«Իշխող խմբակցությունը չի անդրադառնում հարցին, թե այդ տասնյակ մեքենաներն ինչի դիմաց են նվեր ստացել: Հստակ է, որ խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանը քաղաքին նվիրաբերել է «ԿԱՄԱԶ»-ներ»,-այսօր Երեւանի ավագանու նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով՝«Ինձ շշմեցնում է այն, որ խմբակցությունը, որը յուրաքանչյուր հաջորդ եկած բեռնատար մեքենա նկարում է, այսօր չի ցանկանում անդրադառնալ հարցին, թե ի վերջո այդ տասնյակ մեքենաները ումի՞ց եւ ինչի՞ դիմաց են նվեր ստացել»:
Ըստ Խաժակյանի, խոսքը մոտ երկու տասնյակ մեքենայի մասին է:
«Եթե նախապես ասեին, որ «Ալեքս հոլդինգ» ընկերությունը ցանկանում է իրենց նվեր անել, հասկանալի, թափանցիկ, հրապարակային կլիներ գործընթացը, բայց երբ ամիսներ շարունակ դա պահել են, այստեղ հստակ խնդիր կա»,-ասաց պարոն Խաժակյանը՝ նշելով, որ խմբակցությունը չի խոսում՝ հասկանալով, որ այստեղ ինչ-որ խնդիր կա. «Եվ գաղտնի պահելը պայմանավորված է նաեւ որոշակի հանգամանքներով, փոխադարձ ըմբռնմամբ»:
Կարդացեք նաև
Ի պատասխան, Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց՝ Երեւանի քաղաքապետարանը որեւէ մեկին որեւէ բանի դիմաց շինթույլտվություն չի տալիս:
Այսօր Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցադրում էր արել՝ Ճի՞շտ է, որ Դավթաշենում՝ Եղվարդի խճուղու վրա իրականացվող շինարարության կառուցապատողը 1 միլիոն դոլարի, 10 հատ «ԿԱՄԱԶ» է նվիրել Երեւանին՝ շինթույլտվություն ստանալու համար։
Հակոբ Կարապետյանն անդրադառնալով այս հարցին, ասաց, որ պարոն Բաղդասարյանի հայտարարությունները որպես պաշտպանվելու միջոց է ընդունում, քանի որ Ռուսլան Բաղդասարյանը համայնքային գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համայնքին վնաս հասցնելու գործով որպես մեղադրյալ է ներգրավված:
Ըստ նրա, քաղաքապետարանը շինթույլտվություն տալիս է բացառապես այն դեպքերում, երբ այդ շինթույլտվության օրենսդրական նորմատիվային հիմքերը եւ քաղաքի զարգացման նպատակահարմարությունն առկա են:
Հակոբ Կարապետյանի խոսքով, գաղտնիք չէ, որ քաղաքապետարանը կառուցապատողներից, Երեւան քաղաքում տնտեսական գործունեություն ծավալող մի շարք սուբյեկտներից, անհատներից եւ կազմակերպություններից ընդունում է աջակցություն եւ դրանք կարող են լինել բնակմակերես, այս կամ այն ծառայություններ, հանրային տարածքների բարեկարգում, նաեւ օժանդակ տեխնիկա. «Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը ՄԱԿ-ի հռչակագրերով ընդունված միջազգային խրախուսվող պրակտիկա է համայնքների կողմից: Գործող քաղաքային իշխանությունը, տնտեսվարողների վստահությունից օգտվելով, լայնորեն կիրառում է այդ պրակտիկան, եւ ակնարկներն ու փորձերը՝ այս պրակտիկան ներկայացնելու բացասական լույսի ներքո, բարոյական տեսանկյունից խոցելի են, առավել եւս այն մարդկանց կողմից, որոնք մեղադրվում են համայնքային գույքը հափշտակելու մեջ»:
Այն հարցին՝ արդյոք Եղվարդի խճուղում կառուցապատում իրականացնող ընկերությունից, այդուամենայնիվ «ԿԱՄԱԶ»-ներ ստացել է քաղաքապետարանը, Հակոբ Կարապետյանն ասաց, որ տեղյակ չեն՝ որ կազմակերպության մասին է խոսքը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ