Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկացում Գյումրիում․ աղբահանության վճարը 100-ից կդառնա 150 դրամ

Նոյեմբեր 25,2019 23:40

Այսօր Գյումրու քաղաքապետարանի դահլիճում հանրային բաց լսում էր կազմակերպվել «Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու և Գյումրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի N 201-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Հանրային լսում՝ որպես այդպիսի տեղի չունեցավ․ դահլիճը դատարկ էր, սակայն մեկ ուշագրավ փաստ հրապարակվեց։

Գյումրու քաղաքապետարանի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի բաժնի պետի տեղակալ Ռոբերտ Անդրեասյանն ասաց, որ միայն ավելանալու է աղբահանության վճարի դրույքաչափը․ մեկ անձի համար 100 դրամից դառնալու է 150 դրամ։ Զեկուցողը հայտնեց, որ որպես աղբի վարձավճար մուծող՝ Գյումրիում 157 հազար բնակիչ է հաշվառված։

Մեր հարցին չկա՞ն արդյոք փակ դռներ, վերջինս ասաց, որ անձնագրային բաժնի տրամադրած տվյալների համաձայն, փաստացի բնակչության թիվը 78 հազար է, ներկա են այդքանը։

«Փակ դռներ էլ կան, միգրացիայի արդյունքում մարդիկ բացակայում են քաղաքից, բայց այստեղ հաշվառված են մնացել։ Կան փլված շենքեր, որտեղ մարդիկ էդ հասցեով են հաշվառված, շենքերը չկան։ Հազար ու մի խնդիր կա», -հավելեց փոխքաղաքապետը։ Նա նաև նշեց, որ վարձավճարների հավաքագրումը 100 տոկոսով չի կատարվել, այլ 89 տոկոսով։

Իսկ թե ինչո՞ւ է թանկանում աղբի վարձը, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը պատճառաբանեց, որ աղբահանության ժամանակ իրենց ծախսերը գերազանցում են մուտքերին։

«Տարիներ շարունակ այս հարցը մեր կողմից չէր բարձրացվում՝ հաշվի առնելով մեր բնակչության սոցիալական վիճակը, բայց այսօր մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարվում ՝ և՛ փողոցների քանակն է ավելացել , և՛ զբոսաշրջիկների թիվը։ Զբոսաշրջության հետ կապված պետք է բարձրացնել արդյունավետությունն ու սպասարկման որակը։ Բյուջեից մեծ գումար ենք մենք ծախսում լրացուցիչ, այսինքն՝ մեկը մյուսին պետք է ծածկեր, բայց ներկա վիճակում չի ծածկում։

Մի թիվ ասեմ․ 2018 թվականին 143 միլիոն 432 հազար 989 դրամ տարբերություն է տվել։ Այսինքն ինչքան որ մուտք է եղել, դրանից ավել ենք ծախսել։ Ստիպված ենք 50 դրամով բարձրացնել, դա էլ է քիչ, ուղղակի ելնելով սոցիալական վիճակից, եթե մեծ փոփոխություններ անենք, դժգոհություններ շատ կլինեն։

Երևի մյուս տարի նորից վերանայենք, այս հարցը նորից արդիական է և բարձրացվելու է պարտադիր։ Վանաձորում վաղուց 200 դրամ է։ Մենք, ելնելով Գյումրու առանձնահատկություններից՝ երկրաշարժ տեսած քաղաք է, սոցիալական վիճակից, միշտ հետաձգել ենք այդ հարցը։Նորից եմ ասում, սա լավ օրից չենք անում, մենք մեր բնակչության վիճակի մեջ մտնում ենք, բայց բոլորից ցածր Գյումրիում էր»,-ասաց փոխքաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930