«Մեղավորը բռնարարն է». այսպիսի նշանաբանով այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ» կոալիցիան իրազեկման միջոցառում էր անցկացնում մետրոյի Հանրապետության հրապարակին կից այգում եւ Ավետիք Իսահակյանի արձանին հարակից տարածքում:
«Ես եմ իմ դասընկերուհուն հրավիրել սուրճի եւ բռնաբարել, չնայած նրա «ոչ»-ին», «Ես եմ իմ ուսանողուհուն սպառնացել քննություն չնշանակել, եթե սեռական հարաբերություն չունենա ինձ հետ», «Ես եմ ծեծելով բռնաբարել իմ կնոջը՝ սպառնալով, որ կարթնացնեմ երեխաներին եւ դա կանեմ իրենց ներկայությամբ». տղամարդու հագուստներին փակցված այսպիսի պատմություններով միջոցառման կազմակերպիչներն իրազեկում էին՝ բռնության ենթարկված անձը մեղավոր չէ: սեռական բռնության ենթարկված զոհը մեղավոր չէ:
Նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում «Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյակն է». այդ օրերին իրազեկման ակտիվ միջոցառումներ են տեղի ունենում: Այս տարի ամբողջ աշխարհում 16 օրյակի խորագիրն է՝ ընդդեմ սեռական բռնության եւ բռնաբարության:
«Միշտ մեղադրանքի սլաքն ուղղում են անձին, որը տուժել է բռնությունից, ասում են՝ են՝ ուշ ես դուրս եկել, բա ի՞նչ էիր հագել եւ այլն, ու ամբողջ մեղքը դնում են զոհի վրա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ծրագրերի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ այս եւ նմանատիպ միջոցառումներով փորձում են հանրային գիտակցության փոփոխության հասնել:
Հովհաննիսյանը ներկայացնելով իրավապահ մարմինների արձանագրած տվյալներն, ասաց՝ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իգական սեռի ներկայացուցչի նկատմամբ տեղի է ունեցել սեռական բռնության 74 դեպք, որից 40-ն անչափահասների նկատմամբ է եղել:
Հովհաննիսյանն ասաց, որ այս թվերը մտահոգիչ են, չնայած, որ պաշտոնական վիճակագրությունն իրական պատկերը չի ներկայացնում:
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մեր հասարակությունը բռնության նկատմամբ, երբեմն, անտարբեր է, արդարացնող, բայց, ցավոք, մերժող չէ:
Մանրամասն՝ տեսանյութում
«Սեռական բռնությունն ունի խորքային ազդեցություն անձի ֆիզիկական եւ մտավոր առողջության վրա: Սեռական բռնության ենթարկված կանայք եւ անչափահասները ենթարկվում են հոգեբանական ճնշումների հասարակության կողմից, հաճախ նրանց են մեղադրում կատարվածի համար. «միգուցե կնոջ վարքն այն չէր», «հագուստն էր կարճ», «օծանելիքն էր գրավիչ», մինչդեռ մեղադրելով սեռական բռնության ենթարկվածին՝ հասարակությունն արդարացնում է բռնարարին՝ այդպիսով կատարվածի պատասխանատվությունը բռնարարից տեղափոխելով սեռական բռնության ենթարկվածի վրա: Հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը բռնարարի հանդեպ».իրազեկում է կոալիցիան:
Կոալիցիայի միջոցառմանը փորձում էր խոչընդոտել Նարեկ Սարգսյանը, որին ոստիկանությունն էր փորձում կարգի հրավիրել: Սարգսյանի կարծիքով՝ կոալիցիայի այս միջոցառումը քարոզ է ԼԳԲՏ համայնքի մասին: Մինչդեռ, այս միջոցառման ընթացքում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին որեւէ խոսք չհնչեց:
Մանրամասն՝ տեսանյութում
Սկզբում ոստիկանները կոալիցիայի ներկայացուցիչներին ասացին, որ այս միջոցառումն արտոնված չէ,սակայն Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք Երեւանի քաղաքապետարանին իրազեկել են, բայց դրական պատասխան չեն ստացել.«Զանգահարել, բանավոր ասել են, որ քաղաքապետարանը չի ցանկանում, որպեսզի նման ակցիա տեղի ունենա, ասել են՝ իրենց հաճելի չէ նման թեմայով ակցիա լինի։ Մենք պահանջել ենք գրավոր ներկայացնեն պատճառները։ Զարմանալի է, որ նույնիսկ բանավոր տեսքով նման պատասխան կարող է հնչել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ