Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ամենեւին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգ». Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատական համակարգը վերից վար պետք է փոխվի

Նոյեմբեր 26,2019 11:49

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության 15-ամյակի առթիվ այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկեց միջազգային համաժողով, որի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պատմական ակնարկ արեց, թե ինչ փորձությունների միջով է անցել այս ինստիտուտը Հայաստանում. «15 տարի առաջ, երբ հիմնադրվեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, այդ ինստիտուտի վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, թե ինչպիսի ազդեցություն այն կունենա ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Կարող ենք արձանագրել, որ այդ ինստիտուտը ՀՀ-ում կայացել է եւ անուրանալի ազդեցություն է թողել: Իշխանության եւ մարդու իրավունքների պաշտպանի հարաբերություներն այս ընթացքում պարզ հարաբերություններ չեն եղել, նրանցից երեքը չեն պաշտոնավարել մինչեւ իրենց ժամկետի ավարտը եւ հրաժարական են տվել, ինչը հանրայնորեն ընկալվել է, որպես ՄԻՊ-ի եւ իշխանությունների միջեւ առկա խորը հակասությունների առկայություն: Մենք համոզված ենք, որ 2018-ին տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում ՄԻՊ գործունեության համար նոր պայմաններ ու նոր միջավայր է ստեղծվել, որովհետեւ հեղափոխությունը արել են մարդիկ, ՀՀ քաղաքացիները, ինչպես ընդունված է ասել՝ ՀՀ հպարտ քաղաքացիները եւ ուրեմն, հեղափոխությունը պետք է ստեղծի եւ ստեղծել է անհրաժեշտորեն մի միջավայր, որտեղ մարդը ոչ միայն դեկլարատիվ, այլեւ փաստացի բարձրագույն արժեք է: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօր ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է իդեալական վիճակում»: Վարչապետն ասաց, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է մարդու իրավունքների պաշտպանությունը ու օմբուդսմենի կառավարությունը անձամբ ինքը, կառավարությունը, ԱԺ-ն մեծապես կարեւորում են:

Փաշինյանի խոսքով՝ «Մեր գործունեությունը հեղափոխությունից հետո ուղղված է առաջին հերթին մարդու իրավունքների պաշպանությանը: Բոլոր մարդիկ ՀՀ-ում հավասար են օրենքի առաջ ու մարդկանց անհավասարությունները օրենքի առաջ առաջին հերթին ստեղծում է կոռուպցիա: Երբ ՀՀ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, մենաշնորհների դեմ, դա առաջին հերթին արտահայտվում է մարդու իրավունքների պաշտպանության վրա: Մենք այսօր արձանագրում ենք այդ թվում ՄԻՊ-ի աջակցությամբ, որ ՀՀ-ում ունենք մեծ օրակարգ մարդու իրավունքների պաշպանության առումով, բայց կարող ենք արձանագրել, որ լուծվել են ինստիտուցիոնալ կարեւոր հարցեր»:

Առաջին հերթին նա հիշատակեց խորհրդարանական ընտրութունները՝ նշելով, որ դրանք առաջինն էին խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ,որոնց արդյունքները կասկածի տակ չդրվեցին ոչ հայաստանյան հանրության, ոչ միջազգային հանրության կողմից ու չվիճարկվեցին:

Խոսելով ներկայիս մարտահրավերների մասին՝ վարչապետն ասաց՝ ՀՀ-ն այսօր աներկբա ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն՝ հեղափոխության էմոցիոնալ շարունակություն որպես. «Մենք հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունը ուժեղ դարձնենք ինստիտուցիոնալ առումով, որ դրա ապագան կախված չլինի որեւէ լիդերի ճաշակից, տրամադրությունից»:

Դատական անկախ համակարգի կայացման մասին խոսելով՝ վարչապետն, ասաց. «ՀՀ-ում արձանագրում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանության հետ զուգահեռ նաեւ դատական իշխանությունն է, որ նպաստել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների ու մեզ համար առաջնային է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ»:

Վարչապետն ընդգծեց. «Մեզ ամենեւին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգ, մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն, բայց երբ ՀՀ կառավարությունը ի ցույց դրեց կամք՝ գործնականում հրաժարվել այդ վերահսկողության պրակտիկայից, պարզվեց, որ դա որոշակի դաշտ է բացում նրանց համար, ովքեր նախկինում վերահսկողություն ունեին ու իրենք մտածեցին, որ կարող են շարունակել վերահսկողություն ունենալ ու հետ պտտել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները: Դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի փոփոխությունների, լինի մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության առանցքային ինստիտուտներից մեկը»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց. «Մենք այսօր պրոբլեմներ ունենք ընդհանրապես իրավական համակարգի հետ կապված: Այդ համակարգը շատ երկար տարիներ աշխատել է մի պայմաններում, մի միջավայրում, որոնք հակոտնյա են եղել մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս ողջ բարեփոխումների համատեքստում մեզ համար առանցքային է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, պաշտպանին մենք դիտարկում ենք որպես կատալիզատոր՝ մեր կողմից իրականացվող բարեփոխումների համար՝ մեր ամենալավ,ամենաբարի նպատակների գնահատման առումով: ՄԻՊ-ը եւ այդ ինստիտուտը, հենց այդպիսի դերակատարում ունի եւ ՀՀ-ում իշխող քաղաքական մեծամասնությունը ամեն ինչ կանի, որ ՄԻՊ-ի համար ստեղծի բոլոր նպաստավոր պայմաները՝ որպես ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն ինստիտուտներից մեկը: Ուզում եմ համոզմունք հայտնել, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա ու ամեն տարվա հետ ավելի կլավանա ու դա կլինի ոչ թե ՀՀ կառավարության ու ՄԻՊ-ի հակադրության, այլ այդ երկու ինստիտուտների համագործակցության արդյունք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930