Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից շրջանառության մեջ է դրվել որոշման մի նախագիծ, ըստ որի՝ ինտերնետ պրովայդերները պարտավոր են բոլոր տեղեկությունները պահպանել 2 տարի, ինչը դժգոհությունների առիթ է տվել, քանի որ այդ փաստաթուղթը հակասում է ՀՀ մի շարք օրենքներին ու սահմանադրական դրույթներին: «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Ինտերնետ Հանրություն հ/կ-ի ղեկավար Գրիգոր Սաղյանը այս որոշման նախագիծը խնդրահարույց համարեց:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սաղյանը տարակուսանք հայտնեց. «Ինչու են պարտադրում պահպանել այդ տվյալները, եթե օպերատորների մոտ գոյություն ունի համապատասխան սարքավորում, որից երկու լար գնում է դեպի Ազգային անվտանգության ծառայություն: Թող այնտեղ պահպանեն այդ տվյալները: Ինչո՞ւ պետք է օպերատորները պահպանեն»:
Նրա ձեւակերպմամբ, «Ըստ այս փաստաթղթի, օպերատորը պետք է 2 տարի պահպանի այն տվյալները, որ, օրինակ տվյալ ժամին այսինչ անձնավորությունը միացել է այսինչին: Նախ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ընդունում օրենքներ, նրա որոշումը պարտադիր է այն օպերատորների համար, որոնց նա լիցենզիա է տրամադրել: Բայց տվյալ դեպքում այս որոշումը մեր բոլորի վրա է ազդում, իսկ եթե մեր բոլորի վրա է ազդում, պետք է դա օրենքով կարգավորվի, եթե օրենք է, ուրեմն Ազգային ժողովով պետք է անցնի, ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում 5 հոգով որոշեն ու ասեն` կանեք: Դա մի քիչ անհասկանալի է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ