Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդագրական ցուցանիշների անկման տեմպը խիստ նվազել է». Արտակ Մարկոսյանը՝ Բագրատյանին

Նոյեմբեր 25,2019 20:00

«Միգրացիայի բացասական ցուցանիշը եղել է -14 հազար 700 մարդ, միաժամանակ ունեցել ենք 6900 բնական աճ: Այսինքն՝ այդ երկուսի հավելաճով այս տարի հոկտեմբերի դրությամբ մեր բնակչության թվաքանակը նվազել է 7800-ով: Սա ելումուտը չէ, սա հատուկ մեթոդաբանությամբ հաշվարկվող ցուցանիշ է, որը հաշվարկում է Ազգային վիճակագրական կոմիտեն»,-արձագանքելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը:

Պարոն Բագրատյանն իր ելույթում հայտարարել էր, որ մեր երկրից արտագաղթը ոչ միայն չի նվազել, այլեւ՝ կրկնապատկվել է:

Արտակ Մարկոսյանի խոսքով, ժողովրդագրական ցուցանիշների անկման տեմպը խիստ նվազել է. «Արտագաղթն այնքան մեծ է եղել, գնացողների թիվն այնքան շատ է եղել, այնպես չէ, որ այդ ցուցանիշը ձեւավորվել է վերջին մեկ տարում, դա բավականին երկար ժամանակահատվածում գրանցված երեւույթ է, այսինքն՝ մարդիկ շուտ մեկնել են, տեղի է ունենում քաղաքացիության փոփոխություն, նոր՝ գրանցվում է: Այսինքն՝ դա համարել, որ ներկայումս արտագաղթը կա այն չափով՝ ինչ նախկինում էր, սխալ է: Մարդիկ մինչեւ գործողություն են կատարում, գրանցում են, ժամանակ է պահանջվում այնպես չէ, որ նոր գնացին եւ հրաժարվեցին քաղաքացիությունից, այդպիսի բան գոյություն չունի»:

Արտակ Մարկոսյանը համամիտ չէ նախկին վարչապետի այն դիտարկումներին, թե հնդիկների ներգաղթը ներկայացվում է, որպես արտագաղթի նվազում: Ըստ ժողովրդագրագետի, վիճակագրական տվյալները ճշգրիտ են. ծնունդը գրանցվեց համապատասխան ընթացակարգով հասնում է Վիճակագրական կոմիտե, ըստ այդմ էլ հատուկ մեթոդաբանությամբ հաշվարկվում է: Արտակ Մարկոսյանի խոսքով, միգրացիայի բացասական ցուցանիշը պետք չէ շփոթել ելումուտի սահմանների հետ:

Հակառակը՝ Արտակ Մարկոսյանը վստահեցնում է, Ժողովրդագրության տվյալները լավ արդյունքներ են գրանցել. «Ոչ ոք չի ուզում անդրադառնալ ժողովրդագրական տվյալներին, երեւի շատ լավն են, չեն ուզում ներկայացնել: 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների թվաքանակի անկում չի գրանցվել: Սա արդեն լավ ցուցանիշ է, ընդամենը 20-ով է նվազել: Մինչդեռ 2017 թվականին 2016 թվականի համեմատությամբ 2500-ով նվազել է»:

Պարոն Մարկոսյանի տվյալներով, մուտքի-ելքի ընդհանուր ծավալներով այս տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին ցուցանիշը բացասական է
-9857-ով, 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը -15695 է եղել: 2017 թվականի հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը եղել է -53912, 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ -86694, 2015 թվականի ցուցանիշը՝ -91424:

«Այսինքն՝ այս բոլոր ցուցանիշները վկայում են այն մասին, որ դինամիկան դրական է»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է 2019 թվականի՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրված ելումուտի ցուցանիշներին՝ -35545, Արտակ Մարկոսյանը բացատրում է՝ ճիշտ է ցուցանիշը բացասական է, բայց այնպես չէ, որ գնացել են. «Սա, պարզապես, նաեւ այն ժամանակավոր աշխատողներն են, որոնք այնպես չէ որ հեռացել են, տարեվերջին վերադառնալու են»: Ըստ նրա, 2018 թվականին այդ թիվը -42 հազար 182 է եղել, 2017 թվականին՝ -75 հազար 15, 2016-ին՝ 97 հազար 902:

2015 թվականին՝ -105 հազար 875, 2014 թվականին՝ 104 հազար 966: «Բացասական բոլոր ցուցանիշներով հանդերձ դրական դինամիկան առկա է: Չէր կարող արտագաղթը միանգամից կանգ առնել, մենք 40 տարի արտագաղթող երկիր ենք եղել»,-ասաց Արտակ Մարկոսյանը՝ նշելով, որ 2011 թվականից սկսած առաջին անգամ ունենք ամուսնությունների թվաքանակի աճ: Ըստ նրա, նախորդ տարվա համեմատությամբ, 682-ով ավելացել են ամուսնությունների թիվը, 30-ով նվազել են ամուսնալուծությունների թիվը. «Դրական դինամիկա ունենք մի քանի մարզերում՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունքի, Լուռու մարզերում գրանցվել է ծնունդների թվաքանակի աճ, ընդ որում աճել են բնական աճի ցուցանիշները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930