Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգման դեպքով լիազորություններից ժամանակավոր զրկված ոստիկանապետը Ճամբարակում նոր էր պաշտոն ստացել

Նոյեմբեր 25,2019 22:45

Համացանցում հայտնված տեսանյութի կապակցությամբ, որում ոստիկանները խոշտանգումներով ցուցմունք են կորզում, ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, բայց առայժմ մեղադրյալ չկա: Այս մասին Aravot.am-ին ասաց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Տեսանյութի հրապարակումից մեկ օր անց ոստիկանությունից հայտնեցին՝ ծառայողական քննության շրջանակում ժամանակավորապես դադարեցվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։ Մեր տեղեկություններով՝ Նարեկ Սիմոնյանը Ճամբարակում պաշտոն էր ստացել այս տարվա օգոստոսի 22-ին, մինչ այդ ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նա Սեւանում երկար չի աշխատել՝ ընդամենը մի քանի ամիս: Մեր տեղեկություններով՝ Սիմոնյանը Սեւան տեղափոխվել էր Արմավիրի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից այս տարվա փետրվարին: Նա աշխատել է նաեւ Երեւանում:

Ոստիկանությունից մեզ չասացին, թե Երեւանում Նարեկ Սիմոնյանն ինչ պաշտոն է զբաղեցրել ու որ բաժնում է աշխատել, ասացին՝ կատարվածի մասին հրապարակման ենթակա տեղեկատվությունն արդեն հրապարակված է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Նարեկ Սիմոնյանը Երեւանում աշխատելու տարիներին ծառայություն է իրականացրել Արաբկիրի բաժնում, որտեղ էլ, որ կատարվել է խոշտանգումը:

Այսօր իրավապաշտպան Նինա Կարապետյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել էր, որ իրենց հետ կապվել են տուժողի ազգականները: Մեզ հետ զրույցում տիկին Կարապետյանցն ասաց՝ ըստ տուժողի ազգականների՝ դեպքը տեղի է ունեցել 2008-ից հետո ու, ամենայն հավանականությամբ, խոշտանգման արդյունքում ձեռք բերված ցուցմունքը օգտագործվել է նշված անձի դեմ, որը հիմա դատապարտված է: Դեպքի մանրամասներ դատապարտվածի ազգականները տիկին Կարապետյանցին չեն հայտնել, միայն ասել են՝ պատրաստ են երկար պայքարի ու պատրաստվում են բողոքարկել դատավճիռը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930