ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը տերմինաբանական մանրամասների մեջ չմտնելով, կարծում է, որ Հայաստանում 1,5 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք անվանվում են թավշյա հեղափոխություն, Հայաստանում նոր օրակարգ եւ նոր առաջնահերթություններ են բերել, հատկապես Հայաստանի արտաքին հարաբերությունների իմաստով: Այս մասին դեսպանն այսօր իր տեսակետը հայտնեց «Կառուցողական երկխոսություն. Ղազախստանի կայունության եւ բարգավաճման հիմքերը» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Քննարկման թեման Ղազախստանի նախագահի ուղերձն էր:
Ղազախստանի նախկին նախագահ Նորսուլթան Նազարբաեւն իր երկրի հանրությանն ուղղված ուղերձներում ներկայացնում էր երկրի զարգացման հեռանկարները: Ավանդույթը շարունակվում է. Ղազախստանի երկրորդ նախագահն իր առաջին ուղերձն է հղել՝ երկրի ռազմավարական ուղղությունների, ներհասարակական կյանքում առաջնահերթությունների եւ դրանց ազդեցությունների, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մասին: ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը Ղազախստանի նախագահի ուղերձը Ղազախստանի ներքին օրակարգը չէի համարում: Թիմուր Ուրազաեւը կարծում է, որ հայ-ղազախական հարաբերություններում շփման նոր եզրեր պետք է գտնվեն եւ հարաբերություններն առավել սերտանան եւ այդ է պատճառը, որ նա կարեւորում է Ղազախստանի նորընտիր նախագահի ուղերձի հայաստանյան քննարկումները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Իսկ ուղերձը հասարակություն-պետություն հարաբերությունների մասին է՝ տնտեսական զարգացում, սոցիալական, իրավական հարաբերություններ եւ այլն՝ հիմնված Նազարբաեւի մոդելի վրա: Ուղերձի հիմնաքարը՝ «լսող պետություն» հայեցակարգի կյանքի կոչումն է, որի առանցքը լինելու է՝ «Ուժեղ նախագահ՝ ազդեցիկ խորհրդարան, հաշվետու կառավարություն» բանաձեւը: Ծավալուն ուղերձում հստակեցվում են քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական բարեփոխումների տեսլականները:
Ի դեպ, Ղազախստանում խստացվելու են նաեւ պատժամիջոցները՝ սեռական բռնության, մանկապղծության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, թրաֆիկինգի, կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերում:
ԱԺ պատգամավոր, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն իր խոսքում ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խթան էր բազմաթիվ փոփոխությունների, այդ թվում եվրասիական ինտեգրացիան ավելի լայն թափով առաջ տանելու համար: Նա նկատեց, որ այս խորհրդականում ԵԱՏՄ հանձնաժողով էլ ստեղծվեց`ընդգծելով, որ դա քաղաքական մեծամասնության նախաձեռնությունն էր: Ի դեպ, ԲՀԿ խմբակցությունում էլ պնդում են, որ նախաձեռնությունն իրենցն է:
Իշխող ուժը ներկայացնող պատգամավոր նկատեց, որ 2019 թվականին, 2017-18-ի համեմատ Ղազախստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 50 տոկոսով: Նրա պնդմամբ, ղազախ գործընկերները հետաքրքրված են Հայաստանի IT ոլորտով, Նորսուլթանում էլ Թումո կենտրոն է բացվելու: Պատգամավորը աշխուժացում է տեսնում նաեւ երկու երկրների դիվանագիտական եւ քաղաքական հարաբերություններում, ինչն իր գնահատմամբ, 1992-ից ի վեր բացառիկ փաստ: Ղազախստանի նախագահի ուղերձի մասով էլ ասում է՝ կարեւոր է, որ գործ ունենք մի պետության հետ, որտեղ կարեւորում են ժողովրդի ձայնը լսելու ունակությունը: Նա վստահ է, որ որոշ ժամանակ անց, արդեն ավելի բարձր թվերով կխոսենք ՀՀ-Ղազախստան տնտեսական ցուցանիշների մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ