«Հեղափոխությունից մեկուկես տարի հետո այս խնդիրները փակ են բոլորի համար»,-«Մեդիա կենտրոնում» «Խոշտանգումները՝ ուժային կառույցներում․ ի՞նչ ակնկալիք ունի հանրությունը հետհեղափոխական Հայաստանի իրավապահ համակարգից» թեմայով քննարկմանը այսպիսի մտահոգություն հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:
Անդրադառնալով խոշտանգման կադրեր պարունակող «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ աղմկահարույց տեսանյութին, որի համաձայն՝ քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում՝ Նինա Կարապետյանցն ասաց. «Այն, ինչի միջով անցնում են խոշտանգվող անձինք, բողոք են ներկայացնում իրավապաշտպաններն ու փաստաբանները, ուղղակի տեսանելի դարձավ: Տեսանելի նյութը շատ ավելի ծանր է ընկալվում, քան բանավոր խոսքն ու ստատիկ լուսանկարները: Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք այս խնդրի մասին: Խոշտանգումները միշտ մնացել են անարձագանք: Այդ համակարգում, որտեղ տեղի են ունեցել հանցագործություններ, հենց այդ համակարգի ներսում աշխատելիս եղել են այն քրեական մշակույթի կրողները, որի մասին խոսում ենք: Իրար դեմ գործ չտալով՝ ուսադիր կրողները մեկը մյուսի դեմ գործ չեն տվել: Իրենք շատ վատ են պատկերացրել, թե ինչ է նշանակում ուսադիր կրել: Այդպիսով, գործերը չեն բացահայտվել»:
Նինա Կարապետյանցն ասաց, որ կան բազմաթիվ նման նյութեր, որոնք որպես կոմպրոմատ արվել ու պահվել են. «Այդ նյութերը որպես կոմպրոմատ արվել ու պահվել են նախորդ հանցավոր ռեժիմի կողմից կառավարելի դարձնելու այս համակարգը՝ և′ ոստիկանությանը, և′ քննչական մարմիներին, և′ դատախազությանը, և′ դատարաններին: Կան բազմաթիվ կոմպրոմատներ, որոնք պարբերաբար կհրապարակվեն»:
Նինա Կարապետյանցն ասաց, որ տեսանյութը հրապարակել է ոստիկանության նախկին պաշտոնյան, որը հայտնի է «Դոգ» մականվամբ, որը ծառայել է Վլադիմիր Գասպարյանի օրոք:
Կարդացեք նաև
Նինա Կարապետյանցն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ տեսանյութում խոշտանգման ենթարկվող անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում. «Մեզ հետ կապվել են հարազատները: Մենք նրանց նաև առաջարկել ենք փաստաբանական աջակցություն: Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնեն»:
Այնուհետև Նինա Կարապետյանցը հիշեց նաև ԱԱԾ-ում կատարվածը. «Տեսանք, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են կորել: Ոչ ոք չի կարողանում պարզել, թե ուր կորան ԱԱԾ թղթերը և ինչի համար են դրանք կորել»:
Ամփոփելով իրավապաշտպանն ասաց. «Ոստիկանությունը միշտ հերքում է կամ կոծկում նման դեպքերը, նրանք որևէ շահագրգռվածություն չունեն բացահայտելու այս դեպքերը, իսկ խոշտանգվածների մասին, երբ խոսում են իրավապաշտպանները, չունեն որևէ երաշխիք, որ իրենք կամ իրենց հարազատները մի օր չեն հայտնվի տուժողի կարգավիճակում»:
Մարդու Իրավունքների ավագ խորհրդատու, Եվրոպա և Կենտրոնական Ասիա, Խոշտանգումների դեմ Համաշխարհային կազմակերպության անդամ Մուշեղ Եկմալյանը հիշեցրեց՝ խոշտանգման հոդվածով Հայաստանում ոչ ոք չի դատապարտվել. «Քննությունները գնում են պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով, Եվրոպական դատարանն ունի 12 հաստատված խոշտանգման դատավճիռ Հայաստանի դեմ, կա նաև գործերի մեծ ցուցակ, որոնք ընթացքի մեջ են»: Նա հիշեցրեց մի դրվագ. «Հակագազեր նախատեսվում են ոստիկանության բաժանմունքներում՝ այն հատվածում, որտեղ զենքերի պահպանման հատվածն է և ամբողջ խնդիրը նույն ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեում էր: Հակագազը մեկ այլ վայրում էր հայտնաբերվել և ուներ արյան հետքեր: Լուսանկարը Եվրոպական դատարանի կայքում առկա է: Բայց որևէ իրավական գնահատական այդ առնչությամբ ընդհանրապես չեղավ, որը հենց ավելի շատ խուլ ծածկադմփոցի ենթարկվեց ու անցավ, գնաց: Նույն Արաբկիրի ոստիկանության բաժանմունքը 2005-ից սկսած հինգ տարի ԵԱՀԿ-ի կողմից ֆինանսավորվող համայնքային ոստիկանական բաժանմունք էր: Մեծ գումարներ էր ստացել: Իսկ ծրագրից ընդամենը երկու տարի անց այնտեղ խոշտանգման գործիք է հայտնաբերվում: Եթե ժամանակին սա բարձրաձայնվեր, միգուցե նման տեսանյութեր չէին էլ լինի»:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն ասաց՝ եթե հաշենք՝ խոշտանգումների համար քանի գործ է հարուցվել ներպետական ատյաններում և Եվրոպական դատարանի (ԵԴ) կողմից քանի խախտում է ճանաչվել, ԵԴ գործերն ավելի գերակշիռ կլինեն, քան ներպետականները. «Սա խոսում է պետության ձախողման մասին. այդ ուղղությամբ որևէ բան տեղի չի ունենում: Կան դեպքեր, որ կոնկրետ բաժնում խոշտանգում է տեղի ունեցել, Եվրոպական դատարանն էլ ճանաչում է, որ խոշտանգում է տեղի ունեցել, բայց որևէ մեկը պաշտոնապես չի ազատվում աշխատանքից, հրաժարական չի տալիս, ընդհակառակը, նրա պաշտոնն է շատ դեպքերում բարձրացվում: Հիշեք Գրիշա Վիրաբյանի դեպքը»:
Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ որևէ դրական տեղաշարժ նկատել հնարավոր չէ, քանի որ այդ նույն մարդիկ այսօր աշխատում են ոստիկանությունում. «Ի՞նչ է այդ մարդիկ դարձան հրեշտակնե՞ր: Քանի դեռ այդ մարդիկ աշխատում են համակարգում, խոշտանգումներ միշտ լինելու են»:
Ըստ նրա՝ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում. «Անպատժելիությունը հանգեցնելու է նրան, որ որևէ մեկը չի վախենում խոշտանգում կիրառելուց: Հանցագործությունը բացահայտելու համար պետք է մեկ բան՝ ցանկություն, մնացածը միայն նպաստող պայմաններ են: Ես դեռ այդ կամքը չեմ տեսնում, քանի որ որևէ դրսևորում չկա»:
Հարցին՝ տեսանյութի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ սպասել, Նինա Կարապետյանցը նկատեց՝ պարբերաբար քրեական գործեր հարուցվել են, բայց խնդիրն այն է, թե հետո ինչ ընթացք է ստանալու. «Չեմ վստահում, քանի որ համակարգը նույնն է մնացել՝ նույն դերակատարներով և ներքին նույն համոզմունքով: Նախ ՀՔԾ-ի ներկայացուցչի աթոռը դատարկ է. սա արդեն վերաբերմունք է: Խոշտանգման գործով բողոք ներկայացնելու ժամանակ քննիչներն ասում են՝ դե, ի՞նչ եք բանի հետևից ընկել. Աստված կպատժի կամ էլ ասում են՝ հո դուք գործ տվող չե՞ք, որտեղի՞ց ՔԿՀ-ի գործ տվող աշխատող գտնեմ, որ ձեր բերած ապացույցները հավաստի: Եթե քննիչն է նման արժեքների կրող, էլ մենք ումի՞ց ի՞նչ պահանջենք: Հեղափոխության տապալումը լինելու է հենց այս համակարգերի միջոցով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի