Նախկին «Միկա» մարզադահլիճում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում է շուրջ 80 ըմբիշ: Վաղը կայանալու են եզրափակիչ գոտեմարտերը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրատվամիջոցներին հայտարարել է, թե մասնակիցների քանակի նվազման պատճառն այն է, որ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում 5-րդից ցածր տեղ զբաղեցնող ըմբիշները զորակոչվում են բանակ: Իսկ ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, այս առաջնության արդյունքով կընտրվեն հավաքականի թեկնածուները, որոնք եկող տարվա հունվարին Ծաղկաձորում առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնեն՝ նախապատրաստվելով վարկանիշային մրցաշարերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ