Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի օգնականը խորհրդարան էր բերել Փավստոս Բուզանդի գիրքը՝ ապացուցելու համար, որ Պապ թագավորը, ինչպես շեֆն էր ասել, «գալուբոյ է»:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե «Պապ թագավորից են խոսում, Պապ թագավորը գալուբոյ է եղել, խայտառակ, էդպիսի կերպարը պետք է հանել ազգի միջից, Տրդատ թագավորին թողել եք… հետո Պապ թագավորը Ներսես կաթողիկոսին թունավորեց, դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպա՞ր, թողնում եք Տրդատին, Տիգրան Մեծին, Աշոտ ողորմած Բագրատունուն, էդքան բարեպաշտներ ենք ունեցել, դուք դրանց թողել եք, ընկել եք էդ սատանեքի հետեւի՞ց»:
Եվ ահա, քանի որ Ղուկասյանի այս հայտարարությունը զավեշտալի մեկնաբանությունների, քննադատությունների տեղիք էր տվել, օգնականը փաստացի «ապացույցով» եկել էր ԱԺ ու հորդորում էր կարդալ ու համոզվել՝ Պապ թագավորը «արվամոլ» է: Նա Բուզանդի «Հայոց պատմություն» գրքում նշումներ էր արել, որտեղ, մասնավորապես գրված էր. «Արշակի որդին՝ Պապը, ծնվեց Սյունի Փառանձեմից, որ Գնելի կինն էր եղել, որին սպանեց Արշակ թագավորը և նրա կնոջը՝ Փառանձեմին, իրեն կին առավ և նրանից ունեցավ որդի, որ կոչվեց Պապ: Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակեցման և նրան վարում էին՝ ըստ իրենց կամքի: Նա սնվեց, մեծացավ և մեղքեր էր գործում՝ պոռնկություն, պիղծ արվագիտություն, անասնագիտություն և զազրելի, գարշելի գործեր, բայց մանավանդ, արվագիտություն: Բացի սրանից՝ ինքն էլ իգանում էր ուրիշներին. այսպես թավալված էր (զազրելի գործերի մեջ)»:
Կարդացեք նաև
Սակայն նկատենք, որ մեր հզոր արքաներից մեկին՝ Պապ թագավորին այսպես բնութագրելու համար մ.թ. 5-րդ դարում իր պատճառներն ուներ Բուզանդը, որովհետեւ հայտնի է, որ Պապ թագավորը սահմանափակել էր եկեղեցու իրավունքները, մասնավորապես գույքային իրավունքները, իսկ Բուզանդը հոգեւորականների դասի պատմիչ էր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ