«Այն երկրի ղեկավարը, որն ընտրված չէ, ուզուրպացնում է իշխանության ղեկը, միանշանակ, բոլոր երկրների համար, ոչ միայն Հայաստանի համար, չարիք է»,- այսպես երկրորդելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Միլանում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ասել էր. «Վարչապետը՝ անկախ անձերից, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք այդպիսի իշխանություն ու այդպիսի իրավիճակ չի լինելու»։
1996-ին իշխանության է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանը ու ՀԱԿ-ից արձագանքելով Փաշինյանի այս հայտարարությանը, հիշեցրին, որ նա փաստորեն, 12 տարի առաջ բոլորից ակտիվ պայքարում էր, որ չարիքը գա իշխանությա՞ն:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Եթե նկատի ունեք Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա 91-ին եղել է ընտրված նախագահ եւ չի եղել չարիք: 96-ի ընտրությունները, որոնք կասկած առաջացրեցին մարդկանց մոտ, ես վստահ եմ, որ 98-ի հրաժարականի պատճառներից հիմնականը եղել է այն գիտակցությունը, որ առաջին նախագահն ունեցել է՝ կապված այն փաստի հետ, որ ընտրությունները լիարժեք չէին»:
Կարդացեք նաև
ՀԱԿ-ից ասում են, որ 2008-ին ժողովուրդը 96-ի թեման փակել է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դրանք անձնական գնահատականներ են՝ փակեց-չփակեց. «Բոլորս պայքարել ենք Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ: Բոլորս: Այնտեղ եղել է եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, տարբեր քաղաքական գործիչներ, ես եմ եղել, իմ քաղաքական գործունեության սկիզբն այնտեղ է եղել: Բայց գալիս է ժամանակը, երբ բոլորը պատասխան են տալիս իրենց սխալների համար. կգա ժամանակը եւ պատասխան կտան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ