Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում ո՞րն է «չարիքը»

Նոյեմբեր 26,2019 10:40

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միլանում  արտահայտած խոսքը՝  «1996թ. հետո Հայաստանի բոլոր ղեկավարները չարիք են եղել…», լայն քննարկումների նյութ է դարձել։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ այդ թվականից սկսած բոլոր նախագահական ընտրությունները կեղծվել են, ուստի եւ բոլոր նախագահներն էլ չարիք են դարձել պետության եւ ժողովրդի գլխին։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները տարակուսում են. Ինչպե՞ս կարելի է այդպես արտահայտվել, չէ՞ որ, վերջապես, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ամենանվիրյալ աջակիցներից էր, եթե ոչ՝ ամենանվիրյալը, ուստի արդյո՞ք նա այն ժամանակ գիտակցորեն «չարիքին» էր  աջակցում։ Էլ չեմ ասում, որ ՀԱԿ-ական եւ մերձՀԱԿ-ական շրջանակները ինչպիսի փութաջանությամբ են պաշտպանում, փառաբանում իրենց կուռքին, թվարկում  Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիների «աննախադեպ հաջողություններն ու Հայաստանի բարգավաճումը», իսկ 1996թ. ընտրությունները համարում արդար եւ օրինական։ Իսկ  «չարիքը» հանկարծ ծնվեց 1998թ. Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալով եւ շարունակվեց Սերժ Սարգսյանի նախագահությամբ (իհարկե, նրբանկատորեն  «մոռանալով» նույն 1998թ. Վազգեն Սարգսյանի դերակատարությունը «չարիքի» գալուն)։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հակառակորդներն էլ իրենց հերթին են տարակուսում. Ա՛յ քեզ բան, զարմանալիորեն Նիկոլ Փաշինյանը վերջապես ասաց ճշմարտությունը եւ  Լեւոն Տեր-Պետրոսյանին չարիք անվանեց։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող էր նա 2008թ. նախագահական ընտրություններին պաշտպանել «չարիքի» թեկնածությունը։

Զարմանալիորեն սա այն դեպքն է, որ երկու, գուցե եւ ավելի քաղաքական, մեղմ ասած, հակադիր ճամբարներում կարծիքները համընկնում են (նկատի ունեմ 2008թ. Նիկոլ Փաշինյանի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցության հարցը)։

Սակայն, սույն հոդվածում ես նպատակ չունեմ վերլուծելու Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ արտահայտությունը, այն հայտարարելու քաղաքական շարժառիթները։ Ի վերջո, սա քաղաքականություն է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ հաջողակ հեղափոխական եւ  քաղաքական գործիչ։ Իսկ քաղաքական գործիչները, ի դեպ՝ ամբողջ աշխարհում, խոսում են ըստ իրենց, համաձայն  այդ պահի նպատակահարմարության։ Այնպես որ, թե ի՞նչ կար Նիկոլ Փաշինյանի մտքում այդ արտահայտությունն ասելիս, միայն իրեն է հայտնի։

Ես ուզում եմ անդրադառնալ «չարիք» արտահայտությանը, այն համատեքստում, որ նկատի է ունեցել  վարչապետը։

Պարզ է, որ «չարիք» ասելով, վարչապետը նկատի է ունեցել, որ եթե երկրի ղեկավարը չի ընտրվում ժողովրդի կողմից, ուստի եւ չի վայելում ժողովրդի աջակցությունը, դառնում է «չարիք»։ Այսինքն, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ 1996թ. «բարիք» էր, իսկ 1996թ. սեպտեմբերից հետո մի ակնթարթում դարձավ «չարիք»։ Մեկ րոպե ընդունենք, որ այդպես է։ Բայց, ի՞նչն էր պատճառը «բարիքի» «չարիք» դառնալու, ինչպես նաեւ հետագայում միայն «չարիքների» իշխանություն ունենալու։

Հարց Նիկոլ Փաշինյանին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին եւ այսօրվա իշխանությանը ջերմեռանդ պաշտպանող գործիչներին։

– Ի՞նչն էր պատճառը, որ 1996թ..սկսած բոլոր ընտրությունները կեղծվում էին։ Կեղծիքների պատճառը արդյո՞ք  Լեւոն Տեր-Պետրոսյանի (իհարկե, 1996թ. հետո), Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անձնական, բացասական, «չարիքային» բնավորության հատկանիշներն էին, թե՞ խնդիրն այլ տեղ է։

Փորձեմ ինքս պատասխանել իմ իսկ հարցերին։ Ովքեր մտերիմ հարաբերությունների մեջ են, երկրպագում կամ  համակրում  են երեք նախագահներից որեւէ մեկին, առանձին խոսակցությունների ժամանակ ասում են. «Իսկ դու նրան ճանաչո՞ւմ ես, ե՞րբ ես վերջին անգամ շփվել նրա հետ։ Գիտե՞ս ինչ լավ մարդ է, ո՞նց է մտածում մեր երկրի մասին եւ այլն»։ Եվ նրանք միանգամայն անկեղծ են։ Եվ ես էլ համոզված եմ, որ երեք նախագահներն էլ ի ծնե, գենետիկորեն  «չարիք» չեն եղել։

Այդ դեպքում, ո՞րն էր, կամ է՝  կեղծիքների պատճառը։ Այսպես, ընտրությունները կեղծվում են։ Իսկ ո՞վ, կամ ավելի ճիշտ, ո՞ր պետական, շեշտում եմ՝ պետական կառույցները պետք է կանխեն կեղծիքները, պատասխանատվության ենթարկեն կեղծիքներ կատարողներին։  Պատասխան. ոստիկանությունը, քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները։ Այսինքն` կեղծարարության դիմող գործադիր իշխանությանը պետք է հակադրվի կամ նրան զսպի դատաիրավական իշխանությունը։ Հիշենք 1995թ. «ընդունված» Սահմանադրության դրույթները։

Հոդված 49. Հայաստանի Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Չծավալվեմ եւ  մեջբերումներ չանեմ Սահմանադրության այլ հոդվածներից, միայն հիշեցնեմ, որ ՀՀ Նախագահը նշանակում եւ ազատում էր ինչպես նախարարներին, այնպես էլ ողջ դատաիրավական ոլորտի ղեկավարներին։ Ուստի եւ, այդ պետական կառույցներն այլեւս ոչ թե պետական էին, այլ իշխանական եւ ոչ միայն դե յուրե չէին կարող հակազդել, այլեւ հրահանգով  մասնակցում եւ օժանդակում էին կեղծիքներին։  Այսպիսի համակարգում, եթե Հայաստանի նախագահ դառնար այսօրվա ժողովրդավարական Եվրոպայի ցանկացած ղեկավար, համոզված եղեք, կդառնար նույն, գուցե եւ ավելի մեծ  «չարիք», քան  մեր երեք նախագահները։ Այսինքն՝ «չարիքը» համակարգն էր, որը խժռում էր  «լավ մարդուն»։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հակառակորդները կասեն, բայց չէ՞ որ այդ «չարիքի» համակարգը նա ստեղծեց, ուստի եւ…  Այո, բայց  համակարգի հիմքերը դրվեցին արդեն 1991թ. նախագահական ընտրություններով, երբ ժողովուրդը 80%-ից ավելի քվե տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ անվերապահ աջակցություն։ Չունենալով պետական ավանդույթներ եւ մտածողություն՝ հասարակությունը  չընդվզեց միապետության կայացմանը։ Իսկ ունենալով  իշխանություն եւ այդպիսի աջակցություն՝ դժվար է դիմանալ իշխանության  ամրապնդման եւ  «հավերժացման» գայթակղությանը։

Ինչեւէ,  2015թ. սահմանադրական «փոփոխություններով» նախագահական «չարիք» համակարգը փոխարինվեց վարչապետական (ոչ մի դեպքում՝ խորհրդարանական) «չարիք» համակարգով։ Մինչ 2018թ. «հեղափոխությունը». ինչպես ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ  այսօրվա «Իմ քայլը» խմբակցության անդամ,  այն տարիների  քաղ. հասարակության ներկայացուցիչներն անխնա քննադատում էին «չարիք» Սահմանադրությունը, երբ վարչապետին կից կառույցներ են  ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, նաեւ՝ փաստորեն, քննչական մարմինները։ Բայց «հեղափոխությունից» հետո ոչ միայն պահպանվեց «չարիք» համակարգը, այլեւ առավել «չարիքացավ», վարչապետին կից դառնալով Վիճակագրական վարչությունը, Սփյուռքի  լուծարված նախարարությունը, իսկ վարչապետի աշխատակազմն էլ ավելի ուռճացավ, հավանաբար  համատարած տոտալ  վերահսկողության նպատակով։ Բայց երեկվա թունդ ընդդիմախոսներն այսօր լռում են։ Այսպիսով, արդյո՞ք հերթական անգամ գործ չունենք, ավելի քան 70%  վստահության քվե ստացած, հանրության անվերապահ աջակցությունը վայելող անձի,  իշխանության բարիքներից  օգտվելու գայթակղության, իշխանության  ամրապնդման եւ «հավերժացման» սինդրոմի եւ վարչապետի խոսքերով ասած՝ հերթական սպասվող  «չարիքի» հետ։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հ.Գ.– Հեղափոխություն բառը չակերտների մեջ առա, հենց վերոնշյալ բարեփոխումների բացակայության պատճառով։

«Առավոտ» օրաթերթ

26.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930