիշարյանը կշարունակի այս գործով հանդես գալ որպես մեղադրանքը պաշտպանող դատախազ։ Այսօրվա դատական նիստն այսքանով ավարտվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930