Իտալիայի ընտրանուց 1:9 հաշվով կրած Հայաստանի ազգային հավաքականի ջախջախիչ պարտությունը ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից հրաժարական պահանջելու առիթ դարձավ: Գործկոմն ընդունեց նրա հրաժարականը եւ հայտարարեց դեկտեմբերի 23-ին նաեւ իր լուծարման մասին: Հիմա օրակարգային ամենաքննարկվող թեման է, թե ով կգլխավորի հայկական ֆուտբոլը եւ ովքեր կընտրվեն գործադիր կոմիտեի անդամներ:
Aravot.am-ը զրուցել է մարզական լրագրողների եւ ֆուտբոլային մեկնաբանների հետ՝ իմանալու նրանց պատկերացումներն ու տեսակետները: Մեր առաջին զրուցակիցը «Մեդիամաքս» լրատվական գործակալության համահիմնադիր եւ գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն է:
-Պարտադի՞ր է, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաջորդ նախագահը, անպայման, ֆուտբոլի մարդ՝ «սվոյ» լինի: Թե՞ դա ավելի շատ մենեջերի գործ է:
-Իմ կարծիքով, ամենեւին էլ պարտադիր չէ, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը լինի նախկին ֆուտբոլիստ կամ մարզիչ: Դրա անհրաժեշտություն իրականում չկա: Բայց շատ կարեւոր է, որ նա լինի մենեջեր: Այսինքն, կարողանա ղեկավարել ֆուտբոլային բոլոր գործընթացները: Պարտադիր պայման է, որ ֆուտբոլը սիրի եւ հասկանա, սիրի հատկապես հայկական ֆուտբոլը: Այս առումով կասկած չունեմ, որ քաղաքական կամ հասարակական գործիչ լինելը բոլորովին պարտադիր պայման չէ: Ցանկալի է, որ դա լինի մարդ, որը տիրապետում է ամբողջ պրոցեսներին, հատկապես մեծ ուշադրություն դարձնի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում, նոր մարզադաշտերի կառուցմանը: Այդ անձը պետք է կարողանա լեզու գտնել տեղական իշխանությունների, նաեւ երկրի ղեկավարության հետ: Լավ մենեջեր լինելուց բացի, եթե նա լինի հեղինակավոր անձ, գուցե, դա կհեշտացնի աշխատանքը:
Կարդացեք նաև
-Ո՞ւմ կուզենայիք տեսնել ՀՖՖ նախագհի պաշտոնում:
-Անկեղծ ասած, ես այս պահին թեկնածու չունեմ: Բայց համոզված եմ, որ մեր երկրում կան այդպիսի մարդիկ:
-Ֆեդերացիայի դեռեւս գործող գործադիր կոմիտեի կազմում ընդգրկված են քաղաքական գործիչներ՝ պատգամավորներ, նախարարներ: Նրանց ներկայությունն ապագա գործկոմում պարտադի՞ր է:
-Ես չեմ ողջունում ֆուտբոլի քաղաքականացումը: Դա մի երեւույթ է, որը, ցավոք, սողոսկել է մեր իրականություն: Շատ կուզենայի, որ մեր ֆուտբոլի գործկոմում լինեն մարդիկ, որոնք պատրաստ են օգնել հայկական ֆուտբոլին զարգանալ: Կլինեն նրանք պաշտոնյաներ, սովորական մարդիկ, լրագրողներ, գործարարներ՝ բոլորովին կարեւոր չէ: Գործարարների պահով, եթե այդպիսիք կլինեն, պետք է այնպես անել, որպեսզի յուրաքանչյուրը չփորձի վերմակն իր վրա քաշել: Եթե մարդն անձնական շահագրգռվածություն ունի՝ ակումբի սեփականատեր կամ նախագահ է, ապա մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես է նա պահպանելու օբյեկտիվության սկզբունքը:
-Որպես ՀՖՖ նախագահի թեկնածու կրկին շոշափվում է Յուրի Ջորկայեֆի անունը:
-Շատ եմ հարգում Յուրի Ջորկայեֆին որպես աշխարհի չեմպիոն: Ես գիտեմ, որ նա հիմա բազմաթիվ բիզնես նախագծերում է ներգրավված եւ դեմ եմ նրա թեկնածությանը: Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարումը պահանջում է մշտական ներկայություն եւ մշտական ներգրավվածություն: Հնարավոր չէ գտնվել որեւէ այլ երկրում եւ հեռախոսով կա սքայպով կառավարել ֆուտբոլի ֆեդերացիան: Ավելի ցանկալի է, որ ֆեդերացիան ղեկավարի մարդ, որը կկենտրոնանա զուտ ֆեդերացիայի գործունեության վրա, այլ ոչ թե կհամատեղի որեւէ այլ պաշտոնի հետ: Այսինքն, իր ժամանակի 100, նույնիսկ 150 տոկոսը հատկացնի ֆեդերացիային: Որովհետեւ ֆուտբոլում խնդիրներն այնքան շատ են, որ պահանջում են ֆեդերացիայի ամբողջ ղեկավարության մշտական ներգրավվածություն:
-Խորեն Հովհաննիսյանը հաստատել է, որ պատրաստվում է առաջադրվել:
-Ես կտրականապես դեմ եմ Խորեն Հովհաննիսյանի թեկնածությանը, որովհետեւ նրա գործունեությանը, որպես հաջողակ մենեջերի, ծանոթ չեմ: Կարծում եմ, շատ մեծ սխալ կլինի, եթե ֆեդերացիայի անդամները հենց Խորեն Հովհաննիսյանին ընտրեն որպես ֆեդերացիայի նախագահ; Ես դրանից լավ ակնկալիքներ չունեմ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ