ԵԱՏՄ-ում Ղազախստանի հետ հարաբերություններում բարդություններ ունենք, քանի որ առեւտրային երթուղիները խաթարված են, իսկ հիմնական ապրանքները, որոնք արտահանում է Ղազախստանը՝ ցորեն, մետաղներ, սեղմված գազ, տրանսպորտային գործոնն, իհարկե, կա: Այս մասին այսօր իր դիտարկումները հայտնեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը՝ «Կառուցողական երկխոսություն. Ղազախստանի կայունության եւ բարգավաճման հիմքերը» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը:
Աշոտ Թավադյանը նաեւ դրական միտումներն է արձանագրում՝ ԵԱՏՄ-ում ՀՀ-Ղազախստան պատրաստի արտադրանքի արտահանման ծավալներն են մեծացել, Հայաստանից Ղազախստանում որոշակի ներդրումներ կան, Ղազախստանից մեզ մոտ ներդրումներ առայժմ չկան: Հայաստանը երրորդ երկրներից մեքենաներ է արտահանում Ղազախստան, ինչի արդյունքում ԵԱՏՄ-ում խնդիրներ ունի, արտահանում ենք նաեւ հացամթերք, թուղթ, ալկոհոլ եւ ոչ ալկոհոլային ապրանքներ, ոսկերչական զարդեր, քար, գիպս եւ այլն:
Տնտեսագետը խոսեց դրամավարկային փոխհամաձայնեցված քաղաքականության անհրաժեշտության մասին:
Կարդացեք նաև
Աշոտ Թավադյանն՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձին հատկապես կարեւորեց կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի շեշտադրումը: Իր գնահատմամբ, երկրների օրենսդրությունը պետք է հակակոռուպցիոն փորձաքննություն անցնեն: Երկու երկրների տնտեսական զարգացման սինքրոնացման գործում տնտեսագետը կարեւորում է համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, մանավանդ, ԵԱՏՄ-ում էլ համագործակցության հիմքերից մեկը կոոպերացիայի սկզբունքն է, որը մոռացվել է եւ չի իրականացվում: Մինչդեռ, երրորդ երկրներ արտահանման տեմպը բարձրացնելու համար համատեղ ձեռնարկությունների ստեղծումը էական դեր ունի: Իսկ էներգետիկ շուկայում միասնական վճարամիջոցի անցնելը ԵԱՏՄ շրջանակներում, նրա կարծիքով կդյուրացնի բոլորի հոգսերը:
Քննարկման մասնակից արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ նկատեց, որ Ղազախստանի նախկին նախագահ Նորսուլթան Նազարբաեւը մեծ դեր է խաղացել հետխորհրդային ինստիտուտների՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ ստեղծման գործում, նաեւ՝ արցախյան հարցի դրական հանգուցալուծման գործում: Դիվանագետը ընդգծեց, որ Բիշքեկում ստորագրված հրադադարի համաձայնագրի ստորագրման հարցում Նազարբաեւի դերը մեծ էր:
Արման Նավասարդյանը կարծում է, որ ՀՀ-ի եւ Ղազախստանի հարաբերությունների սերտացման գործում էական է Արցախի հարցի գործոնը: Նրա գնահատմամբ, Հայաստանը եւ Ղազախստանը քիչ չէ, որ միատեսակ դիրքորոշում են արտահայտում տարբեր միջազգային կառույցներում եւ եթե Ղազախստանը Արցախի հարցում Հայաստանի դիրքորոշմանը համահունչ դիրքորոշում արտահայտի, մանավանդ թյուրքալեզու պետությունների տարբեր հարթակներում, ապա առավել արդյունավետ կարող են լինել երկու երկրների հարաբերությունները:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ