Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանն այսօր կդառնար 45 տարեկան։ Նրա տան բակում այսօր բացվեց նրա հիշատակը հավերժացնող հուշարձան, որի արարողությանը մասնակցում էին Արմեն Ֆարմանյանի հարազատները, ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, մարտի 1-ի զոհերի հարազատները, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը և այլք։
Հուշաքար տեղադրելու ցանկություն վաղուց են ունեցել, այսօրը դարձավ Արմեն Ֆարմանյանի հոր՝ Վաչագան Ֆարմանյանի ցանկության իրականացման օրը։ Վաչագան Ֆարմանյանի խոսքով՝ հուշաքար տեղադրելու գործում մեծ նպաստ է ունեցել նաև Կառավարությունը, խոսքը գործադիր կողմից Մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման վերաբերյալ է, ըստ որի՝ մարտի 1-ին զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ պետք է տրամադրի։
Հուշաքարը նվիրված է ոչ միայն Արմեն Ֆարմանյանին, այլև Մարտի 1-ի մյուս զոհերին։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հուսով է, որ 2020թ․ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ մեծ հուշարձան կբացվի ի հիշատակ Մարտի 1-ի զոհերին։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ։ Արամ Մանուկյանին ուրախացնում է պետության կողմից որդեգրած քաղաքականությունը, որ ամեն ինչ արվում է՝ Մարտի 1-ը բացահայտելու համար, սակայն նա արձանագրեց, որ «Մարտի 1-ի» գործի դատավարությունը դանդաղում է։
Կարդացեք նաև
«Մի տեսակ մաշվելու, հոգնացնելու ձևով է դա տեղի ունենում։ Քոչարյանի պաշտպանական կողմից ակնհայտ է, որ ձգձգելու տակտիկա են ընտրել, որքան հնարավոր է, բայց ես կարծում եմ, որ անթույլատրելի է այդ մոտեցումը, մեկ տարի է՝ գործը չի հասել մեղադրական ճառի ընթերցմանը»,- ասաց պարոն Մանուկյանը և հավելեց, որ նույնիսկ Նյուրնբերգյան դատավարությունը այսքան երկար չի տևել։
«Չի կարելի այդքան կամակոր փաստաբանների ոչ նորմալ պատճառաբանություններով ձգձգել այս կարևոր գործընթացը»,- եզրափակեց նա։
Հուշաքարի բացմանը մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: