Աշունն առատ էր երաժշտական փառատոներով. Երեւանում հյուրընկալվեցին բազմաթիվ հետաքրքիր, հայտնի ու մեծանուն արտիստներ՝ տոն պարգեւելով տարբեր ժանրերի երաժշտության սիրահարներին։ Այդ բազմաթիվ փառատոների մեջ առանձնահատուկ էր «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Թվում է, թե աշխարհում ամեն ինչ արդեն մտածված ու իրականացված է, եւ դժվար թե նոր բան հնարավոր լինի ստեղծել։ Սակայն «Ժամանակակից դասականներ» փառատոնը նոր խոսք է դասական երաժշտության ոլորտում. այն նոր է եւ՛ իր գաղափարով, եւ՛ ձեւաչափով, եւ՛ ընդգրկմամբ։ Այս հետաքրքիր նախաձեռնությունը կյանքի էին կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնի կազմակերպմանն աջակցել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։
Նոյեմբերի 1-9 Երեւանը համախմբեց մեր օրերի դասական երաժշտության լեգենդներին՝ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին, Քշիշտոֆ Պենդերեցկուն, Չիգան Չենին, Ալեքսանդր Չայկովսկուն, Գեորգս Պելեցիսին, Ալեքսեյ Շորին, Կառլ Ջենկինսին։ Սրանք այն հեղինակներն են, որոնց ստեղծագործությունները մեծ պահանջարկ ունեն աշխարհում եւ հնչում են լավագույն բեմերում, ամենաճանաչված նվագախմբերի ու մենակատարների կատարմամբ։ Այս հեղինակները երեւանյան համերգների շրջանակներում ներկայացվեցին խոշոր պլանով, յուրաքանչյուր հեղինակի նվիրվեց մի ամբողջ երեկո, իսկ համերգային ծրագիրն ընտրված էր շատ մանրակրկիտ՝ ամփոփ ներկայացնելով նրանց ամբողջ երաժշտական ներկապնակը։ Իսկ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները հայ հանդիսատեսին ներկայացրին ոչ պակաս հայտնի մենակատարներ՝ Յուրի Բաշմետ‚ Գիդոն Կրեմեր‚ Ինգոլֆ Վունդեր‚ Նինգ Ֆենգ եւ այլք։
Ինն օր շարունակ Երեւանը դարձել էր մի կենտրոն, որին ուշիուշով հետեւում էր դասական երաժշտության աշխարհը։ Արդեն իսկ հնչել են ամենաբարձր գնահատականները փառատոնի հասցեին։ Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկին խոստովանեց, որ մտածում է այս գաղափարը «գողանալու» եւ իր հայրենիքում նույնպես նման մի երաժշտական տոն իրականացնելու մասին։ Ալտահար Յուրի Բաշմետը նշեց, որ հաճելիորեն զարմացած է եւ իր երաժշտական գործունեության ընթացքում չի հանդիպել փառատոնային նման բովանդակության։
Իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոն, որը հայտնի է որպես նորարար կատարող, եւ ում չես զարմացնի նորարարություններով, հատուկ ընդգծեց, որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կարեւոր իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի համար։
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի մասնակիցներին հյուրընկալեցին ՀՀ նախագահը, վարչապետը։ Սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում դասական երաժշտությանը՝ այս ոլորտում ավանդույթների պահպանմանը, դասական երաժշտության զարգացմանն ու տարածմանը երկրում։
Ընդունված է ասել, թե նորագույն երաժշտությունը հեշտ չէ ընկալել, մեր ականջը սովոր է արդեն հայտնի ստեղծագործություններին։ Սակայն «Ժամանակակից դասականներ» փառատոնը կոտրեց այդ կարծրատիպը, եւ երեւանյան համերգները ցույց տվեցին, որ հանդիսատեսը հետաքրքրությամբ ու սիրով է ունկնդրում ժամանակակից երաժշտությունը, ստեղծագործություններ, որոնց մեծագույն մասը երեւանյան պրեմիերաներ էին։ Լեցուն դահլիճները խոսում էին այն մասին, որ ունկնդիրները նոր երաժշտություն լսելու ցանկություն ունեն։
Հուսանք՝ «Ժամանակակից դասականներ» փառատոնը կլինի շարունակական, եւ մենք հաջորդ տարիներին հնարավորություն կունենանք ծանոթանալու այլ կոմպոզիտորների ու նրանց արվեստի հետ։
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ