Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են հարեւանները հասկանում «խաղաղությունը»

Նոյեմբեր 26,2019 10:00

Հայ լրագրողների այցը Բաքու, Ղուբա եւ Գանձակ, ինչպես նաեւ ադրբեջանցի լրագրողների այցը Երեւան եւ Ստեփանակերտ կարեւոր իրադարձություն էր: Իհարկե, ոչ ոք չի սպասում, որ նման քայլերը բեկում են մտցնելու Հայաստան-Ադրբեջան կամ Արցախ-Ադրբեջան հարաբերություններում: Այստեղ հնարավոր չէ խոսել որեւէ ջերմացման կամ անգամ կառուցողական երկխոսության մասին: Բայց քանի որ ադրբեջանական կողմը համաձայնել է անցկացնել նման հանդիպումներ (Հայաստանը եւ Արցախը, կարծում եմ, խնդիր չունեին), եւ քանի որ հանդիպումների ժամանակ հնչել է համեմատաբար մեղմ հռետորաբանություն, կարելի է ենթադրել, որ ներկայումս պաշտոնական Բաքուն շահագրգռված չէ սրել իրավիճակը, նաեւ՝ ռազմական առումով: Իհարկե, դա չի նշանակում, որ մեկ շաբաթից կամ մեկ ամսից մեր հարեւանների մոտ նման ցանկություն չի առաջանա:

Իսկ ի՞նչ են մտածում շարքային ադրբեջանցիները: Ադրբեջան մեկնած մեր գործընկերներին, որքան հասկանում եմ, դա չի հաջողվել պարզել, որովհետեւ, հասկանալի պատճառներով, Բաքվի եւ այլ քաղաքների փողոցներում անմիջական շփումներ չեն եղել: Եթե ադրբեջանական հ/կ-ները, որոնց հետ հանդիպել են հայ լրագրողները, իսկապես արտացոլում են հասարակության կարծիքը, ապա, ինձ թվում է, մարդիկ ուզում են խաղաղություն, բայց պատրաստ չեն որեւէ, թեկուզ նվազագույն, փոխզիջումների:

Մեր եւ նրանց պատկերացումները խաղաղության մասին խիստ տարբեր են: Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարության համար «խաղաղությունն» այն ժամանակ կլինի, երբ այս տարածաշրջանում ոչ մի հայ չապրի: Շարքային ադրբեջանցին, հավանաբար, այդքան հեռու չի գնում, բայց «խաղաղության» տակ հասկանում է այնպիսի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը զինաթափվում է եւ այնտեղ հաստատվում է Ադրբեջանի իշխանությունը: Թե ինչ է լինելու դրանից հետո՝ այստեղ մեր հարեւանների պատկերացումները, կարծում եմ, տարբեր են. մի մասը գուցե անկեղծորեն հավատում է, որ Ադրբեջանի տիրապետության տակ երկու ազգերը նորմալ ապրելու են այդ տարածքում: Բայց դա փոքր մասի համոզմունքն է. մյուսները, թեեւ այդպես են ասում, բայց շատ լավ գիտեն, որ իրենց ուզածը զուտ տարածքն է, իսկ հայերին լավագույն դեպքում բռնությամբ հեռացնելու են, բայց շատ ավելի հավանական է՝ ուղղակի դաժանորեն ոչնչացնելու են: Ադրբեջանցիներ կան, որոնք իրենք իրենց չեն խոստովանում, որ հենց դա՛ է իրենց ուզածը, սակայն դրանից բուն մտադրությունները չեն փոխվում:

Եվ ի՞նչ՝ ուրեմն պե՞տք չէ հարեւանների հետ խոսել: Իհարկե, պետք է: Եվ նպատակներից մեկը, կարծում եմ, պետք է լինի՝ հանգիստ, առանց քարոզչական հիստերիայի բացատրել, որ իրենց ուզածն անհնարին է: Բայց «բացատրել» անհրաժեշտ է ոչ միայն բառերով, այլեւ մեր երկրի եւ մեր բանակի հզորությամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930