«Գեւորգ Կոստանյանին մեղադրանք դեռեւս չի առաջադրվել: Որոշում են կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Կոստանյանին 48 ժամ են տվել՝ ներկայանալու, բայց նա արդեն երկու ամիս է գտնվում է Մոսկվայում՝ դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում:
Հարցին՝ իրատեսակա՞ն եք համարում, որ նա 48 ժամվա մեջ կգա՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց հարցով՝ իսկ դուք իրատեսական չե՞ք համարում, որ նա կգա 48 ժամվա մեջ:
Մեր դիտարկմանը, որ Գեւորգ Կոստանյանը հարցազրույց է տվել, ասում է, որ արհեստականություն կա այս գործընթացի մեջ՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Կոստանյանի ասածները: Դուք ինձ ասում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից գալ հասնել Երեւան, ես էլ նույն հարցը ձեզ եմ տալիս»:
Կարդացեք նաև
Իսկ թե ի՞նչ կլինի, եթե չգա Կոստանյանը, հետախուզո՞ւմ եք հայտարարելու՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Կգործենք ըստ օրենքի»:
Լրագրողները փոխանցեցին՝ Կոստանյանն ասում է՝ դասերս կավարտեմ՝ կգամ, կարո՞ղ եք այդքան սպասել՝ Սասուն Խաչատրյանը նորից հարցին հարցով պատասխանեց. «Ինչքա՞ն սպասենք»: Ասացին՝ դուք պետք է հարցում անեք՝ իմանաք, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Որպես մեղադրյալ ներգրավվում է անձը այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների համակցությունը՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Այդ համակցությունը որ պահին որ քննիչը բավարար է համարում, այդ պահին որոշում է կայացվում որպես մեղադրյալ ներգրավելու մասին»:
Լրագրողների դիտարկմանը, որ այս էլ որերորդ դեպքն է, մեղադրյալ է ներգրավվում մարդ, ով Հայաստանում չէ, դա խնդիր չե՞ք համարում՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, խնդիր է»: Իսկ թե ո՞ւմ թերացումն է դա՝ նա գերադասեց չպատասխանել. «Եկեք այդպես չասենք, թե ում թերացումն է, ում թերացումը չէ: Նորից կրկնեմ՝ որպես մեղադրյալ ներգրավելու համար միայն բարի ցանկությունները շատ քիչ են, պետք է լինեն ապացույցներ, պետք է բավարար լինեն դրանք ու պետք է լինի ապացույցների համակցություն»:
Հարցրեցինք՝ գործն այսպես փակուղի չի՞ մտնելու, երբ մեղադրյալներն այսպես գնում ու չեն գալիս՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Մեղադրյալները որպես մեղադրյալ ներգրաված են, որոնք խուսափում են՝ հետախուզում է հայտարարված, ի՞նչ անենք»:
Հարցին՝ դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ արդարադատությունը կկայանա՝ Սասուն Խաչատրյանը նույն հարցը նորից ուղղեց լրագրողներին. «Իսկ դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ արդարադատությունը նրան կհասնի: Որեւէ մեկը կարո՞ղ է նման երաշխիք տալ, ես կարող եմ ընդամենն ասել, որ մենք ամեն ինչ կանենք դրա համար: Վարույթն իրականացնող մարմինը հետախուզում իրականացնող մարմին չէ, այդ մարմինը ոստիկանությունն է»:
Մենք հարցրեցինք՝ Գեւորգ Կոստանյանի ճակատագիրն ի՞նչ է լինելու 48 ժամ հետո՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Եկեք 48 ժամ սպասենք, լա՞վ, եթե պարոն Կոստանյանը չներկայանա, մենք ավելի մեծ տեղեկատվություն կտանք»:
Սասուն Խաչատրյանը չպարզաբանեց, թե ի՞նչ նոր ինֆորմացիա են ստացել, որ որոշում են կայացրել Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ