Aravot.am-ը շարունակում է զրուցել մարզական լրագրողների եւ ֆուտբոլային մեկնաբանների հետ՝ իմանալու, թե ինչպիսին պետք է լինի ՀՖՖ գործկոմը:
Մեր երկրորդ զրուցակիցը Armenia TV-ի մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանն է:
–Պարտադի՞ր է, որ ՀՖՖ ապագա նախագահը անպայման ֆուտբոլի մարդ լինի:
-Կարծում եմ, հայկական ֆուտբոլը պետք է ղեկավարի ֆուտբոլային մարդ, մարդ որը ֆուտբոլից հասկանում է:
Կարդացեք նաև
-Այսօր բոլորն են ֆուտբոլից հասկանում, գիտեն, օրինակ, որ սեփական տուգանային հրապարակում խախտում անելը պատժվում է 11 մետրանոց հարվածով:
-Ամեն մարդ իր կարծիքով է ֆուտբոլ հասկանում: Ես նկատի ունեմ ֆուտբոլում ինչ-որ ավանդ ունեցող մարդու, որը ֆուտբոլի համար աշխատել է, մարդ, որը ֆուտբոլի հետ անմիջական առնչություն է ունեցել՝ անցյալում կամ ներկայում:
-Ուրեմն, մենեջեր լինելն այնքան էլ կարեւոր չէ՞:
-Վատ չէր լինի, եթե այդ երկու գործոնները համատեղվեին: Սակայն ավելի լավ է, որ ֆուտբոլային մարդ լինի, քան մենեջեր, բայց ֆուտբոլից մոտավոր պատկերացումներ ունենա:
-Դուք ո՞ւմ եք տեսնում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
-Ես անուն չեմ կարող տալ, որովհետեւ չգիտեմ՝ ով կարող է լինել:
-ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմում քաղաքական գործիչների, պատգամավորների,, նախարարների, մարզպետների ներկայությունը ցանկալի՞ է, թե պետք է բացառել:
-Բոլորին բացառել հնարավոր չէ: Թող լինի նախարար, լինի պաշտոնյա, լինի ընդհանրապես պաշտոն չունեցող մարդ… Կարեւորը՝ ինքը օգտակար լինի հայկական ֆուտբոլին, գործկոմում լինելով՝ ինչ-որ օգուտ տա, որոշում կայացնելիս հասկանա, թե ինչի համար է ձեռք բարձրացնում, այլ ոչ թե նրա համար, որ ուղղակի այդպես է պետք: Եթե այդ մարդը հասկանում է քննվող հարցը ու կարող է ճիշտ, ադեկվատ պատասխան տալ, ուրեմն ընդհանրապես էական չէ՝ ինքը պաշտոն ունի, թե չունի:
-Պաշտոնյան կամ քաղաքական գործիչը կաշկանդված չէ՞ տվյալ պահի իշխանությունով:
-Ինչի՞ պիտի կաշկանդված լինի: Եթե իշխանությունում ամեն ինչ բաց է, թափանցիկ է, դա ի՞նչ դեր պետք է խաղա: Հո իշխանությունը չի՞ ասելու այդ մարդուն՝ ոնց պետք լինի, այնպես կանես: Բնականաբար, այդ մարդն ունի իր կարծիքը եւ ֆուտբոլի ֆեդերացիայում իր մտքերով ու կարծիքով պետք է առաջնորդվի:
-Դեկտեմբերին լուծարվել պատրաստվող գործադիր կոմիտեում պաշտոնյաներ շատ կային, որոնք քո ասածի պես պետք է վարվեն, սակայն տեսանք, որ նրանք պետք էին ձայն ապահովելու համար:
-Ես այս գործկոմի նիստերին ներկա չեմ եղել ու ներսից չեմ տեսել՝ ինչ են արել: Ցանկություններն ու իրականությունը հաճախ չեն համընկնում: Հուսամ, որ այս գործկոմի փորձը հաշվի առնելով՝ նոր գործկոմի կազմը կլինի այնպիսին, որ ոչ ոք դժգոհելու տեղ չի ունենա:
-ՀՖՖ նոր նախագահի թեկնածուների թվում շրջանառվում են Յուրի Ջորկայեֆի եւ Խորեն Հովհաննիսյանի անունները:
-Ջորկայեֆը Հայաստանիր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու իրավունք չունի, որովհետեւ երկու տարի չի ապրել Հայաստանի Հանրապետությունում: Հետեւաբար, առաջադրվելու իրավունք, պարզապես, չունի: Իսկ Խորեն Հովհաննիսյանի թեկնածությունը ոչ մի կերպ չեմ մեկնաբանի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ